Եփրեմ Ա Ձորագեղցի

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Եփրեմ Ա Ձորագեղցի (1748, Ձորագյուղ-1835, Էջմիածին), Ամենայն Հայոց կաթողիկոս 1809-1830 թվականներին։ Հաջորդել է Դանիել Ա Սուրմառեցուն՝ ռուսաց կայսրի և պարսից գահաժառանգ Աբաս Միրզայի համաձայնությամբ։ 1801-1809 թվականներին եղել է ռուսահայ թեմի առաջնորդ[2]։

Եփրեմ Ա Ձորագեղցի
Դիմանկար
Ծնվել է1748[1]
ԾննդավայրՁորագյուղ[1]
Մահացել է1835[1]
Մահվան վայրՎաղարշապատ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1748 թվականին Երևանին մերձ Ձորագեղ գյուղում։ Մահացել է 1835 թվականի հուլիսի 16-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի հայրապետական գերեզմանատանը։ Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում, աչքի ընկել արտակարգ ընդունակություններով ու առաջադիմությամբ, խորացել աստվածաբանական գիտության մեջ։ Մայր Աթոռում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։ Երկար տարիներ Հնդկաստանում եղել է նվիրակ։ 1799 թվականինին Ղուկաս Ա Կարնեցու կարգադրությամբ նվիրակի պաշտոնով տեղափոխվել է Ռուսաստան։ Եփրեմ Ա Ձորագեղցու կաթողիկոսական օծումը կատարվել է 1810 թվականի նոյեմբերի 6-ին։ Նա ջերմ ընդունելության է արժանանում Ալեքսանդր I-ի կողմից և որպես նվեր ստանում վեղարի ադամանդակուռ խաչ[3]։

Գործունեություն

խմբագրել

Եփրեմ Ա Ձորագեղցին զգալի դեր է խաղացել 1813-ի Գյուլիստանի հաշտության պայմանագիրը կնքելիս՝ որպես միջնորդ հանդես գալով Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ Նրա օրոք ուժեղացել են խանական կառավարության բռնությունները Էջմիածնի նկատմամաբ, վանքը պարտքերի տակ է ընկել։ Պարտքերը վճարելու և խանական սպառնալիքներից ազատվելու համար Եփրեմ Ա Ձորագեղցին 1821-ին մեկնել է Շուշի՝ ռուսահայոց կողմերում միջոցներ հանգանակելու։ Նրան ուղեկցորդների մեջ էր նաև  գրող, հրապարակախոս Մ․ Թաղիադյանը։ Քանի որ կաթողիկոսը ծածուկ էր անցել ռուսահայոց սահմանը, և պարսիկներն էլ պահանջում էին հետ վերադառնալ, Եփրեմ Ա Ձորագեղցին լարվածություն չստեղծելու նպատակով առանձնացել է Հաղպատի վանքում։ 1828-ին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, վերդարձել է Էջմիածին։ 1830-ին հրաժարվել է կաթողիկոսությունից։ Եփրեմ Ա Ձորագողցին վերաբացել է (1813) Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի հիմնած Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կառուցել Օշականի ճակատամարտի (1834) հերոսների հուշարձանը Էջմիածնում։ Ունեցել է շեշտված ռուսական կողմնորոշում և ցանկացել Ռուսաստանի օգնությամբ ազատագրել Հայաստանը, վերականգնել Հայոց պետականությունը։ Այդ նպատակով սերտ կապեր է պահպանել ռուսահայ  և հնդկահայ գործիչների հետ[2]։

Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի այցը Բռնակոթ

խմբագրել
 
Եփրեմ Ա, գործ՝ Հակոբ Հովնաթանյանի

Բազմադարյան պատմություն ունեցող Սյունիքի Բռնակոթ գյուղի  տարեգրությունում հիշարժան է 1821 թվականը, քանզի նույն տարվա նոյեմբերին Նախիջևանի խանությունով Արցախ` Շուշի ուղևորվելու ճանապարհին գյուղ է այցելել Եփրեմ Ա Ձորագեղցի Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Այսպես` ռուս-պարսկական առաջին (1804-1813 թթ.) պատերազմից հետո, երբ Հայաստանի հյուսիսային գավառները, ինչպես նաև Սյունիքն ու Արցախը Գյուլիստանի հաշտության պայմանագրով պարսկական տիրապետությունից անցան ռուսական տիրապետության տակ, Հայաստանը փաստորեն հայտնվեց երեք տերությունների` Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի կազմում։ Ռուս-պարսկական հարաբերությունների սրմանը զուգընթաց, պարսկական կառավարող շրջաններն իրենց ենթակա Երևանի, Նախիջևանի խանություններում և Օրդուբադի գավառում է՛լ ավելի սաստկացրին հայահալած քաղաքականությունը։ Նախանձելի չէր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վիճակը։ Երևանի վերջին սարդար Հուսեյն խան Ղաջարը (1807-1827 թթ.), վանքի վրա ծանր պարտքեր դնելով, սկսեց քայքայել վանական տնտեսությունը։ Հավատացյալ հայերը որքան էլ նվիրատվություններ էին անում վանքին, այդուհանդերձ, պարտքերի բեռը թեթևանալու փոխարեն ավելի ու ավելի էր ծանրանում։ Միաժամանակ, Երևանի սարդարի կողմից հոգևորականների նկատմամբ սկսեցին իրականացվել բռնություններ և կամայականություններ։ Վիճակը բարդանում էր նաև նրանով, որ վանքում այդ տարիներին ռուսական և պարսկական կողմնորոշում ունեցող բարձրաստիճան հոգևորականների միջև սկսեց ծավալվել քաղաքական ակտիվ պայքար, որի հետևանքով եկեղեցու ներսում արհեստականորեն ստեղծվեցին պարսկամետների և ռուսամետների հակադիր խմբավորումներ։ Առաջինին հարող հոգևորականներին գլխավորում էր վանքի լուսարարապետ Հովհաննես Կարբեցին, իսկ երկրորդին` Ամենայն Հայոց կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին։ Էջմիածնի կաթողիկոսության միասնականությանը սպառնացող այս շրջանում Եփրեմ կաթողիկոսն իր կորովի գործունեությամբ փորձեց պահպանել ոչ միայն մեր ժողովրդի հոգևոր և աշխարհիկ միասնականությունը, այլև Ամենայն Հայոց կաթողիկոսության իրավասությունը քաղաքական տարբեր պայմաններում հայտնված եկեղեցական թեմերի նկատմամբ։ Սակայն խանական բռնությունների սաստկացման պայմաններում Եփրեմ Ձորագեղցին խուսափելով օրավուր ահագնացող հալածանքներից, ինչպես նաև վանքի պարտքերը հանգանակության միջոցով մարելու և նպատակով որոշեց առժամանակ մեկնել Արցախ` Շուշի[4]։

