Զալ

Իրանի արքա, Շահնամե էպոսի կերպար

Զալ (պարս.՝ زال, ) կամ Զալ Դաստան (պարս.՝ دستان), իրանական Սիստանի լեգենդար թագավոր[2], պարսկական դիցաբանության Շահնամե էպոսի անվանի հերոս և մեծագույն ռազմիկներից մեկը[3][2]: Նա նույնքան անվանի իրանցի հերոս Ռոստամի հայրն է[2], Սամի որդին և Նարիմանի (Գերշասպի որդեգրած որդի) թոռը: Զալը Հին Պարսկաստանում հերոս է և Իրանի պաշտպան, հատկապես Թուրանի դեմ պայքարում։

Զալ
Զալը հանդիպում է Ռուդաբեին: «Խուրձ ծամերը կտուրից վար կապեց գետին հանց պարան»
Տեսակառասպելական կերպար
Սեռարական
ՀայրSām
ԱմուսինՌուդաբե[1]
ԶավակներՌոսատամ և Շաղադ
 Zal Վիքիպահեստում

Զալը ծնվում է ձյունաճերմակ մազերով: Վախեցած հայրը նրան լքում է Էլբորզ լեռան վրա, որտեղ փոքրիկին փրկել է կախարդական Սիմուրղ թռչունը: Սիմուրղը Զալին մեծացրել է Դեմավենդի վրա գտնվող իր բնում։ Զալի հայրը՝ Սամը երազում տեսնում է, որ իր որդին ողջ է ու սկսում է տառապել մեղքի զգացումից: Նա փնտրում է որդուն լեռներում և վերջապես Սիմուրղի թույլտվությամբ նրան իր հետ տանում պալատ։

Զալը, որը նաև կոչվում էր Զալ Զաար («ծեր», իրականում «ծերունի») իր սպիտակ մազերի պատճառով, մի շարք արկածներից հետո ամուսնանում է Քաբուլի շահի դուստր Ռուդաբեի հետ, որը նրան պարգևում է որդի Ռոստամին, որը մեծ հերոս է դառնում:

Նախապատմություն

խմբագրել

Զալը սերում էր մի ընտանիքից, որի անդամները լեգենդար ռազմիկներ են եղել, որոնք սերունդներ շարունակ ծառայել են պարսկական բանակում՝ որպես մեծ զորավարներ: Նրա հայրը՝ Սամը և հետագայում որդին՝ Ռոստամը նույնպես Պարսկաստանի մեծ հերոսներ էին։

Զալը ծնվում է սպիտակ մազերով[2]: Այդ պատճառով ծնողները նրան Զալ են անվանել («ծեր», «ծերունի»)։ Պարսկերենում զալը վերաբերում է ալբինիզմ ունեցողներին[4]: Զալը Սամի որդին էր և Նարիմանի թոռը՝ երկուսն էլ Հին Պարսկաստանի հերոսներ և «Իրանի երկրի» (Իրան-զամին) պաշտպաններ։ Իր արտաքին տեսքի պատճառով հայրը ամաչում է հասարակությանը ցույց տալ իր որդուն: Սամը մեղադրում է չար ոգուն՝ Ահրիմանին, որդու արատի համար[4][2]:

 

Ով արարիչ, ...եթե քո դեմ սատանայի մեղք եմ գործել կամ այլ բան, ներիր,
քանզի իմ սրտի մեջ բազմաբազում ցավեր կան:
Այս ամոթը սիրտս է նեղում, հառաչում եմ դառնագին,
հիմա եռում է արյունս ու ավերում իմ հոգին:
Գուցե մաքուր չի ծնվել նա, հարազատ չէ, ով իմ տեր,
քանզի սև-սև աչքեր ունի, գլխին` ճերմակ գանգուրներ...
Թե բարեկամ, թե թշնամի մարդիկ երբ գան ինձ մոտ հյուր
այս չարաղետ բոթը անշուշտ կտարածեն ամենուր:
Չէ՞ որ մարդիկ կհարցնեն ինչ է անունն քո որդու:
Ես անտառի փերի ասեմ, թե առյուծի ժիր կորյուն:
Թե առերես և թե ծածուկ ծաղրուծանակ կանեն ինձ
ամաչելուց պիտի թողնեմ ու հեռանամ Իրանից:

 

Սամը հրամայում է նորածին Զալին տանել ու թողնել անմարդաբնակ Էլբուրս լեռան վրա: Այդ լեռան վրա է Իրանի ամենաբարձր աշխարհագրական գագաթը` Դեմավենդը[2][4]:

