Էպիթելային հյուսվածք
Էպիթելային հյուսվածք (լատին․՝ epithelium, հունարեն՝ ἐπι--ից - վերև- և θηλή - կրծքագեղձիբշտիկներ), հաճախ ուղղակի կոչվում է էպիթել։ Էպիթելի բջիջները դասավորված են շարքերով՝ մեկը մյուսի կողքին։ Դրանք հոծ շերտերով ծածկում են մարմնի մակերեսը և պատում մարմնի խոռոչներն ու խողովակներն իրենց փոսերով։ Այս բջջային հյուսվածքը ֆիլոգենետիկորեն պատկանում է բջիջների զարգացման ամենահին (նախնական) ձևին։
Էպիթելը բարդ օրգանիզմում շատ է տարածված։ Այն ամենուրեք սահմանազատում է մյուս հյուսվածքներն արտաքին միջավայրից, որի հետևանքով դեպի ներքին օրգանները (բացառությամբ նյարդային հյուսվածքի ճյուղավորումներից) կարելի է թափանցել միայն այդ պատնեշի խախտումից հետո։
Էպիթելային հյուսվածքի լայն տարածումն՝ ըստ իրենց ֆիզիոլոգիական դերի, տարբեր օրգաններում ցույց է տալիս, որ դրա գործառույթային նշանակությունը նույնպես բազմազան է, որին և համապատասխանում է դրա բջիջների շարքերի ձևերի և կառուցվածքի բազմակերպությունը։ Ի տարբերություն այլ հյուսվածքների` էպիթելային կամ ծածկութային հյուսվածքի միջբջջային նյութի քանակությունը քիչ է ,բջիջները կիպ հարում են իրար։Էպիթելային հյուսվածքները լինում են` հարթ, գեղձային և թարթիչավոր։Հարթ էպիթելը լինում է միաշերտ և բազմաշերտ։Օրինակ միշարետ են աղիքի պատերի էպիթելային հյուսվածքները, իսկ բազմաշերտ`մաշկի էպիթել հյուսվածքը։Թաթրիչավոր էպիթելը ծածկում է շնչառական ուղու պատերը և իրականացնում պաշտպանական գործառույթ։Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում է հյութազատական գործառույթ։Մաշկի էպիթելի ածանցյալներն են` եղունգները և մազերը։Էպիթելը օժտված է վերականգնվելու ընդունակությամբ։
Դասակարգում
խմբագրելԷպիթելը որոշ տեղերում դասավորված է մեկ շարքով, որտեղից էլ կոչվում է միաշերտ էպիթել։ Մյուս տեղերում, որտեղ պարզ երևում է մի շարքի շերտավորումը մյուսի վրա, այդ դեպքում գործ ունենք բազմաշերտ էպիթելի հետ։
Ձևաբանական դասակարգում
խմբագրել- Միաշերտ էպիթել՝ խողովակաձև օրգանների տարբեր հատվածներում էականորեն տարբերվում է թե՛ ըստ ձևի, և թե՛ ըստ կառուցվածքի։
Մի շարք տեղերում (աղիք, շնչառական օրգաններ, բազմաթիվ գեղձեր) միաշերտ էպիթելն ունի բարձր բրգի տեսք. դա բարձր բրգաձև կամ գլանաձև էպիթելն է։
Ըստ կառուցվածքի մանրամասնությունների գլանաձև էպիթելը կարող է լինել՝
- թարթիչավոր,
- երիզավոր կամ աղիքային
- գեղձային։
- Թարթիչավոր էպիթել՝ հիմնականում գտնվում է շնչառական ուղիներում և ձվափողերում և բնորոշ է նրանով, որ բջիջների ազատ, այսինքն՝ դեպի խոռոչի լուսանցքն ուղղված եզրերի վրա ձևավորված է բարակ, շարժուն թելերի խրձիկ, այդ թելերը կոչվում են թարթիչներ կամ թարթիչավոր թելիկներ։ Վերջինների նշանակությունն այն է, որ թելիկներն իրենց մշտական շարժմամբ մի որոշակի ուղղությամբ թարթելու միջոցով էպիթելային պատի դաշտով խողովակից դեպի դուրս են մղում պինդ և հեղուկ մասնիկները։
