Թադևոս Սարյան
Թադևոս Սարյան (Թադևոս Խաչատուրի Տեր-Գրիգորյան) (ապրիլի 28, 1903, Երևան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Թադևոս Սարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1903 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1974 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԹադևոս Սարյանը ծնվել է 1903 թվականին Երևանում քահանայի ընտանիքում։ Փոքր հասակում կորցրել է հորը և ապրել է դժվար մանկություն։ Սովորել է ռուսական գիմնազիայում, սակայն ուսումը կիսատ է թողել։ 1919 թվականին մասնակցում է դերասան Վարդան Միրզոյանի՝ Երևանում կազմակերպած թատերական դասընթացներին։ 1922 թվականին ընդունվում է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա։ 1928 թվականին վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի (այժմ՝ Գյումրի) դրամատիկական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև դերեր է խաղում այդ թատրոնում։
Եղել է նաև Բաքվի Հայ դրամայի գեղարվեստական ղեկավարը և հանդես է եկել նաև դերերով։
1942 թվականին բացվում է Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնը, և Թադևոս Սարյանը դառնում է թատրոնի գլխավոր ռեժիսորը, բեմադրում բազմաթիվ ներկայացումներ[1]։ Եղել է երաժշիտական կոմեդայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, ապա՝ գեղարվեստական ղեկավար։ Բեմադել է քսանից ավելի ներկայացումները օպերետներ և երաժշտական լայնածավալ կատակերգություններ` «Ատամնաբույժն արևելյան», «Կարինե», «Երջանիկ օր», «Մեծ հարսանիք», «Գարնանային երգ», «Թագավորը զվարճանում է» (որով բացվել է թատրոնի վարագույրը), «Բայադերա», «Ռոզ Մարի», «Կրկեսի իշխանուհին», «Անհանգիստ երջանկություն», «Գնչուների բարոնը», «Կապույտ Դանուբի ափինց և այլն[2]։
1946-1948 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։
Թադևոս Սարյանը Լենինականի դրամատիկական թատրոնում և Երևանի Առաջին պետթատրոնում խաղացել է Աբիսողոմ աղայի, Պաղտասար աղբարի, Թափառնիկոսի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան») դերերը, որոնցով հանդես է եկել նաև Մոսկվայի հայկական ստուդիաներում։ Սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել Մինթոևի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին») դերակատարմամբ՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հաջորդ նշանակալի հաջողությունը Բալաբեկի (Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ») անձնավորումներն էին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ Սարյանի մեկնաբանմամբ՝ եթե առաջին («Աղբյուրի մոտ») Բալաբեկը քծնում է երկյուղով, ապա երկրորդը («Փորձադաշտ») և՛ քծնում է, և՛ սպառնում. այդ տարբերությունը դերասանը ներկայացնում էր իրական և ճշմարտացի խաղով։ Բալաբեկի դերակատարումները հայ դերասանական արվեստում նոր խոսք ու որակ էին։
Սարյանի հետաքրքիր անձնավորումներից են նաև Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Սուրմաչը (Արկադի Մովզոնի «Մի խուլ նրբանցքում»), Գարեգինը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև»), Արշակ Բեգլարիչը (Մելիք Քոչարյանի «Հին հիվանդություն») և այլ դերեր, որտեղ դրսևորվել է դերասանի անսպառ հումորը։
Սարյանը բեմադրել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Տիգրան Չուխաճյանի «Կարինե», Մկրտիչ Ջանանի «Շահնամե» և այլ պիեսներ[3]։
Նկարահանվել է կինոյում («Լեռնային հեղեղ», (1940), «Փեսատես» (1954) , «Ամպրոպի արահետով», (1956), «Տերն ու ծառան», (1962) և այլն)։
Խաղացած դերեր
խմբագրել- Սուրմաչ՝ «Մի խուլ նրբանցքում»
- Գարեգին՝ «Գարնան անձրև»
- Փորսուղյան՝ «Սրտի արատ»
- Ալեքսեյ Իվանովիչ՝ «Քաոս»
- Թադե՝ «Շողոքորթը»
- Թափառնիկոս՝ «Ատամնաբույժն արևելյան»
- Արշակ Բեգլարիչ՝ «Հին հիվանդություն»
- Ղաղո՝ «Եվ այլն կամ նոր Դիոգինես»
- Սուրաթով՝ «Էլի մեկ զոհ»
- Բալաբեկ՝ «Փորձադաշտ»
- Բալաբեկ՝ «Աղբյուրի մոտ»
- Մաթոս՝ «Տերն ու ծառան»
Բեմադրություններ
խմբագրել- «Ատամնաբույժն արևելյան»
- «Կարինե»
- «Երջանիկ օր»
- «Մեծ հարսանիք»
- «Գարնանային երգ»
- «Թագավորը զվարճանում է»
- «Բայադերա»
- «Ռոզ Մարի»
- «Կրկեսի իշխանուհին»
- «Անհանգիստ երջանկություն»
- «Կապույտ Դանուբի ափին»
- «Գնչուների բարոն»
Գրականություն Թադևոս Սարյանի մասին
խմբագրել- Խաչատուր Ավագյան, Թադևոս Սարյան, 1964[4]։
- Սովետական թատրոն, 1947։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». www.comedytheater.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Ավագյան, Խաչատուր Աբգարի (1964). Արաքսմանյան, Ալեքսանդր Արմենի (ed.). Թադևոս Սարյան. Սովետահայ բեմի վարպետներ. Հայկական թատերական ընկերություն. Երևան: Հայպետհրատ.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Սարյան» հոդվածին։ |