 
Սպիտակահեր Զալը և Սիմուրղ թռչյունը

Գագաթի վրա ապրող առասպելական սիմուրղ հավքը (շատ մեծ և իմաստուն թռչուն, որի թռիչքից խավարում է երկինքը, ասվում է, որ կապված է փյունիկի հետ) գտնում է երեխային և տանում իր բույնը[2]: Տարիներն անցնում են տղան մեծանում է: Այդ կողմերով անցնող քարավանները թռչնի բնում նկատում են մի առնական տղայի, որի կուրծքն արծաթե սար էր, գոտկատեղը՝ եղեգ։ Այս ուշագրավ լուրը վերջապես հասնում է Սամին, որին իր իմաստունները հորդորում են շտապել այնտեղ։ Լեռան լանջին հասնելով նա փորձում է բարձրանալ, բայց ոչ մի կերպ չի կարողանում գագաթ բարձրանալու որևէ հնար գտնել: Ապա նա աղոթում է առ Աստված՝ խնդրելով ներողամտություն և օգնություն։ Սիմուրղը տեսնում է Սամին, նա հասկանում է, որ Սամը եկել էր իր մեղքն ուղղելու։ Նվիրված թռչունը Զալին իր փետուրներից է տալիս՝ ասելով.

 

Առ փետուրս, ուր էլ գնաս քեզ մոտ պահիր շարունակ:
Եթե մեկը քեզ չարություն ու նեղություն պատճառի,
իմ փետուրը մոտեցրու թեժ կրակին ու վառիր:
Իսկույն քեզ մոտ ես կթռչեմ Էլբորզ սարից ձյունաթագ:
Չէ՞ որ ես եմ մեծացրել, պահպանել քեզ թևիս տակ:

 

«և թող քո սիրտը երբեք չմոռանա քո դայակին, որի սիրտը կոտրվում է քո հանդեպ սիրուց»[5][6][7][8]:

Զալ ու Ռուդաբե

խմբագրել
 
Զալը հանդիպում է Ռուդաբեին: «Խուրձ ծամերը կտուրից վար կապեց գետին հանց պարան»

Որդու հետ վերամիավորվելուց հետո նրանք վերադառնում են Զաբուլիստան: Սամն ամեն ջանք գործադրում է, որ իր որդին զորք ու երկիր ղեկավարել սովորի: Սամն իշխաններին հրամայում է դաստիարակել իր որդուն, իսկ Զալին խորհուրդ է տալիս իշխանական հաճույքներից իրեն չզրկել: Մանուչեհրը նույնպես պատշաճ կերպով հարգում ու պատվում է երիտասարդին։ Սամն իր իշխանությունը հանձնում է Զալին ու մեկնում կռվի դաշտ: Շահնշահի հրամանով նա պիտի մեկնի Մազանդարան, Քեյկեսարայի բերդը պիտի գրավի: Երիտասարդ Դեստան Զալը տխրում է, որ նորից առանց հոր է մնալու:

 

Ծնված օրից ես զրկվեցի ես հայրական ջերմ խնամքից,
երբ որ սիրով գիրկդ եկա, նորից պիտի թողնես ինձ:
Վարդից փուշ է սոսկ մնացել:

 

Զալն ուղևորվում է իր արևելյան գավառները տեսնելու. Զաբուլից մինչև Քաբուլ է հասնում: Ամեն տեղ կանգ էր առնում, գինի ու տավիղ վայելում: Քաբուլում վասալ թագավոր Մեհրաբը, որը արաբացեղ էր և սերում էր չար Զոհակից, բայց քաջ Սամին հարկատու էր և չէր մարտնչում Սամի դեմ, ընծաներով գալիս է Զալին տեսնելու, հարգանքի տուրք է մատուցում ձիեր և ստրուկներ նվիրելով:

Մեհրաբը ողջ գիշեր պատմում է իր գեղեցկուհի դստեր` Ռուդաբեի մասին. գեղեցկությամբ լոկ արևն է մրցում նրա հետ: Զալը սիրահարվում է[2]:

Զալը Մեհրաբին հարցնում է, թե ինչ կուզի որպես ընծա: Իսկ Մեհրաբ արքան միայն մեկ ցանկություն ուներ` Դեստան Զալին Քաբուլի իր դղյակում շքեղ խրախճանքով պատվել, միասին գինի խմել, բայց Զալը հրաժարվում է, քանզի չի ցանկանում Սամին զայրացնել, իսկ Մանուչեհրի աչքում թեթևամիտ երևալ: Զալն ասում է, որ չի կարող իր կրոնի դեմ գնալ: Մեհրաբ շահը արաբացեղ էր, նրա մասին ոչ ոք լավ խոսք չէր ասում, բայց նա չգիտեր, որ «Զալի սիրտը հաղթել էր միտքը»: Նա սիրահարվել էր Ռուդաբեին, որին դեռ չէր էլ տեսել:

Մեհրաբը վերադառնում է Քաբուլի պալատ ու Ռուդաբեին էլ Զալի գովքն է անում, որի միակ թերությունը ճերմակ մազերն են: Աղջիկն էլ է կորցնում քուն ու դադար:

