Զառիթափ (մոլորակային անվանակարգ)

Զառիթափը (լատին․՝ rupes, հոգնակի՝ rupēs) մոլորակային անվանակարգի մեջ օգտագործվող սեռային եզրույթ է, որը տրվում է երկնային մարմինների մակերևույթի զարիվայր ձևերին[3]։ Միջազգային անվանումներում (որոնք գրում են լատիներենով և հաստատված են Միջազգային աստղագիտական միության կողմից) Rupes բառը, ինչպես և մոլորակային անվանակարգի այլ եզրույթները, գրվում է մեծատառով և հատուկ անունից հետո, իսկ «զառիթափ» բառը հայերեն անվանումներում՝ փոքրատառով։

Փայլածուի վրա գտնվող Դիսքավերի զառիթափի[en] մի մասը։ Նրա ամբողջ երկարությունը 650 կմ  է, իսկ բարձրությունը հասնում է 2 կմ [1]
Օլիմպով զառիթափ, որը օղակով շրջապատում է հրատյան Օլիմպոսը[2]

Լատիներենում rupes֊ն նշանակում է «զառիթափ», «սանդղավանդ», «ապառաժ», «ժայռ»։

Եզրույթը, ինչպես և մոլորակային անվանակարգի բոլոր եզրույթները[4][5], միայն նկարագրում է օբյեկտի արտաքին տեսքը և ոչինչ չի ասում դրա ծագման մասին, ուստի այն պիտանի է ցանկացած ծագում ունեցող օբյեկտների համար։

Այս եզրույթով առաջին անվանումները (Լուսնի վրա գտնվող Ուղիղ պատ և Ալթայ զառիթափը[en]) ՄԱՄ֊ը հաստատել է 1961 թվականին։ 2020 թվականի մայիսի դրությամբ 87 զառիթափ իր անվանման մեջ պարունակում է տվյալ եզրույթը, այդ թվում՝ 35 զառիթափ՝ Փայլածուի վրա, 7՝ Արուսյակի, 8՝ Լուսնի, 26՝ Հրատի, 1՝ Պլուտոնի, 3՝ Վեստայի, 2՝ Լուտեցիայի, 2՝ Միրանդայի, 1՝ Էնցելադի, 1՝ Տիտանիայի և 1՝ Սերեսի[6]։

Տարբեր երկնային մարմինների զառիթափերը տարբեր կերպ են անվանվում[7]՝

  • Փայլածուի զառիթափերն անվանում են հետազոտական նավերի անուններով.
  • Արուսյակի՝ տարբեր ժողովուրդների տան օջախի դիցուհիների պատվին.
  • Լուսնի՝ մոտակա խառնարանների կամ ռելիեֆի այլ տարրերի անվանումներով։ Բացի դրանից, զառիթափերից մեկը հնուց անվանում են Ուղիղ պատ՝ իր բնութագրիչ տեսքի համար, իսկ մյուսը՝ Ալթայի զառիթափ[en]՝ երկրային լեռնահամակարգի անունով[6].
  • Հրատի՝ Ջովանի Սկիապարելլիի կամ Էժեն Անտոնիադիի քարտեզներում նշված մոտակա ալբեդոյի տարրերի անվանումներով.
  • Պլուտոնի՝ անցյալի նախագնացների անուններով, որոնք նոր հորիզոններ են բացել Երկրի, ծովի և երկնքի ուսումնասիրության մեջ.
  • Վեստայի՝ հին հռոմեական տոների և տեղանունների.
  • Լուտեցիայի՝ Հռոմեական կայսրության և Եվրոպայի հարևան տարածքների գետերի այն ժամանակների անվանումներով, երբ Փարիզը կոչվում էր Լուտեցիա.
  • Միրանդայի՝ Շեքսպիրի պիեսների հերոսների և աշխարհագրական վայրերի անուններով, (օրինակ՝ Վերոնա զառիթափ).
  • Էնցելադի՝ «Հազար ու մի գիշերում» հիշատակված վայրերի անուններով.
  • Տիտանիայի՝ — Համանմանորեն Միրանդային.
  • Սերեսի՝ աշխարհի գյուղատնտեսական փառատոնների անուններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Discovery Rupes (Thrust Fault)». The Solar System in 3-D (անգլերեն). Lunar and Planetary Institute. Արխիվացված է օրիգինալից 2013.09.10-ին. Վերցված է 2014.11.16֊ին։-ին.
  2. «Olympus Rupes». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). 2006.10.01. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2014.11.16֊ին։-ին.
  3. Բուրբա Գ. Ա., Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգը (խմբ. Ֆլորենսկի Կ. Պ. և Եֆրեմով Յ. Ի.), Մոսկվա, «Գիտություն», էջ 24, 26, 61. — 87 էջ։
  4. «Descriptor Terms (Feature Types)». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված է օրիգինալից 2013.12.10-ին. Վերցված է 2014.08.24֊ին։-ին.
  5. Hargitai H. I. Planetary Maps: Visualization and Nomenclature(անգլ.) // Cartographica : պարբերագիր. — Т. 41. — № 2. — Էջ  160. — doi:10.3138/9862-21JU-4021-72M3 Արխիվացված է 2012.11.07 սկզբնաղբյուրից:
  6. 6,0 6,1 Համաձայն ՄԱՄ֊տվյալների 2020 թվականի մայիսի դրությամբ։
  7. «Categories for Naming Features on Planets and Satellites». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված է օրիգինալից 2014.11.15-ին. Վերցված է 2014.08.05֊ին։-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել