Զուբալովի ժողովրդական տուն
Զուբալովի ժողովրդական տուն, լուսավորական հիմնարկություն, թատերական շենք Թիֆլիսում (այժմ՝ Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն)։ Կառուցվել է Զուբալով եղբայրների միջոցներով։ Ի սպաս է դրվել ժողովրդական թատրոնների դերասաններին և թատերասերներին՝ էժանագին ներկայացումներ տալու աշխատավորական զանգվածների համար։ Դահլիճն ունեցել է 700 տեղ։ Բացվել է 1909 թվականի ապրիլի 2-ին, Գոգոլի «Ռևիզոր»-ի բեմադրությամբ (ռեժիսոր՝ Պ. Արաքսյան)։ Գործել են հայկական (նախագահ՝ Գ. Երիցյան), վրացական, ռուսական, ուկրաինական, ադրբեջանական, օսական, գերմանական, լեհական և այլ թատերական մասնաճյուղեր։ Մեծապես նպաստել է Անդրկովկասի թատերական արվեստի զարգացմանը։ Հայկական խմբին հատկացվել է ամսական 3-4 օր։ Բեմադրություններով և դերակատարումներով հանդես են եկել ռեժիսորներ Ա. Արմենյանը, 0. Սևումյանը, Ա. Սարազյանը, Լ. Բալանթարը, դերասաններ Հասմիկը, Սիրանուշը, Տ. Աբելյանը, Գ. Տեր-Դավթյանը, Գ. Ավետյանը, Գավրոշը, Լ. Երամյանը, ժասմենը և ուրիշներ։ Զուբալովի ժողովրդական տունը գործել է մինչև 1921 թվականը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 712)։ |