 

Զալի սիրուց կրակ դառած հրդեհվում էր նա թաքուն:
Սերը մաշեց սիրտը նրա, կարծես եղավ խելքահան,
ու մոռացավ կարգ ու կանոն, ինչ պատշաճ է աղջկան:
Կինը պետք չէ քաջի մասին իմանա,
քանզի սիրո կրակից նա դառնում է մի սատանա»:

 

Մի անգամ էլ Զալը մոտենում է Ռուդաբեի ժայռեղեն ամրոցին, որտեղ Ռուդաբեն «Խուրձ ծամերը կտուրից վար կապեց գետին հանց պարան», որ Զալը բարձրանա իր մոտ` ամրոց։ Բայց Զալը չէր կարող Ռուդաբեի ծամերից քաշելով, նրան ցավեցնելով հասնել նրան: Դրա փոխարեն, օղակ է պատրաստում իր պարանով ու նետում կտուր ու բարձրանում: Կրքոտ սիրահարները միմյանց հետ սիրառատ գիշեր են անցկացնում են, և Ռուդաբեն հղիանում է։

Հայրն իմանում է այդ մասին ու խիստ զայրանում: Կինը` Սինդուխտը վախենում է, որ նա կսպանի աղջկան: Մեհրաբը պատերազմի ու ոչնչացման սպառնալիք է տեսնում նրանց միասնության մեջ:

 
Զալի ամուսնության արարողությունը

Զալը սպասում էր, որ իր հայրը և Մանուչեհրը հավանություն չեն տա իր ամուսնությանը Զոհակի հետնորդի հետ, և թեև Մեհրաբն ընդհանուր առմամբ հավանում էր երիտասարդ իշխանին, բայց Զալի որոշ արարքներ նրան զայրացնում են։ Զալը նամակ է գրում հորը և խնդրում, որ նա համաձայնի իր ամուսնությանը, հիշեցնելով նրան, որ երդվել էր կատարել իր բոլոր ցանկությունները:

Սամն ու Մոպետները (խորագետները) հավանություն չեն տալիս ամուսնությանը, քանի որ Ռուդաբեի հայրը, որը թեև Քաբուլի արքան էր ու իրեն հարկատու, բայց բաբելոնացի է, Զոհակի ընտանիքից էր սերում։

 

Եթե թռչնի ձագը առնի վիշապազուն աղջկա,
ծնված զարմը ինչ կլինի, աղջիկ լինի թե տղա:

 

Նրան մտահոգում է, որ երկիրը կկործանվի այդ միությունից: Ի վերջո, տիրակալ Սամը հարցն ուղղում է աստղագուշակներին՝ իմանալու, թե Զալի և Ռուդաբեի ամուսնությունը բարեկեցիկ կլինի, թե ոչ։ Նրան տեղեկացնում են, որ Զալի ու Ռուդաբեի որդին լինելու է աշխարհակալ։ «Այդ միացումից անսովոր, կծնվի մի որդի ու արիաց երկրից սև ուժերին կջնջի նա մինչև վերջ ու Թուրանում զորք չի թողնի, որ թալանի մեզ»: Նրան կճանաչեն Հինդուստանն ու Բյուզանդիոնը:

Զալը գնում է Մանուչեհրի արքունիք, կայսրը նրան հանձնարարում է ցուցադրել իր հմտությունները: Կայսեր ամենաիմաստունները Զալին տալիս են խիստ դժվար հարցեր և հանելուկներ, որոնց Զալը ճշտորեն պատասխանում է։

Այնուհետև կայսրը մրցաշար է անցկացնում Զալի համար, որպեսզի նա իրեն դրսևորի իր թագավորական ռազմիկների հետ կռվում: Զալն անզուգական է դրսևորում իրեն հրաձգության (նետաձգության) և ձիով կռվի մեջ։ Մեծ ռազմիկը այնպիսի ուժով է նետում իր նիզակը, որ կարողանում է միանգամից երեք վահան խոցել։ Ի վերջո, Զալին հաջողվում է հաղթել Մանուչեհրի մարտիկներին և միանգամայն հեշտությամբ ձիուց տապալում է թշնամու մարտիկին։ Տպավորված՝ Մանուչեհրը հավանություն է տալիս Զալի և Ռուդաբեի ամուսնությանը։

Որոշ ժամանակ անց Զալը և Ռուդաբեն ամուսնանում են Քաբուլում, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել են միմյանց։ Նրանց ամուսնությունից ծնվում է պարսից մեծ հերոս Ռոստամը։

