Էլեկտրոնային առևտուր, համացանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որը իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքների կամ ծառայությունների ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը[1]։ Ինտերնետը գլոբալ հասկացություն է և այդ հասկացության մեջ է մտնում նաև էլեկտրոնային առևտուրը, որը էլեկտրոնային բիզնեսի մի ճյուղ է հանդիսանում։ էլեկտրոնային առևտուրը գլոբալ ցանցի միջոցով կատարվող առք ու վաճառքն է, ապրանքների կամ ծառայութնունների փոխանակումը։ Ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հիմքում ընկած են առևտրային գործողությունների իրականացումը և տվյալների փոխանակման, էլեկտրոնային եղանակով արտադրողական գործընթացների կառավարման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաները։

Էլեկտրոնային առևտուրն ունի ինտենսիվ զարգացման մոտ 25 տարվա պատմություն, որը տնտեսության այլ ճյուղերի հետ համեմատած կարելի է համարել ոչ այդքան երկար ժամանակահատված։ Էլեկտրոնային առևտրի առաջին համակարգերն ու մեթոդներն իրենց ծագման համար պարտական են ավիատոմսերի և պլաստիկ քարտերի վաճառքի ավտոմատացման տեխնոլոգիաների առաջացմանը և կազմակերպության ռեսուրսների կառավարման ավտոմատացման համակարգերի կառուցմանը[2]։

Էլեկտրոնային առևտրի էություն

խմբագրել

Էլեկտրոնային առևտուրն առաջինն օգտագործվել է բանկային համակարգում և ստացել է << հեռագրային փոխանցումներ>> անվանումը։ Այս տարբերակում  գնորդը լիազորում  է բանկին հեռագիր փոխանցել մեկ այլ բանկի հաշվին։ Այսինքն, գործընթացը ներառում էր միջոցների շարժը երկրից երկիր կամ աշխարհի մյուս ծայրը։ Սովորաբար, այս հնարավորությունն օգտագործվում էր պետական համակարգի,  խոշոր ձեռնարկությունների և այլ անկախ խոշոր առևտրային կազմակերպությունների կողմից։ Ժամանակին զուգընթաց հեռագրային փոխանցումները փոխարինվեցին ֆինանսական տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային եղանակներով `գործընթաց, որի ընթացքում մեկ բանկը հեռագրերի, հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային փոստի միջոցով ինֆորմացիա է   ուղարկում մյուսին` հրահանգելով փոխանցել միջոցներ։

Էլեկտրոնային  առևտուրը ինտերնետի և մասնավոր կապի ցանցերի միջոցով, շահույթ ստանալու նպատակով, իրականացվող ֆինանսական գործարքի, ապրանքի, ծառայության, տեղեկատվության առք ու վաճառքի  գործընթաց է, որը բիզնեսի կազմակերպման ժամանակակից  և զարգացած, ինչպես նաև ժամանակախնայող ձև է ինչպես պետական մարմինների, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։

Էլեկտրոնային առևտրի նպատակներ

խմբագրել

Էլեկտրոնային առևտրի զարգացման հիմնական նպատակներն են՝

  • Ստեղծել էլեկտրոնային առևտրին օժանդակող ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքներ
  • Մշակել պետական քաղաքականության հիմնական սկզբունքներ, ներդնել նպաստող ու զարգացնող գործիքներ
  • Խթանել ապրանքների և ծառայությունների արտահանումը
  • Էլեկտրոնային առևտրի կազմակերպման գործընթացում հաղթահարել վարչական խնդիրները
  • Օժանդակել մանր և միջին կազմակերպություններին՝ մշակելու և ներդնելու ժամանակակից տեխնոլոգիաներ
  • Աջակցել արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ճանաչմանը
  • Ապահովել ֆինանսական գործարքների իրականացման անվտանգ ու ապահով համակարգ
  • Գործազրկության կրճատում նաև Էլեկտրոնային առևտրի զարգացման միջոցով
  • Էլեկտրոնային առևտրի ոլորտում անձնակազմի և պատվիրատուների ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ

Էլեկտրոնային առևտրի տեսակներ

խմբագրել

Առանձնացվում է Էլեկտրոնային առևտրի հետևյալ տեսակները[3]՝

  1. B to C (Business-to-Consumer), փոխհարաբերություն առևտրային կազմակերպության և սպառողների միջև։ Այս մոդելի օրինակ են Էլեկտրոնային խանութները։
  2. B to B (Business-to-Business), փոխհարաբերություն առևտրային կազմակերպությունների միջև։ Այս մոդելի օրինակ են Էլեկտրոնային առևտրային հարթակները՝ Էլեկտրոնային բորսաներ, Էլեկտրոնային աճուրդներ
  3. B to G (Business-to-Government), փոխհարաբերություն առևտրային կազմակերպությունների և պետական կառույցների միջև։ Այս մոդելի հիմքում ընկած է պետությունը։
  4. C to C (consumer to consumer) (costomer to costomer ), այս ձևը վերջերս է առաջ քաշվել՝ փոխհարաբերություն հաճախորդների միջև։ Այս մոդելի օրինակ է Էլեկտրոնային հասարակությունը։

Ամենակիրառականը B2B ուղղությունն է, որն իրենից ներկայացնում է բիզնեսի մի մաս՝ ուղղված ձեռնարկությունների միջև արտադրության կազմակերպման հեշտացմանը և զարգացմանը[4]։ Այս մասում, բացի կորպորատիվ գնորդներին հասարակ հումքի վաճառքից որպես այդպիսին, գոյություն ունեն հատուկ ավտոմատացված բիզնես համագործակցման համակարգեր, որոնք հանդիսանում են բարդ կորպորատիվ խնդիրների լուծման տարբերակներ։ Դրանք հիմնվում են տեղեկատվական բազաների, շուկայական տեղեկատվության որոնումների և այլ լուծումների վրա։

Ամբողջ գործընթացը կառուցված է այնպես, որ հատուկ համակարգն աշխատում է ավտոմատ ռեժիմով։ Այս ամենի կատարման համար օգտագործվում է Ինտերնետային կամ այլ կոմերցիոն ցանցեր՝ կատարելով այդ համակարգում այնպիսի փոխանակումներ, ինպիսիք են մարքեթինգային տեղեկատվության մատակարարումը, պատվերների ուղարկումը, հաշիվների ստացումը և, իհարկե, վճարումները։ B2B համակարգը բացատրելու համար կարող ենք դիտարկել www.business.com B2B պորտալի օրինակը։ Յուրաքանչյուր ձեռնարկություն, որը կգրանցվի այս պորտալում և կվճարի ծառայությունների դիմաց, հնարավորություն կունենա օգտվել ահռելի շտեմարաններից, որոնք հավաքված են այստեղ։ Նրանք իրենց մեջ են ներառում տեղեկատվական շտեմարաններ տարբեր ոլորտներում աշխատող ձեռնարկությունների մասին, մարքեթինգային հետազոտություններ այդ ձեռնարկությունների և շուկաների վերաբերյալ, բիզնես առաջարկներ և այլ տեղեկատվական շտեմարաններ, որոնք կարող են նպաստել ձեռնարկությունների՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցությանը։

Բիզնես-բիզնես ուղղության հիմնական առանձնահատկությունները հետևյալն են՝

  1. Շլյուզի առկայությունը, որն ապահովում է բիզնես համակարգի ավտոմատ մուտքը Ինտերնետ ցանց,
  2. Համակարգ մուտքի/ելքի գործընթացը, որը հնարավորություն է ստեղծում տարբեր ձեռնարկություններին համագործակցել;
  3. Տեղեկատվության կոդավորում և ստանդարտի օգտագործում – EDI (Electronic Data InterExchange),
  4. Բոլոր մասնակիցների հավասար տեղը էլեկտրոնային առևտրի համակարգում։

Business-to-Consumer (B2C) ուղղությունը վերապահվում է այն սեկտորին, որի ձեռնարկությունները աշխատում են յուրահատուկ հաճախորդների հետ։ Այս համակարգի առանձնահատկությունը և տարբերությունը ավանդականից կայանում է նրանում, որ հաճախորդը կարող է գնում կատարել էլեկտրոնային խանութից առանց տնից դուրս գալու՝ օգտագործելով միայն համակարգիչը, ինտերնետ կապը և պլաստիկ քարտը։ Այս համակարգը նոր հնարավորություններ է բացում հաճախորդի առջև։

