Երեխաների զանգվածային սպանություն Եյսկում

Երեխաների զանգվածային սպանություն Եյսկում, նացիստական զավթիչների գործողությունը, որի ընթացքում 1942 թվականի հոկտեմբերի 9-10-ը ոչնչացվել են մանկատան 214 սաներ, որոնք Սիմֆերոպոլից էվակուացվել էին Եյսկ։ Գործողությունն իրականացրել է ՍՍ-ի 10 Ա զոնդերխումբը՝ Կուրտ Քրիսթմանի գլխավորությամբ[1]։

Երեխաների զանգվածային սպանություն Եյսկում

Պատմություն

խմբագրել

Ղրիմում մարտերի ժամանակ Սիմֆերոպոլից Կուբան՝ Եյսկ, տարհանվել են մանկատան մոտ 300 սաներ և աշխատակիցներ։

Մեկ տարի անց Եյսկը գրավվել է գերմանա-ֆաշիստական զավթիչների կողմից, իսկ հոկտեմբերի 9-ին մանկատուն են մոտեցել մի քանի բեռնատարներ։ Գործողությունը ղեկավարել են գեստապոյի ղեկավար օբեր-լեյտենանտ Բեդեդեդեքերը և Քանդլեր քաղաքի պարետավորը։ Բժշկական հսկողության համար պատասխանատու են եղել գեստապոյի բժիշկ Շտրաուխը և ՍՍ-ի 10Ա զոնդերխմբի բժիշկ Կ. Քրիսթմանը։ Կատարողը զոնդերխումբն էր, որն իր տրամադրության տակ ուներ հատուկ բեռնատարներ, որոնք սարքավորված էին որպես գազային խցիկներ և ներսից լցված էին երկաթով ու անագով[2]։ Այդ ստորաբաժանումը 1942-1943 թվականներին պատժիչ գործողություններ է իրականացրել Կրասնոդարի երկրամասի տարածքում։

Երեկոյան ժամը 6-ին մանկատանն են մոտեցել մեքենաներ, որոնց մեջ սկսել են տեղավորել երեխաներին։ Նրանց, ովքեր դիմադրում էին, ուժով էին մտցնում մեքենան[2]։

Երեխաներին բեռնատարով տեղափոխել են Շիրոչանի խուտորի շրջանում գտնվող թաղման վայր։ Ճանապարհին (հեռավորությունը մոտ 3.5 կմ էր) բոլոր երեխաները մահացել են թունավորումից։ Դա եզրակացրել է հանձնաժողովը, որը քաղաքի ազատագրումից հետո հետաքննել է սպանությունը և ցուցմունքներով պարզել, որ երեխաները մահացած են թաղվել, քանի որ մարմինների վրա չկան հրազենային վերքեր կամ վնասվածքներ, իսկ վկաները չեն լսել երեխաների ճիչերը կամ լացը թաղման ժամանակ։

Հոկտեմբերի 10-ին պատժիչները շարունակել են ակցիան՝ մեքենայի մեջ մտցնելով 13 հոգու այն 20 երեխաներից, որոնք մեկ օր առաջ կարողացել էին փախչել, ինչպես նաև` 22 պառկած երեխայի։

Նախնական քննության փաստաթղթերում նշված է եղել, որ սպանվել են հաշմանդամ երեխաները։ Այդ մասին վկայում են գերեզմաններում հայտնաբերված կմախքների վնասվածքները, հենակները և պրոթեզները[2]։ Այնուհետև կազմվել է զոհված երեխաների ամբողջական ցանկը՝ նշելով հաշմանդամության խումբը, որոնց թվում էին ռուսներ, ուկրաինացիներ, հայեր, վրացիներ, չեխեր, թաթարներ, հրեաներ և նույնիսկ ազգությամբ երկու գերմանացիներ։ Ոմանք հարազատներ ունեին, ոմանք որբ էին։

Հետաքննություն

խմբագրել

Եյսկի ազատագրումից հետո երեխաների զանգվածային սպանությունը հետաքննվել է։ Հավաքվել են փորձագետների վկայությունները, վկաների ցուցմունքները[2]։ 1943 թվականի ապրիլի 15-ին հանձնաժողովի կողմից երկու բժիշկների և սպայի մասնակցությամբ կատարվել է եղբայրական գերեզմանի փորձաքննություն։ Նույն թվականի օգոստոսի 3-ին և 4-ին բացվել է ևս երկու գերեզմանոց, որոնցում հայտնաբերվել են 6-14 տարեկան երեխաների մնացորդներ։

Կատարվել է նաև այդ հանցագործության մեղավորների հետախուզում։ Նրանց մի մասը, այդ թվում՝ Կուրտ Քրիսթմանը, պատիժ են կրել։ Սակայն Բեդեդեքերը, Քանդլերը, Շտրաուխը և մյուսները խուսափել են դատից։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ԱԴԾ արխիվային գործն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացրել քրեական գործ հարուցել 1942 թվականին մանկատների սպանության փաստով՝ հիմնվելով այն բանի վրա, որ քաղաքացիական բնակչության ոչնչացումը որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն և վաղեմության ժամկետ չունի[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «СК начал расследовать убийство 214 детей в Ейске нацистами» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Закопанные или задушенные: новые детали казни 214 детей в годы войны» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.