Զալը օգտագործում է սիմուրղից ստացած փետուրներից մեկը, երբ իր կինը՝ Ռուդաբեն ծանր ծննդաբերության մեջ էր, և թվում էր, թե նա կմահանա, ինչպես և չծնված երեխան: Սիմուրղը հայտնվում և հրամայում է, որ նա դանակի պես փետուրն անցկացնի կնոջ փորով։ Այդպես ծնվում է Ռոստամը[9]:

Հետագա կյանք

խմբագրել

Զալը դաստիարակում ու մարզում է Ռոստամին։ Ռուդաբեն ունենում է ևս մեկ որդի՝ Զավարա անունով[2]: Զալը Ռոստամին ուղարկում է բազմաթիվ արշավների։ Հետագայում Զալը կառավարում է Զաբուլիստանը և ծառայում որպես թագավորի զորավար և խորհրդական։ Նա հայտնի է դառնում թուրանցիների և բազմաթիվ բարբարոսների դեմ իր ռազմական հաղթանակներով։

Զալն ապրում է ավելի քան երեք դար՝ գերազանցելով իր կնոջը՝ Ռուդաբեին։ Նա մի ծառայից ունենում է մի որդի՝ Շաղադին։ Չնայած նրան, որ խորհրդականները զգուշացրել էին, որ երեխան չար է, Զալը հրաժարվում է լքել նրան, որպեսզի չգործի նույն սխալը, որ արել էր իր հայր Սամը:

Երբ Գերշասպի որդի Էսֆանդիյարը[10] մարտահրավեր է նետում Ռոստամին, Զալը զգուշացնում է որդուն, որ չկռվի, քանի որ նա գիտեր, որ Էսֆանդիյարին սպանողը դատապարտված է լինելու։ Երբ Ռոստամը ծանր վիրավորված վերադառնում է, Զալը բժշկում է նրան և կանչում Սիմուրղին՝ Էսֆանդիյարին հաղթելու միջոց գտնելու համար։

Զալն իր հետագա կյանքում տեսնում է, թե ինչպես են իր որդիները սպանում միմյանց և իր ընտանիքի անկում է ապրում։ Էսֆանդիյարի որդին՝ Բահմանը, վրեժխնդիր է լինում հոր մահվան համար՝ ներխուժելով Զաբուլիստան[2]: Զալը շատ ծեր էր կռվելու համար, և Բահմանը ծերացած թագավորին բանտ է նետում և վերցնում նրա գանձերը[2]: Այնուհետև Բահմանը ազատ է արձակում նրան, երբ իր հորեղբայրը՝ Փուշտունը (پشوتن), պաշտպանում է Զալին[2]: Հետագայում Բահմանը հեռանում է Իրան, և Զալը կրկին իշխում է որպես թագավոր: Մեծ թագավորը մահանում է բնական մահով, և նրա տոհմը տրոհվում է։

Տես նաև

խմբագրել

Տոհմածառ

խմբագրել
Զահհակ
ՍամՄեհրաբ ՔաբուլեցիՍինդուխտ
ԶալՌուդաբե
ՇաղադՌոստամ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://artsandculture.google.com/asset/the-simurgh-arrives-to-assist-with-the-birth-of-rustam-from-the-book-of-kings-shahnama-muhammad-zaman-ibn-haji-yusuf/kAFz4Nfds-bW2A
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Shahbazi, Cristoforetti
  3. Davidson, Olga M. (1994). Poet and hero in the Persian Book of kings (Digitized May 14, 2008 ed.). Cornell University Press. էջ 76. ISBN 0-8014-2780-0.
  4. 4,0 4,1 4,2 Kia, 2016
  5. A History of All Nations (Digitized Nov 23, 2005 ed.). Original from the University of Michigan. 1864.
  6. Rosenberg, Donna (1997). «page 116-118». Folklore, Myths, and Legends: A World Perspective. McGraw-Hill Professional. էջ 536. ISBN 0-8442-5780-X.
  7. Reed, Elizabeth Armstrong (1893). «XI». Persian Literature: Ancient and Modern. Original from Harvard University (Digitized Feb 5, 2007 ed.). S. C. Griggs and company. էջ 419.
  8. Khayyam, Omar; Edward FitzGerald (1900). «The Sha Nameh, pages 50-67». In Translated by Herman Bicknell, James Ross (ed.). Persian Literature... Original from the University of Michigan. Vol. 1. Ḥāfiẓ, Saʻdī (revised ed.). The Colonial press. էջ 50-.
  9. Khayyam, Omar; Edward FitzGerald (1900). «The Sha Nameh, pages 50-67». In Translated by Herman Bicknell, James Ross (ed.). Persian Literature... Original from the University of Michigan. Vol. 1. Ḥāfiẓ, Saʻdī (revised ed.). The Colonial press. էջ 50-.
  10. Foundation, Encyclopaedia Iranica. «ESFANDĪĀR». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-24-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալ» հոդվածին։