Երվանդ Դ Վերջին
Երվանդ Դ Վերջին (Երվանդ Արշակունի[1], Օրոնտես[1][2], մ.թ.ա. 3-րդ դար - մ. թ. ա. 200, Արմավիր, Այրարատ, Մեծ Հայք[1]), Մեծ Հայքի արքա (220-201), Երվանդունիների արքայական հարստության վերջին թագավորը Մեծ Հայքում։ Մորական կողմից Արշակունի[1]։
Երվանդ Դ Վերջին | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 3-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 200 |
Վախճանի վայր | Արմավիր, Այրարատ, Մեծ Հայք |
Արմավիր | |
Տոհմ | Երվանդունիներ |
գերիշխան | |
Հայր | Արշամ |
Երեխաներ | Պտղոմեոս (Կոմմագենեի թագավոր) |
Կենսագրական տվյալներ
խմբագրելԵրվանդ Դ Վերջինը Ստրաբոնի հիշատակած վերջին Օրոնտես թագավորն է[1]։ Ըստ նրա Երվանդը հայտնի յոթ պարսիկներից մեկի՝ Հյուդարնեսի շառավիղն էր[3][4]։
Գահակալում
խմբագրելԸստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբից հայկական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է Մեծ Հայքի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Ըստ Մովսես Խորենացու գրի առած ավանդության Մեծ Հայքին տիրացած Վաղարշակ Արշակունու որդի՝ հայոց թագավոր Արշակի մահից հետո, հայ ավագանու նախաձեռնությամբ Մեծ Հայքի գահին նստած Երվանդ Դ-ն, Արշակի որդիներից կասկած ունենալով՝ բոլորին կոտորում է։ Այդ կոտորածից փրկվում է միայն մանկահասակ Արտաշեսը, որին իր դայակ Սմբատ Բագրատունին փախցնում է Պարթևստան։ Երվանդը օրինական թագավորական հարստության՝ Երվանդունիների տան ներկայացուցիչն էր[1]։ Երվանդ Դ-ն վախենալով չափահաս դարձած Արտաշեսի վրեժխնդրությունից, ամեն կերպ ջանացել է նրան իր ձեռքը գցել և սպանել։ Այդ նպատակով Երվանդ Դ-ն վարկաբեկել է երիտասարդ Արտաշեսին Պարթևական տիրակալի առջև, ասելով որ Արտաշեսը ոչ թե նրանց նախնի Արշակ Քաջի ցեղից է, այլ ծագումով մար է և ոչ մի կապ չունի պարթևների հետ։ Երվանդ Դ-ի ջանքերով՝ Պարթևական վերնախավի կողմից արհամարհական ու թշնամական վերաբերմունքի արժանանալով՝ Արտաշեսը ստիպված է լինում հեռանալ Պարթևստանից ու ծառայության անցնել Սելևկյան Անտիոքոս III Մեծ-ի բանակում։ Անտիոքոս III-ը նպատակ ունենալով վերջնական վերացնել Մեծ Հայքի Երվանդունիների թագավորությունը, օգտագործում է Արտաշեսի և Երվանդ Դ-ի անձնական թշնամանքն ու պատերազմ հրահրում նրանց միջև։
Տապալում և մահ
խմբագրելՄ.թ.ա. 201 թվականին, օգտվելով Երվանդ Վերջինի դեմ ծավալված դժգոհություններից, նրա տոհմից մորական կողմից սերված Արտաշեսը տապալում է նրան և հետագայում հիմք դնում Արտաշեսյան արքայատանը[1]։ Երվանդավանի մոտ Երվանդ Դ-ի և Արտաշեսի զորաբանակների միջև տեղի ունեցած ճակատամարտում Երվանդ Դ-ի բանակը պարտվում է, իսկ Երվանդ Դ-ն զոհվում։ Բագարանը գրավելիս սպանվում է նաև Երվանդ Դ-ի եղբայր՝ քրմապետ Երվազը։ Իր գործողություններն արդարացնելու համար, Արտաշեսը շարունակում է իր տունը անվանել «Երվանդական»[1]։
Շինարարական աշխատանքներ Մեծ Հայքում
խմբագրելՆրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարատ նահանգում։ Արմավիրի մոտից Երասխի հունի հեռացման պատճառով, Երասխ և Ախուրյան գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Նոր մայրաքաղաքի միջնաբերդը նա բարձր պարիսպներով է շրջապատում։ Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եղբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Պ. Հովհաննիսյան, Ա. Աբրահամյան, Երևան, 1981, Հատոր Ա, էջ 190
- ↑ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 433, 437.
- ↑ «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Պ. Հովհաննիսյան, Ա. Աբրահամյան, Երևան, 1981, Հատոր Ա, էջ 221, 222
- ↑ «Աշխարհագրություն», Ստրաբոն, XI, 14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 639)։ |