Երկրի մագնիսական դաշտ, գեոմագնիսական դաշտ, Երկրի շուրջը գոյություն ունեցող հաստատուն և փոփոխական մագնիսական դաշտ, որը ձգվում է տարածության մեջ՝ դիմագրավելով արեգակնային քամուն։ Երկրի մագնիսական դաշտը չի թողնում, որ Արեգակից եկող, օրգանական կյանքի համար կործանարար մասնիկների հոսքը հասնի Երկրի մակերևույթ։ Երկրի մագնիսականությունը պայմանավորված է այդ դաշտով։ Հաստատուն դաշտը (ծագման պատճառները դեռևս ստույգ բացահայտված չեն) Երկրի տարբեր կետերում տարբեր է և ենթարկվում է դանդաղ, դարավոր փոփոխությունների։ Այդ փոփոխությունների հետևանքով Երկրի մագնիսական բևեռները, որոնք չեն համընկնում աշխարհագրական բևեռների հետ, ժամանակի ընթացքում տեղաշարժվում են։ Հաստատուն մագնիսական դաշտը առաջին մոտավորությամբ կարելի է փոխարինել դիպոլի (մագնիսական մոմենտը՝ 8.3×1025 CGSM, Երկրի պտտման առանցքի հետ կազմած անկյունը՝ 11.5°) կամ համասեռ գնդի մագնիսական դաշտով։ Փոփոխական դաշտը կամ մագնիսական վարիացիան պայմանավորված է երկրի մակերևույթին և նրան հարող մթնոլորտի շերտերի էլեկտրական հոսանքներով և արեգակնային գործունեությամբ։

Երկրի մագնիսական դաշտի համակարգչային մոդելը։ Մագնիսական դաշտը պատկերող կապույտ ուժագծերն ուղղված են դեպի կենտրոն, դեղինը՝ հակառակ ուղղությամբ։ Երկրի միջուկի շուրջ գծերն ավելի խիտ են[1]։
Երկրի մագնիսական դաշտի սխեման

Մագնիսական փոթորիկներ

խմբագրել

Բացի սահուն պարբերական տատանումներից, Երկրի մագնիսական դաշտը երբեմն կարճ ժամանակում կտրուկ և զգալի չափով փոխվում է․ «մագնիսական փոթորիկ» կոչվող այս երևույթը կապված է Արեգակից իոնացված մասնիկների արտաժայթքման հետ։ Մագնիսական փոթորիկների մաքսիմումները կրկնվում են 11․5 տարին մեկ։ Այդ ժամանակամիջոցը համընկնում է արևաբծերի մաքսիմումների պարբերությանը։

Գեոմագնիսական դաշտի բաղադրիչները

խմբագրել

Երկրի մագնիսական դաշտը տարածության յուրաքանչյուր կետում բնութագրվում է լարվածության   վեկտորով, որի մեծությունն ու ուղղությունը որոշվում են X, Y, Z բաղադրիչներով (հյուսիսային, արևելյան և ուղղաձիգ) կամ երկրի մագնիսականության երեք տարրերով՝ լարվածության հորիզոնական   բաղադրիչով, մագնիսական D խոտորումով ( -ի կազմած անկյունը աշխարհագրական միջօրեականի հարթության հետ) և մագնիսական I հակումով ( -ի կազմած անկյունը հորիզոնի հարթության հետ)։ Մերձհասարակածային մարզերում Երկրի մագնիսական դաշտի լրիվ լարվածության միջին արժեքը կազմում է 0,42 Է, դեպի բևեռներ այն մեծանում և հասսնում է 0,70 Է-ի։ Η, Z և D վարիացիաները չափող սարքերը կոչվում են մագնիսական վարիոմետրեր։ Մագնիսական վարիացիաների մեծությունը և ձևը կախված են դիտարկման տեղի լայնությունից, տարվա եղանակից և Արեգակի ակտիվությունից։ Մագնիսական վարիացիաների ուսումնասիրությունը նպաստում է Երկրի մագնիսականության և Երկրի ու Արեգակի ֆիզիկական կապերի բնույթի բացահայտմանը։

Ազդեցությունը և կիրառոթյունները

խմբագրել
 
Երկրի մագնիսասֆերան կասեցնում է արեգակնային քամու ներթափանցումը

Երկրի մագնիսականության տարրերի տարածական բաշխումը քարտեզի վրա պատկերվում է իզոգծերի միջոցով։ Բաշխումը միջինից տարբեր է մագնիսական անոմալիաների շրջանում (տես անոմալիա), ուր մագնիսական դաշտի լարվածությունը զգալի մեծ է։

Տեղական կայուն անոմալիաները օգտագործվում են օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման համար (տես մագնիսահետաախուզություն)։ Պարզված է, որ մագնիսական դաշտի փոփոխությունները որոշակի ազդեցություն են թողնում օրգանական աշխարհի վրա (օրինակ, «մագնիսական փոթորիկների» ժամանակ գերակշռող են դառնում սիրտանոթայիև հիվանդությունները, վատանում է հիպերտոնիայով տառապողների վիճակը են)։ «Մագնիսական փոթորիկների» ժամանակ խանգարվում է ռադիոկապը և ընդվզում մագնիսական սլաքը, ուստի մագնիսական կանխատեսումներ են արվում ինքնաթիռներն ու նավերը ապակողմնորոշումից ապահովելու համար։

Երկրի մագնիսականության հետազոտումը հնարավորություն է տալիս կանխատեսել նաև ճառագայթման վիճակը մերձերկրյա տարածությունում տիեզերական թռիչքների ծրագրման ժամանակ։ Հնէամագնիսական հետազոտությունների հիման վրա կատարվում են շերտագրական համադրումներ, որոշվում երկրակեղհը կազմող բլոկների փոխադարձ տեղաշարժումների պարամետրերը։ Մագնիսաթելուրական զոնդումով պարզաբանվում է Երկրի ընդերքի վիճակը։

Երկրի մագնիսականության ուսումնասիրման հիմքում ընկած են մագնիսական չափումները, որոնք կատարվում են տարբեր եղանակներով ու սարքերով՝ կողմնացույցով, մագնիսական թեոդոլիտով ու կշեռքով, մագնիսաչափով, Երկրի արհեստական արբանյակով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Glatzmaier, Gary. «The Geodynamo». University of California Santa Cruz. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 118