Երուսաղեմի տաճար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երուսաղեմի տաճար (եբրայերեն՝ בֵּית הַמִּקְדָּשׁ, Բեյթ ա-Միքդաշ, այսինքն «Սրբազանության տուն»; եբրայերեն՝ מִּקְדָּשׁ, Միքդաշ), մ.թ.ա.10-րդ դար-մ.թ. 1-ին դարերում հրեա ժողովրդի կրոնական կյանքի կենտրոն։ Տաճարը գտնվում էր Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, որտեղ այժմ տեղակայված է 637 թվականին արաբների կողմից կառուցված Կուբբաթ ալ-Սախրա («Գմբեթ Ժայռի վրա») մուսուլմանական սրբավայրը։ Հնում միայն այդ վայրում էր կարելի Միասնական Աստծոն զոհաբերություն մատուցել, որը կատարում էին քահանաները (քոհեններ) և ղևտացիները։ Տաճարը նաև տարին երեք անգամ ուխտագնացության վայր էր հանդիսանում հրեաների համար Փեսախի (Զատիկ), Շավուոթի (Պենտեկոստե) և Սուքքոթի (Տաղավարաց տոն) ժամանակ։
Ըստ Աստվածաշնչի՝ հրեաների Եգիպտոսից դուրս գալուց հետո և մինչև Երուսաղեմի Տաճարի կառուցումը, ժամանակավորապես որպես տաճար է ծառայել ժողովի շարժական Խորանը։ Երուսաղեմի տաճարն իրենից ներկայացնում էր կառույց և դրանով տարբերվում էր զոհարանից և բացօթյա սրբատեղիներից (բեմ)։ Տաճարում գտնվում էին Աստծու ներկայությունը խորհրդանշող առարկաներ (Պատգամի Տապանակը քարասալիկով և քերովբեներ), ինչպես նաև պատարագ մատուցելու սպասք։ Պատարագ մատուցելու համար առավել կարևոր սպասքներ էին հանդիսանում.
- Ողջակիզման մեծ զոհասեղանը, որի վրա զոհաբերվում էին Աստծուն նվիրաբերված կենդանիներ, ինչպես նաև հացի նվիրաբերում և գինու հեղում էր կատարվում,
- Խնկարկման ոսկե զոհասեղան, որի վրա խունկ էին ծխեցնում,
- Ոսկե աշտանակը, որն իր լույսով լուսավորում էր Տաճարը,
- Առաջարկների հացերի ոսկե սեղանը, որի վրա տեղադրված էին սուրբ «առաջարկությունների հացերը»։
Հուդայականության համաձայն՝ տաճարը կվերականգնվի և ապագայում կդառնա հոգևոր կենտրոն հրեա ժողովրդի և ողջ մարդկության համար։
Աստվածաշնչում տաճարը սովորաբար անվանում են «YHWH Բետ» (Աստծու անունն արտասանելու արգելքի հետևանքով կարդացվում է Բետ Ադոնայ՝ Տիրոջ Տուն, կամ Բետ Էլոխիմ՝ Աստծո Տուն)։ Հաճախ Հնգամատյանի և մարգարեների պոետական տեքստերում տաճարն անվանվում է «Լևանոն» (եբրայերեն՝ לבנון ― «սպիտակ»)։ «Բետ ա-Միկդաշ» անունը(եբրայերեն՝ בֵּית הַמִּקְדָּשׁ ― Սրբությունների Տուն) տարածում է գտել Միշնայի (2-րդ դար) ժամանակներից։ Հրեական կրոնական գրականության մեջ լայն կիրառում ունի «Բետ ա-Բեհիրա» անունը (եբրայերեն՝ בֵּית הַבְּחִרָה ― Ընտրության Տուն)։ Պոետական գրականության մեջ տաճարն անվանվում է նաև «Արիել» անվամբ (եբրայերեն՝ אריאל ― տառացիորեն՝ «Աստվածային առյուծ»)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի տաճար» հոդվածին։ |