Էստոնիայի անկախության պատերազմ

Էստոնիայի անկախության պատերազմ (էստ․՝ Eesti Vabadussõda, բառացի՝ Էստոնական պատերազմ հանուն ազատության), 1918 թ. նոյեմբերի 28-ին սկիզբ առած և մինչև 1920 թ. հունվարի 3-ը շարունակված պատերազմական գործողություններ, որոնց ընթացքում ինքնահռչակված Էստոնիայի Հանրապետության զինված ուժերը Ռուսաստանի զինված ուժերի (Հյուսիսային կորպուս, հետագայում՝ Հյուսիսարևմտյան բանակ) մասնակցությամբ դիմադրում էին Կարմիր բանակին, ինչպես նաև 1919 թ. հունիս-հուլիս ամիսներին ժամանակակից Լատվիայի տարածքում ծավալված պատերազմական գործողությունները, որոնց ընթացքում էստոնական բանակը լատիշներից կազմված Հյուսիսլատվիական բրիգադի օգնությամբ դիմադրում էին Մերձբալթյան լանդեսվերի զորաբաժանումներին ու Մերձբալթյան ֆրայկորի ջոկատներին։ Խորհրդային պատմագրության մեջ այս պատերազմը դիտվում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի շրջանակներում։

Էստոնիայի անկախության օրվա տոնումը 1919 թվականի փետրվարի 24-ին

Անկախության պատերազմի մասնակիցների հիմնական բախումները

խմբագրել

1918-1920 թվականներին էստոնական բանակի մղած պատերազմը կարելի է բաժանել երեք փուլի.

  1. Էստանական հանրապետության անկախության համար մղված պատերազմ (1918 թ. նոյեմբեր - 1919 թ. գարուն), որ պարունակում էր նաև քաղաքացիական պատերազմի ու խորհրդաէստոնական պատերազմի տարրեր[1],
  2. Էստոնական բանակի՝ հակախորհրդային ուժերի կողմից մասնակցությունը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1919 թ. հուլիսի 1 - 1920 թ. սկիզբ),
  3. «պատերազմ Լանդեսվերի հետ» Լատվիայի տարածքում (1919 թ. ամառ), որի ընթացքում Էստոնիայի զինված ուժերը դիմադրում էին Մերձբալթյան լանդեսվերի (Բալթիական հերցոգության զինված ուժերը, որի կազմի մեջ մտնում էին հիմնականում օստսիական (գերմ. Ostsee- Բալթիականծով, բառացի՝ Արևելյան ծով) գերմանացիներից) զորաբաժանումներին։
 
Հուշատախտակ այն շենքի պատին, որտեղ հռչակվել է Էստոնիայի անկախությունը, Տալլին

Նախապատմությունը

խմբագրել

Դրությունն Էստոնիայում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո

խմբագրել

1917 թ. Պետրոգրադում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խորհրդային իշխանություն հաստատվեց նաև Էստոնիայում։ Էստլյանդական նահանգի ժամանակավոր խորհուրդը, չընդունելով բոլշևիկների իշխանությունը, 1918 թ. փետրվարի 24-ին իրեն հայտարարեց գերագույն իշխանություն մինչ Սահմանադրական խորհրդի հրավիրումը։ Սակայն բոլշևիկները ցրեցին խորհուրդը, և անկախության համար պայքարի ղեկավարներն ստիպված էին թաքնվել ընդհատակում։

Էստոնիայի գրավումը Գերմանական կայսրության կողմից

խմբագրել

Գերմանացիների ներխուժման սկզբում՝ 1918 թվականի փետրվարի 24-ին, երբ բոլշևիկները հեռացան Ռեվելից (այժմ՝ Տալլին), Էստլյանդիայի՝ արտահերթ նիստի համար հավաքված գավառական խորհուրդը իշխանությունը հանձնեց Էստոնիայի փրկության կոմիտետին, որի գլխավորն էր Կոնստանտին Պյատսը, և հրապարակեց «Էստոնիայի բոլոր ժողովուրդներին ուղղված մանիֆեստը» («Մանիֆեստ անկախության վերաբերյալ»), որն Էստոնիան հռչակում էր դեմոկրատական անկախ հանրապետություն, որ չեզոք է ռուս-գերմանական բախման նկատմամբ։ Շուտով Ռեվելը գրավվեց գերմանական զորքերի կողմից, իսկ 1918 թ. փետրվարին գերմանացիները գրավեցին ողջ Էստոնիան։