1821 թ. նոյեմբերի 2-ին ավելի քան երկու տասնյակ հոգևորականներից բաղկացած կաթողիկոսական շքախումբը դուրս եկավ Էջմիածնից։  Էջմիածնից Եփրեմ կաթողիկոսի հեռանալուց հետո, վանքը սկսեց կառավարել պարսկամետ Եփրեմ արքեպիսկոպոս Մարզվանցին։ Եփրեմ կաթողիկոսի` Արցախ ուղևորության մասին իր ուղեգրական նոթերում ուշագրավ հիշատակումներ է թողել գրող-հրապարակախոս, բանահավաք և մանկավարժ Մեսրոպ Թաղիադյանը, ով ազգագրական նյութեր հավաքելու նպատակով Սյունիքում 1821 թ. օգոստոս-սեպտեմբերին շրջագայելուց հետո, անցնում է Նախիջևան, ուր և դիմավորում է կաթողիկոսին, ապա, Շուշի մեկնելու մտադրությամբ միանում շքախմբին։ Կաթողիկոսն իր շքախմբով ուղևորության ընթացքում, Էջմիածնից սկսած, հանդիպումներ էր ունենում ճանապարհի վրա գտնվող գյուղերի հայության հետ և նրանց տալիս հայրապետական իր օրհնությունը։ Նոյեմբերկի 8-ին շքախումբն արդեն Նախիջևանում էր, ուր հայ բնակչությունն ու Նախիջևանի խանը արժանացրին պատվավոր ընդունելության։ Թեև կաթողիկոսն Արցախ ուղևորվելու համար Երևանի սարդարի կողմից ստացել էր թույլտվություն, այդուհանդերձ, Ճահուկ գավառում Էջմիածնից լուր է ստանում այն մասին, որ վերջինս արգելել է նրան անցնելու ռուսական սահմանը և պահանջել է վերադառնալ Էջմիածին։ Լսելով այդ լուրը` ծերունազարդ կաթողիկոսը վճռում է` որքան կարելի է շուտ անցնել Ճահուկից Սիսիանի գավառ տանող լեռնանցքը, որով շքախումբը կազատվեր սարդարի կողմից ուղարկված հեծելազորի հետապնդումներից։ Սակայն լեռնանցքն անցնելիս, անսպասելի տեղացած առատ ձյան պատճառով, շքախումբը չի կարողանում շարունակել դժվարանցանելի դարձած ճանապարհը, և քանի որ մոտակա Բռնակոթ գյուղը դեռ հեռվում էր, ուստի որոշում են գիշերել առաջին հանդիպած քարայրում։ Միաժամանակ, օգնության ակնկալիքով շքախմբի անդամներից մեկը կաթողիկոսի հրահանգով ուղարկվում է Բռնակոթ` կարպետներ բերելու և դրանք շքախմբի ընթացքին ձևան վրա փռելու, ինչը կհեշտացներ ձյունառատ ճանապարհը։ Դեռ չէր  լուսացել, երբ Բռնակոթի տղամարդիկ, լսելով կաթողիկոսի գալուստը, Սյունյաց հազարապետ Մելիք-Թանգի Բ-ի ղեկավարությամբ հավաքեցին գյուղում եղած կարպետները և շտապեցին օգնության։ Տեղ հասնելով` նրանք կարպետները երկու շարքով փռեցին սառած ձյան վրա` մեկը հեծյալների, մյուսը` բեռնակիր անասունների համար, և սաստիկ ցրտի պայմաններում մեծ ոգևորությամբ կարպետներն արագորեն հետևից առաջ տեղափոխելով, անցանելի դարձրին ճանապարհը։ Բռնակոթցիները շքախմբին ուղեկցեցին մինչև գյուղի սահմանները։ Հասնելով Սիսիան` կաթողիկոսն այդտեղից անցավ Տաթև, որտեղից շարունակեց ճանապարհը Շուշի։ Բռնակոթի պատմության մաս կազմող այս դրվագը խոսում է սյունեցիների` հնուց ի վեր աստվածահաճո գործունեության, հոգևոր այրերի հանդեպ ունեցած ջեռմեռանդ սիրո ու անհուն նվիրումի մասին[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Այվազյան, Հովհաննես (2002). Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան. էջեր 342–343.
  3. «Qahana.am | ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ». www.qahana.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
  4. 4,0 4,1 ՍՀՀԿ. «Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի այցը Բռնակոթ – ՍՀՀԿ». Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 645  
Նախորդող՝
Դանիել Ա Սուրմառեցի
Կաթողիկոս
1809–1830
Հաջորդող՝
Հովհաննես Ը Կարբեցի