Էլեկտրոնային առևտրի ուղղությունների երրորդ տարատեսակը՝ B to G (Business-to-Government), (Government-to-Citizens (G2C), Government-to-Government (G2G)), որը ներառում է իր մեջ այն բոլոր բիզնես գործարքները, որոնք կատարվում են ձեռնարկության և պետական ձեռնարկությունների միջև։ Օրինակ՝ ԱՄՆ-ում պետության կողմից գնվող ապրանքների ցուցակը հայտարարվում է Ինտերնետում և բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են դրանում, կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ էլեկտրոնային տեսքով։ Բացի այդպիսի գործարքներից արդեն կարելի է կատարել շահութահարկի վճարումներ Ինտերնետի միջոցով և անգամ կնքել հատուկ պայմանագրեր։ Այս ուղղությունը դեռ գտնվում է զարգացման սկզբնական փուլում, սակայն, ՀՀ-ում ևս հնարավոր է Էլեկտրոնային մրցույթներին մասնակցելու միջոցով պայմանագրեր կնքել պետական սեկտորի հետ, իհակե, եթե տվյալ ձեռնարկությունը համապատասխանում է պետության կողմից առաջ քաշված մրցույթի պարամետրերին։ B2G ուղղության օգնությամբ տեղի է ունենում պետական ծախսերի կրճատում և հարկատուների ֆոնդերի տնտեսում։ Միայն ԱՄՆ-ի կառավարությունը տարեկան ծախսում է $225 մլրդ, որն էլ կարելի է կրճատել՝ էլեկտրոնային ցանցերի և տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Իսկ G2C ուղղության կիրառումը կօգնի ապահովել քաղաքացիների ազատ մուտքը պետության տեղեկատվական ծառայություններ, ազատականացնել որոշ ոլորտներ և թափանցիկ դարձնել կառավարության աշխատանքը։ Մատչելի օրինակ է G2C-ի ուղղության ՀՀ Կենտրոնական բանկի (www.cba.am) կայքը։ Մենք կարող ենք այցելել, գրանցվել կայքում որպես օգտվող, նշելով, թե ի՞նչ է հետաքրքրում մեզ։ Մեր կողմից նշված տեղեկությունները, կարող են ուղարկվել մեզ էլ. փոստով։ Օրինակ , կարող ենք գրանցվել արտարժույթի փոխարժեքի ստացման համար։ Այսպիսով, պետությունը ծառայություն է մատուցում օգտվողին, որը կարող է, անգամ, վճարովի լինել։

Ըստ UNCTAD-ի հետազոտության համաշխարհային կազմակերպությունների միջև իրականացվող էլեկտրոնային առևտուրը 2017թ. հասել է 25,3 տրլն $, (B2B)-ին բաժին է ընկնում 22,4 տրլն $, իսկ (B2C)–ին՝ 2,9 տրլն $: Ընդ որում բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Հյուսիսային Իռլանդիային, Ճապոնիային և Չինաստանին։ Անկախ ձևից էլ. առևտրի ողջ գործընթացն իրականացվում է ինտերնետի և Էլեկտրոնային փոստի միջոցով։ Որպես հիմնական գործիք ծառայում է բանկային քարտն ու բանկային հաշիվը։ Աշխարհի բնակչության թիվն անցել է 7.5 մլրդ, որի 58%-ն օգտվում է ինտերնետից։ Իսկ օգտվողների 1.4 մլրդ մարդ ինտերնետից գնումներ է կատարում։ Հայաստանում 2017թ դրությամբ օնլայն գնումների կատարողների թիվը կազմում է մոտ 20%։ Եթե մինչ այդ Հայաստանը հաքերների համար այնքան էլ հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ խոշոր մուծումները, հիմնականում, կատարվում էր առձեռն, ապա այսօր անհրաժեշտություն կա վտանգից պաշտպանվելու, հատկապես, ըստ իս, շատ կարևոր է բանկային քարտի պաշտպանվածությունը։ Ու, չնայած բանկի ներկայացուցիչների հավաստման, որ ներդրված են անվտանգության համապատասխան մեխանիզմներ, սակայն, Հայաստանում այն ընդլայնման փուլում է և կարող է այս փաստը օգտագործվել հաքերների կողմից։

