Ընդհանրացում
Ընդհանրացում, դասական ձևական տրամաբանության մեջ՝
- հասկացության կազմավորմանը մասնակցող մտավոր գործողություն, երբ առարկաները վերցվում են ըստ միատեսակ (նույնական) հատկանիշների, որոնք կազմում են հասկացության բովանդակությունը։
- Հասկացության ընդհանրացում՝ նրա բովանդակությունից տեսակային հատկանիշը բացառելու տրամաբանական գործողությունը, որի միջոցով ստացվում է ավելի լայն ծավալի (սեռային) նոր հասկացություն։
- Ինդուկտիվ ընդհանրացում՝ առանձին փաստերին վերաբերող նախադրյալներից ինդուկտիվ եղանակով ընդհանրական եզրակացության բխեցումը։

Իմացաբանական և մեթոդաբանական առումով ընդհանրացումը ներկայանում է որպես
- (ա) Էմպիրիկ օրինաչափության ձևակերպում, որն ի մի է բերում փորձնական տվյալների համախմբությունը,
- (բ) որևէ գաղափարի կամ սկզբունքի առաջադրում, որը միասնական բացատրություն է տալիս փորձից հայտնի երևույթներին,
- (գ) տեսության հասկացություններն ու սկզբունքները վերացարկման ավելի բարձր աստիճանի հասցնելը՝ տեսության ընդհանրացում, որը հնարավորություն է տալիս այն մեկնաբանելու առարկայական նոր բնագավառներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 105)։ ![]() |