1918 թվականի նոյեմբերի 9-ին Գերմանիայում տեղի ունեցավ Նոյեմբերյան հեղափոխություն, իսկ նույն ամսվա 18-ին պատերազմող կողմերի մեջ կնքվեց Կոմպենսկի հաշտության պայմանագիրը, որը վերջ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Պայմանագրի համաձայն Գերմանիան պարտավորվում էր զորքերը դուրս բերել գրավված բոլոր տարածքներից։ Վայմարյան Հանրապետության գերմանացի հեղափոխականներին գլխավորող պաշտպանության նախարարը զորքերը Մերձբալթիկայից դուրս բերելու հրաման տվեց, սակայն գերմանացիները չէին շտապում հեռանալ այնտեղից՝ հույս ունենալով պահպանել իրենց գերիշխանությունը Էստոնիայում և Լատվիայում։ Էստոնիան օկուպացնելու նրանց ծրագիրը չիրականացավ, սակայն Լատվիայում, որտեղի կառավարությունը վտարվել էր Անտանտի հետ համագործակցելու մեղադրանքով, նրանք նշանակեցին ձևական կառավարություն Ա. Նիեդրայի գլխավորությամբ։ Զգուշանալով Կարմիր բանակի հարձակումից և զորք կազմելու ժամանակ ու միջոցներ չունենալով՝ Էստոնիան ու Լատվիան ստիպված ընդունեցին գերմանական բանակի օգնությունը։ Մինչ նոյեմբերի 21-ը Էստոնիայի իշխանությունը լիովին անցավ Ժամանակավոր կառավարությանը, որ գլխավորում էր Կոնստանտին Պյատսը։

 
Պատի ագիտացիոն թերթ. «Եղբայրնե՛ր, շտապե՛ք միանալ բանակին։»

Կարմիր բանակն առաջ շարժվեց՝ նպատակ ունենալով գրավել գերմանացիների ազատած տարածքները, որ կորցրել էին Բրեստի խաղաղության պայմանագրով։ 1918 թ. նոյեմբերի 16-ին Հյուսիսային ճակատին հրաման տրվեց Յամբուրգից ու Նառվայից շարժվել դեպի Դնո ու Պսկով, իսկ երկու օր անց հրամայվեց Նառվան ու Պսկովը գրավելուց հետո շարժվել դեպի Ռեվել ու Վալկ։

Հակառակորդների ուժերը

խմբագրել

Կարմիր բանակի կողմից Էստոնիայում կռվում էր Հյուսիսային ճակատի՝ դեռ 1918 թ. նոյեմբերի սկզբին կազմավորված 7-րդ բանակը, որի կազմի մեջ մտնում էին Վեցերորդ ու Երկրորդ հրաձգային գնդերը։ Կռվի նախօրեին նրանց միացան Յուրեվի հրաձգային գունդը, Լատիշների առաջին ու վեցերորդ դիվիզիաները և այլն։

Պատերազմի սկզբում էստոնական բանակը դեռ կազմավորման փուլում էր։ Ժամանակավոր կառավարությունը 1918 թ. նոյեմբերի 16-ին հրաման էր տվել բանակ կազմել կամավորական սկզբունքներով։ Սակայն բանակին միացան շատ քչերը, այդ պատճառով էլ նոյեմբերի 8-ին ընդհանուր զորակոչի հրաման տրվեց։ Նախապես բանակը կազմված էր մեկ դիվիզիայից, որ ղեկավարում էր գեներալ-մայոր Ալեքսանդր Տինիսոնը։ Այդ դիվիզիայի կամի մեջ մտնում էին հետիոտների 6 գունդ, հրետանային մեկ գունդ և ինժեներների գունդը, ինչպես նաև կամավորների փոքր խմբեր։ 1918 թ. դեկտեմբերի 15-ին էստոնական բանակի կազմում կային 9043, հաջորդ տարվա հունվարի 5-ին՝ 15343 մարդ։

Էստոնացիներին օգնում էի նաև արտասահմանից. ֆիներն Էստոնիա ուղարկեց երկու զորամաս, Անգլիան՝ մի քանի նավ։ Նրանք էստոնացիներին ուղարկեցին նաև ռազմամթերք, պարեն և ֆինանսական օգնություն։

 
Կամավոր ֆինները Տալլինում, 1918 թ.