Էլեկտրոնային առևտրի առավելություններ և թերություններ

խմբագրել

Էլեկտրոնային առևտուրն ունի հետևյալ առավելությունները․

  • Հնարավորություն է ընձեռում, նույնիսկ ամենփոքր կազմակերպություններին, գործունեություն ծավալել տարբեր շուկաներում՝ անկախ դրանց գտնվելու վայրից,
  • Բարձրացնում է կազմակերպության մրցակցային հնարավորությունները,
  • Հնարավորություն է տալիս ստանալ առավելագույն տեղեկատվություն հաճախորդի պահանջմունքների մասին ու մշակել դրամց համապատասխան ապրանքներ ու մատուցել ծառայություններ,
  • Կազմակերպություններին թույլ է տալիս ավելի ճկուն բիզնես վարել և օպերատիվ արձագանքել արտաքին միջավայրի արագ փոփոխվող պայմաններին,
  • Այն հնարավորություն է ընձեռում դյուրին դարձնել պատվերի ընդունման, մշակման և վճարման գործընթացը,
  • Ցանկացած գործարք կարելի է կատարել օրը 24 ժամ՝ անկախ գտնվելու վայրից,
  • Գլոբալ ընտրության հնարավորություն,
  • Ժամանակային անսահմանափակություն,
  • Անհատական մոտեցում հաճախորդին,
  • Ժամանակի և հավելյալ ծախսերի խնայում՝ ապրանքի ընտրության և պատվերի ձևակերպման ժամանակ,
  • Լայն ընտրություն և լավագույն գնային առաջարկ,
  • Վճարման համակարգի բազմազանություն։

Էլեկտրոնային առևտուրն ունի հետևյալ թերությունները․

  • Գնվող ապրանքի հետ անմիջական շփման անհնարինություն,
  • Գնորդներից շատերը հրաժարվում են ապրանքից առաքման պահին՝ ապրանքի որոշ հատկանիշեր համացանցով ստուգելու անհնարինության պատճառով,
  • Անձնական տեղեկատվության պահպանման անվստահություն,
  • Իրավական կարգավորման խնդիրներ,
  • Խարդախության գրավիչ միջավայր,
  • Տեխնիկական միջոցների, ինտերնետի խափանման պատճառով առաջացող անհարմարություններ
  • Պետության կողմից հարկային և մաքսային գործընթացների իրականացման[1],
  • Գլոբալացում,
  • Պայմանագրային և ֆինանսական խնդիրներ,
  • Սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ։

Էլեկտրոնային առևտրի կազմակերպում

խմբագրել

Էլեկտրոնային առևտրի կազմակերպումն ու զարգացումը մեծապես պայմանավորված է ինտերնետի հասանելիությամբ։ Այն իրենից ներկայացնում է ներքոնշյալ գործողությունները՝

  • ապրանքի ընտրություն,
  • ապրանքի պատվեր,
  • վճարում պատվիրված ապրանքի դիմաց,
  • պատվիրված ապրանքի առաքում պատվիրատուին։

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում

խմբագրել

Հայաստանում էլեկտրոնային առևտուրը, համեմատաբար, նոր ուղղություն է։ Հայկական էլեկտրոնային խանութները սկսել են ակտիվորեն գործել 2008 թվականից, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից հնարավոր էր գնումներ կատարել դեռ 2000-ականների սկզբից։ Ելելով 2015 թ. հունիսին իրականացված մարքեթինգային հետազոտության արդյունքներից՝ 2014 թ-ի ընթացքում հայաստանյան էլեկտրոնային խանութներից գնումներ է կատարել Երևան քաղաքի բնակչության 4,2 %-ը, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից՝ 14,2 %-ը[5], որոնք շատ ցածր ցուցանիշներ են։ Մինչդեռ էլեկտրոնային առևտրի համաշխարհային ծավալները 2015 թ. հասել են 1.548 տրիլիոն դոլարի, և կանխատեսվում է, որ այն ավելի քան կկրկնապատկվի 2019 թ.։ Վերջինս կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի նման փոքր, զարգացող երկրի տնտեսության վրա։ Համաշխարհային տնտեսության մեջ բարեհաջող ինտեգրացիայի համար Հայաստանը պարտավոր է հետևել առևտրի զարգացման ընդհանուր տենդենցներին, այդ թվում էլեկտրոնային առևտրի ոլորտում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպը ամբողջովին կախված է տնտեսության դրությունից։ Էլեկտրոնային առևտրի միջազգային համակարգին Հայաստանի Հանրապետության ինտեգրումը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններից մեկը, որը կխթանի մի շարք սպառողական ապրանքների և ծառայությունների, առևտրային կազմակերպությունների և բանկերի զարգացմանը, որոնք նախատեսված են բավարարել սպառողների պահանջները առևտրային հիմունքներով։ Այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տենդենցը դրական է։ Գործարքների քանակը, որն իրականացվում է էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով, օրեցօր աճում է։ Սակայն, էլեկտրոնային առևտրի զարգացումը, որն ամենաուղղակի կերպով կախված է ինտերնետ հասանելիությունից, չենք կարող համեմատել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպի հետ։

Էլեկտրոնային առևտրի վերաբերյալ Հայաստանում իրականացված հետազոտությունները սակավաթիվ են և զարգացման դինամիկան, հիմնախնդիրները, դրանց կարգավորման ուղիներն ու էլեկտրոնային առևտրի դերը Հայաստանում ներկայացնել ըստ տարիների բավականին բարդ է և թերի, այնուամենայնիվ Հայաստանում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ ինֆորմացիան կներկայացնեմ հաջորդիվ։

Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրները Հայաստանում

խմբագրել

Չնայած էլեկտրոնային առևտրի վերաբերյալ բացակայում են վիճակագրական տվյալներ, հետազոտություններ, տարեկան հաշվետվություններ, այնուամենայնիվ, դատելով իմ և շրջակա միջավայրիս վերաբերմունքից էլեկտրոնային առևտրի վերաբերյալ կարող եմ ասել, որ օր օրի ավելի լայն մասշտաբներ է ստանում և ,ուղղակիորեն, դարձել է յուրաքանչյուրիս կենցաղի անբաժան մասը։ Սակայն, այս ամենին զուգընթաց, անլուծելի են մնում մի շարք հիմնախնդիրներ, որոնց կարգավորումը կբերի Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տեմպերի աճին։ Դատելով նաև ոլորտի մասնագետների տեսակետներից՝ առաջնային խնդիրներից է էլեկտրոնային առևտրի օրենսդրական դաշտի անկատարությունը, որը թույլ չի տալիս օրինական համարել էլեկտրոնային գործարքները, որը նաև պետության կողմից էլեկտրոնային առևտրի բնագավառի ստեղծման և զարգացման հանդեպ հետաքրքրության բացակայության արդյունքն է ու չի խրախուսում էլեկտրոնային առևտուրը։ Մյուս հիմնախնդիրներից են՝ Միջազգային ինտեգրման բացակայությունը, օր. վճարային համակարգերի մեծ մասը հայաստանյան բանկերի հետ չեն աշխատում, ինչպես, օրինակ, Paypal-ը, այսինքն, հայաստանյան օգտագործողները չեն կարողանում գումար ստանալ, այլ միայն կարողանում են գնումներ կատարել դրսում, քանի որ հայկական բանկերը Էլեկտրոնային փոխ չունեն, այսինքն համապատասխա չափով ներդրում չեն կատարում՝ ԿԲ-ում պահուստավորման համար, որը նախատեսված է ռիսկերի դեպքում փոխհատուցման համար։

  • Բնակչության հոգեբանական- սոցիալական խնդիրը, այսինքն բնակչության մեծ մասը չի վստահում օնլայն գնումներին, արտասահման խանութներին
  • Անվստահությունը վճարման նոր համակարգերի հանդեպ
  • Վճարման քարտերի ոչ համատարած լինելը
  • Ինֆորմացիայի պակասը էլեկտրոնային առևտրի մշակույթի վերաբերյալ
  • Մեծածախ գնորդների, միջին և խոշոր բիզնեսի մասնակիցների կողմից անվստահությունը էլեկտրոնային առևտրին
  • Ինտերնետ ծառայությունների բարձր սակագները
  • Ինտերնետի նկատմամբ ընդհանուր անվստահությունը
  • Բնակչության ինտերնետ անգրագիտությունը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  2. Պողոսյան, Ալբերտ (2005). Էլեկտրոնային առևտուր. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Продажи B2B - что это такое?». Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  4. «Продажи b2c и b2b - что это простым языком?». novoseloff.tv. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  5. Աբգարյան, Դավիթ (2017). «Հայաստանում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ վիճակագրական աղբյուրների վերլուծություն» (PDF). Բանբեր Երևանի համալսարանի. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019-ին.