Այդ գործողությամ խողովակի լուսանցքը մաքրվում է կեղտոտություններից և խցանումներից (շնչառական ուղիներ) կամ մազիկների շարժման շնորհիվ խողովակի պարունակությունը տեղափոխում է դեպի հարևան օրգանը (ձվաջիջը ձվափողով դեպի արգանդ)։
- Երիզավոր կամ աղիքային էպիթել՝ բնորոշվում է գլխավորապես բջջի ազատ ծայրում գոյություն ունեցող յուրահատուկ հարմարանքով՝ երիզի (վերնածածկի) կամ կուտիկուլայի ձևով։ Այն բաղկացած է մի շարք կարճ սյունիկներից, որոնք ուղղաձիգ դասավորված են էպիթելի ազատ մակերեսի վրա։ Այդ երիզը ներծծում է տարալուծված սննդանյութերը, որոնք գտնվում են աղիքային խողովակի լուսանցքում, որը պատում է երիզավոր էպիթելը։ Էպիթելի այդ տեսակը կոչվում է ներծծող։
- Գեղձային էպիթել՝ շատ է տարածված օրգանիզմում (բազմաթիվ գեղձերում)։ Դրա կառուցվածքը հարմարված է արտազատուկի (սեկրետի) արտադրման հետ։
Հյութազատության գործընթացն իրականանում է բջջի մարմնում՝ դրա կպման (հիմքի) մասից դեպի ազատ ծայրը, և արտադրված արտազատուկը բջջի գրգռման դեպքում թափվում է այն խողովակի լուսանցքի մեջ, որը պատված է բջիջներով։ Գեղձային էպիթելի բջիջների ձևն ու ներքին կառուցվածքը լրիվ տարբեր են, ինչպես տարբեր են նաև դրանց արտադրած արտազատուկները։ Մի շարք գեղձերում կարելի հանդիպել ցածր պրիզմայաձև կամ խորանարդաձև էպիթելի։ Նույնպիսի էպիթել լինում է նաև գեղձի մի շարք արտազատիչ ծորանների հատվածներում։
- Բազմաշերտ էպիթել՝ բնորոշ է նրանով, որ վերջինիս բջիջները դասավորված են մեկը մյուսի վրա մի քանի շերտերով։ Շարքերի քանակը և շերտավորման ձևը լինում են տարբեր։
Բազմաշերտ տափակ էպիթել, որը տափակ է կոչվում այն պատճառով, որ դրա մակերեսային շարքի բջիջներն ուժեղ տափակած են։ Սա սահմանային հյուսվածքի ամենաշատ տարածված ձևն է։ Դրանով արտաքինից պատած է ամբողջ մաշկը և բերանի խոռոչի, կերակրափողի, որոշ կենդանիների ստամոքսի մի մասի լորձաթաղանթը։ Գործունեության տեսակետից բազմաշերտ տափակ էպիթելը կարելի է կոչել պաշտպանական, ծածկող էպիթել։ Էպիթելի պաշտպանական նշանակությունը պայմանավորված է վերջինիս մակերեսի վրա գտնվող ուժեղ զարգացած եղջրային շերտով, որը դիմադրում է արտաքին անբարենպաստ (վնասակար) ազդակների ներգործություններին, դրանով իսկ պաշտպանելով իրենից ավելի խորն ընկած հյուսվածքները։
Գոյություն ունի բազմաշերտ տափակ էպիթելին մի ձև, որը կոչվում է անցողիկ էպիթել։ Վերջինս աչքի է ընկնում նրանով, որ թույլ է տալիս դրա մեջ ընդգրկվող բջիջներին առանց ամբողջականությունը խախտելու ձգվել այն օրգանի մակերեսով, որի խոռոչում դրանք սփռված են, ինչպես միզապարկի խոռոչում։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Մխիթարյան Ռ.Ս. և ուրիշն.- Ընտանի կենդանիների անատոմիա..Մաս I Մարմնական.(սոմատիկ) համակարգեր.
- Билич Г. Л., Крыжановский В. А. Биология. Полный курс։ В 4 т. — издание 5-е, дополненное и переработанное. — М.։ Издательство Оникс, 2009. — Т. 1. — 864 с. — ISBN 978-5-488-02311-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 62)։ |