Պատերազմի ընթացքը

խմբագրել

Նարվայի կռիվը

խմբագրել

1918 թ. նոյեմբերի 22-ին Հյուսիսային ճակատի 7-րդ բանակի 6-րդ հրետանային դիվիզիայի զորամասերը (հրամանատար՝ Ե. Իսկրիցկի) փորձեցին ճակատային հարձակման միջոցով գրավել Նարվան, սակայն մեծ կորուստներ կրեցին ու հետ մղվեցին գերմանական զորամասերի կողմից։

Նոյեմբերի 28-ին էստոնացի կարմիրբանակայիններն ու 6-րդ հրետանային գնդի զորամասերը երկրորդ անգամ փորձեցին գրավել Նարվան։ Ռազմական պլանի համաձայն՝ զորքի մի մասը պիտի հարձակվեր և գրավեր պաշտպանվողների ուշադրություն, իսկ հիմնական ուժերն այդ նույն ժամանակ պիտի քաղաքի վրա հարձակվեին հյուսիսից ու հարավից, փակեին նահանջի ճանապարհն ու գրավեին քաղաքը։ Քաղաքը պաշտպանում էին գերմանական զորամասերը, նոր կազմավորվող էստոնական բանակն ու կամավորներ։ Սկզբում նրանք հետ մղեցին կարմիրբանակայինների գրոհը, որոնք հեռացան՝ պաշտպանվողների թիկունքում թողնելով 500 դեսանտ։ Վերջիններս առանց դիմադրության հանդիպելու շարժվեցին Ռիյգի և Պաետերիստի գյուղերի ուղղությամբ։ Գերմանացիները հեռացան քաղաքից՝ իրենցից հետո պայթեցնելով կամուրջը։ Էստոնական փոքրաթիվ ուժերը կռվելով նահանջեցին արևմտյան ուղղությամբ։

Նարվայի գրավումից հետո այնտեղ ձևավորվեց Էստլյանդիայի աշխատանքային կոմունան, որ գոյություն ունեցավ 52 օր։

Նարվայի կռիվը համարվում է Էստոնիայի անկախության պատերազմի սկիզբը։

Կարմիր բանակի դեմ կռիվը

խմբագրել

1919 թ. հունվարին կարմիրբանակայինները գրավել էին Էստոնիայի տարածքների մեծ մասն ու գտնվում էր Ռեվելից 35 կմ հեռավորության վրա։ Էստոնական բանակը, որ կոչվում էր Ժողովրդական բանակ (էստ․՝ Rahvavägi), դեռ 1918 թ. դեկտեմբերին համախմբում էր ուժերը, օգնություն ստացավ Անտանտից, նրանց միացան ֆինն կամավորները։ Էստոնացիները 1919 թ. փետրվարին Էստոնիայից դուրս մղեցին Կարմիր բանակի զորամասերը։ Նույն տարվա փետրվարին ու ապրիլին Կարմիր բանակը փորձեց հակահարձակում կատարել, սակայն հաջողության չհասավ։ 1919 թ. մայիսի 24-ին էստոնացիները գրավեցին Պսկովը։

 
Էստոնիայի ազատագրական պատերազմի հուշարձանը Տալլինի Ազատության հրապարակում

Լանդեսվերի դեմ կռիվը

խմբագրել

Էստոնիայի ազատագրական պատերազմի ընթացքում էստոնացիները պայքար են մղել նաև Մերձբալթիկայում գտնվող գերմանացիների դեմ։ Պատերազմական հիմնական գործողությունները ծավալվեցին 1919 թ. հունիսին Հյուսիսային Լատվիայում։ Հունիսի 23-ին լատվիական Ցեսիս (Վիննու) քաղաքի մոտ էստոնացիները կոտորեցին Լանդեսվերի զորքերը։ Գեներալ Էռնստ Պիդերի առաջարկությամբ 1934 թ-ից Վինուի կռվի օրը նշվում է որպես պետական տոն՝ Ազատագրական պատերազմի հաղթանակի օր (նորից սկսել են տոնել 1992 թ-ից)։

1919 թ. հուլիսի 2-ին Լենդեսվերը համաձայնեց հաշտության պայմանագիր կնքել, որ ուժի մեջ մտավ հուլիսի 3-ից։

Պատերազմի ավարտը

խմբագրել

1920 թ. հունվարի 3-ին ժամը 10։30 Սովետական Ռուսաստանի ու Էստոնիայի միջև սկսվեց զինադադար։ Նույն թվականի փետրվարի 2-ին Էստոնական Հանրապետության ու Սովետական Ռուսաստանի միջև կնքվեց Տարտուի հաշտության պայմանագիրը, որով վերջ դրվեց պատերազմին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել