Զավեն Տերմենջյան

հայ վիրտուոզ քանոնահար

Զավեն Մարկոսի Տերմենջյան (1913 - մայիսի 12, 1986(1986-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրտուոզ քանոնահար։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1964)։

Զավեն Տերմենջյան
Դիմանկար
Ծնվել է1913
Մահացել էմայիսի 12, 1986(1986-05-12)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Զավեն Տերմենջյանը ծնվել է 1913 թվականին Թուրքիայի Ադաբազար քաղաքում։ Հայրը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մայրը 1925 թվականին Հունաստանի Կավալա քաղաքից իր երկու որդիների հետ ներգաղթել է Հայաստան։ 1930 թվականին Զավեն Տերմենջյանն ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1934 թվականին ստանալով երաժիշտ-քանոնահարի որակավորում՝ աշխատանքի է անցել Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլում, որտեղ աշխատել է մինչև Հայրենական մեծ պատերազմը։ 1941 թվականին մեկնել է ռազմաճակատ. արժանացել է «Կովկասի պաշտպանության համար», «Հայրենական պատերազմի ժամանակ բարեխիղճ աշխատանքի համար» և այլ մեդալների։ 1943-1946 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլի նվագախմբի ղեկավար։ 1944 թվականի փետրվարին անսամբլի հետ մեկնելով ռազմի դաշտ՝ համերգներ է տվել զորամասերում, մարտիկներին մի պահ մոռացնել տալով պատերազմի արհավիրքները։ Անսամբլի կազմում էին Արև Բաղդասրյանը, Մարգար Սենեքերիմյանը, Սեդա Ավագյանը, Արուս Պապյանը, որոնց ելույթները բարձր էին գնահատվում նաև Հայաստանից դուրս։

 
Զավեն Տերմենջյանը դուդուկահար Վաչե Հովսեփյանի հետ
 
Ձախից՝ երկրորդը: Զավեն Տերմենջյանի աշխատանքային և ստեղծագործական գործունեության վաղ շրջան:

1945 թվականին արժանացել է միութենական պատվոգրի՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում մասնակցած բազմաթիվ համերգների համար։ 1946 թվականին Հայաստանի ռադիոկոմիտեի ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Մերանգուլյանի հրավերով աշխատանքի է անցնում որպես մենակատար-քանոնահար։

Տերմեջյանը հայ արվեստը ներկայացրել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի և գրականության երկու (1939 և 1956 թթ) տասնօրյակների ընթացքում։ Հայ երաժշտական արվեստի բնագավառում իր մեծ ծառայության համար արժանացել է Հայաստանի Գերագույն խորհրդի երկու պատվոգրի, ինչպես նաև միութենական և Հայաստանի ռադիոյի պետական կոմիտեի բազմաթիվ շնորհակալագրերի։ Լավագույն քանոնահար լինելուց բացի, Զավեն Տերմենջյանը նաև ստեղծագործել է։ Ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվում են նրա «Ֆանտազիա N1», «Ֆանտազիա N2», «Մտորումներ», «Արևելյան մեղեդի» ստեղծագործությունները։ Նրա փայլուն կատարումները հնչել են թե՛ արևմտահայ գրողների ստեղծագործությունների համարյա բոլոր հեռուստա և ռադիոբեմադրությունների (Ատրպետի «Տժվժիկ», Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» և այլն), թե՛ զանազան համերգների կամ հյուրախաղերի ժամանակ, ընդունվել են ջերմությամբ և երկար մնացել հանդիսականների հիշողության մեջ։ Զավեն Տերմենջյանը՝ համեստագույն մարդը, բնությունից օժտված լինելով գերազանց երաժշտական ունակություններով և լսողությամբ, նաև քանոն նվագարանը պատրաստող լավագույն վարպետներից էր։ Նրա պատրաստած գործիքները (դրանք փոքրաթիվ են) անգերազանցելի էին իրենց ճշգրտությամբ և տեսքով։

Մահացել է 1986 թվականի մայիսի 12-ին։

Պարգևներ

խմբագրել
  • ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության 1955 թ. մայիսի 12-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրով»։
  • ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության 1964 թ. մայիսի 9-ի հրամանագրով նրան շնորհվել է «Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում»։