Թաքնվածները
Թաքնվածները (անգլ.՝ Hidden), ցածր բյուջե ունեցող ամերիկյան գիտաֆանտաստիկ հետապոկալիպտիկ ֆիլմ` թրիլլերի ժանրով, սարսափ ֆիլմի տարրերով[1]։ Նկարահանվել է 2015 թվականին։ Ֆիլմի սցենարիստներն ու ռեժիսորներն են Մեթ և Ռոս Դաֆեր եղբայրները։ Այս ֆիլմը դարձել է լիամետրաժ կինոյում նրանց առաջին սցենարիստական և ռեժիսորական աշխատանքը։ Գլխավոր դերակատարն է շվեդ հայտնի դերասան Ալեքսանդր Սկարսգորդը։ Ֆիլմը նկարահանվել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում։
Թաքնվածները անգլ.՝ Hidden | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ և դրամա |
Թվական | սեպտեմբերի 15, 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մեթ Դաֆեր և Ռոս Դաֆեր |
Պրոդյուսեր | Ռիչարդ Զանուկ |
Սցենարի հեղինակ | Մեթ Դաֆեր և Ռոս Դաֆեր |
Դերակատարներ | Ալեքսանդր Սկարսգորդ, Անդրեա Ռայսբորո և Էմիլի Էլին Լինդ |
Երաժշտություն | Դևիդ Ջուլիան |
Մոնտաժ | Ջեֆրի Մ. Վերներ |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Կինոընկերություն | Vertical Entertainment |
Տևողություն | 84 րոպե |
Սյուժե
խմբագրելԶոին և նրա ծնողները` Ռեյը և Քլերն արդեն երեք հարյուր օր է, որ ապրում են դպրոցական ռմբապաստարանում, որտեղ նրանք թաքնվել էին զինվորականներից, որոնք համաճարակ սկսվելուց հետո ռմբակոծում էին նրանց հարազատ քաղաք Քինգսվիլը Հյուսիսային Կարոլինայում։ Նրանց կյանքը դժվար ու ձանձրալի է, նրանք խստորեն կանոնակարգել են իրենց կյանքը` իրենց կողմից մշակված կանոնների հիման վրա։ Աղջկա և՛ մայրը, և՛ հայրը ամեն կերպ պայքարում են իրենց դստեր ֆիզիկական ու հոգեկան անվտանգության համար, բայց մի օր պատահականորեն ապաստարան ընկած լամպի պատճառով հրդեհ է բռնկվում. այն հաջողվում է մարել, սակայն դուրս թափանցած ծխի պատճառով նրանց գտնում են ծանր շնչառություն ունեցող ուժեղ և սարսափելի ինչ-որ արարածներ։ Մորն ու դստերը հաջողվում է դուրս գալ, նրանք փորձում են փախչելով փրկվել, բայց ապարդյուն։ Սակայն շուտով պարզվում է, որ իրականում կատարվածը տարբերվում էր հադիսատեսի պատկերացումներից...[1][2]
Հետագայում պարզ է դառնում, որ համաճարակից հետո, որը տարածվել էր հանելուկային վիրուսից, քաղաքը ռմբակոծվել էր։ Ռեյը, Քլերն ու Զոին թաքնվել էին ռմբապաստարանում, սակայն դուռը փակելիս Քլերը վնասվել էր և տեսել, որ նրա արյան գույնը փոխվել է` դառնալով սև։ Նա հասկացել էր, որ վարակը տարածվել էր օդով, և նրանք բոլորը վարակվել էին։ «Շնչավորները», ովքեր բռնել էին մորն ու աղջկան, հատուկ հագուստով և հակագազով մարդիկ էին, ովքեր փնտրում էին վարակվածների։ Նրանք պատրաստվում են սպանել Քլերին ու Զոիին, սակայն նրանց վրա է հարձակվում փրկված Ռեյը։ Ագրեսիայի դեպքում վարակվածի արտաքին տեսքը փոխվում է և մեծանում է ֆիզիկական ուժը։ Թեկուզ Ռեյին սպանում են, բայց Քլերն ու Զոին կարողանում են հաղթել մյուս զինվորականներին և փախչել։ Նրանք գտնում են կոյուղու մուտքը, որտեղ պատահաբար հանդիպում են հարևանի որդուն, ում հետ ընկերություն էր անում Զոին։ Վերջինս նրանց տանում է ստորգետնյա ապաստարան, որտեղ գտնում են բազմաթիվ վարակվածներ Քինգսվիլից։
Դերերում
խմբագրել- Ալեքսանդր Սկարսգորդ` Ռեյ
- Անդրեա Լուիզ Ռաիսբորո` Քլեր
- Էմիլի Ալին Լինդ` Զոի
Քննադատական գնահատականներ
խմբագրելBroadcast Film Critics Association և Online Film Critics Society-ի անդամ Մայք ՄըքԳրանագհանի (Mike McGranaghan) կարծիքով, ֆիլմում շատ թերություններ կար. սյուժեն կարելի է կանխագուշակել և այն ձանձրալի էր, որոշ տեսարաններում խախտվում է տրամաբանությունը, իսկ օրիգինալության ձգտող եզրափակիչ տեսարանը չափազանց անճշմարտանման է երևում։ Ըստ նրա` ընդհանուր առմամբ ֆիլը կրկնվող է, և այնտեղ չկա որևէ բան, որ չի կարելի գտնել նույն թեմատիկայով այլ ֆիլմերում, միևնույն ժամանակ` մի շարք այլ կինոստեղծագործություններում ամեն ինչ շատ ավելի լավ է արված (օրինակ` «Քայլող մեռյալները» հեռուստասերիալը)։ Ֆիլմի առավելություններից ՄըքԳրանագհանը նշում է փակ տարածության արդյունավետ օգտագործման մեթոդը և գլխավոր հերոսների հոգեբանորեն համոզիչ խաղը, որոնց վարքի վրա ազդել է այդ մռայլ միջավայրում անցկացրած մեկ տարին։ ՄըքԳրանագհանն իրական ձեռքբերում է (a real find) համարում երիտասարդ Էմիլի Ալին Լինդին Զոիի դերում` նշելով, որ այդքան երիտասարդ դերասանների համար նրա խաղացած ուժեղ հույզերը հազվադեպ են այդչափ իրական լինում[2]։
Այլ կարծիքի է քննադատ Նև Քուաթելը։ Նա համարում է, որ այս ֆիլմը կարելի է վարպետորեն ստեղծած և կատարյալ համարել և բնութագրում է ֆիլմը որպես հասուն, անսպասելի ավարտով, որը նման չէ ցածրբյուջետային այլ ֆիլմերի, որոնք ստեղծվել են թրիլլեր կամ սարսափ ֆիլմերի ժանրով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Mike McGranaghan (2015). «"Hidden"» (անգլերեն). The Aisle Seat. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
- Nav Qateel (2015). «Hidden (Review). "Hidden is an accomplished film"» (անգլերեն). INFLUX Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.