Թթվածնաքաղց (թերթթվածնություն, հիպօքսիա հունարեն՝ ὑπό — տակ, ներքևում + հուն․՝ οξογόνο — թթվածին), թթվածնի պարունակության նվազումը օրգանիզմի հյուսվածքներում։ Առաջանում է թթվածնի անբավարար մատակարարման կամ հյուսվածքների կողմից վերջինիս կլանման խանգարման դեպքում։

Թթվածնաքաղց
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն և բժշկական թունաբանություն
ՀՄԴ-9799.02
 Hypoxia (medical) Վիքիպահեստում

Ախտածագում

խմբագրել

Թթվածնաքաղցի ընթացքում առաջացած ախտաբանական վիճակը պայմանավորված է դեպի հյուսվածքները թթվածնի անցման և դրա յուրացման խանգարմամբ, որի հետևանքով կենսական կարևոր օրգաններում առաջանում են ոչ դարձելի փոփոխություններ։ Թթվածնաքաղցը նկատվում է բավականին հաճախ և հիմք է ծառայում զանազան ախտաբանական գործընթացների առաջացման համար։ Կարճատև թթվածնաքաղցը կարող է առաջանալ նաև օրգանիզմում թթվածնի տեղափոխությունը կամ յուրացումը խանգարող գործընթացների բացակայության դեպքում։ Դա տեղի է ունենում, երբ կտրուկ մեծանում է թթվածնի պահանջը՝ կապված չափից ավելի մեծ ֆիզիկական ակտիվության հետ (ծանր ֆիզիկական աշխատանք, գերլարվածություն և այլն)։

Տեսակներ

խմբագրել

Թթվածնաքաղցը կարող է լինել սուր, որն առաջանում է մի քանի րոպեների, նույնիսկ՝ վայրկյանների (կայծակնային) ընթացքում և քրոնիկական, որը տևում է ամիսներ, երբեմն՝ տարիներ։ Սուր հիպօքսիայի դեպքում առաջին հերթին տուժում է կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժինների, իսկ քրոնիկականի դեպքում՝ սիրտ-անոթային, շնչառական և արյան համակարգերի գործունեությունը։

Տարբերում են նաև հետևյալ տեսակները.

Պատճառներ

խմբագրել

Թթվածնաքաղցի պատճառ կարող են լինել օդում թթվածնի անբավարարությունը, օրինակ՝ մեծ բարձունքներ բարձրանալիս, հանքահորերում, ջրհորներում աշխատելիս և այլն։ Երբեմն կարող է առաջանալ շնչուղիները օտար մարմնով, լորձով խցանվելիս, բրոնխների կծկանքի, թոքերում սկսվող ախտաբանական գործընթացների դեպքերում (այտուց, բորբոքում), երբ կտրուկ փոքրանում է թոքերի շնչառական մակերեսը, ինչպես նաև շնչառական համակարգի այլ խանգարումների ժամանակ։ Շնչուղիների խցանման կամ այլ պատճառներով շնչառության կտրուկ խանգարման դեպքում կարող է առաջանալ շնչահեղձության ծանր վիճակ։ Սուր թթվածնաքաղց նկատվում է մեծ քանակությամբ արյան կորստի, սրտամկանի ինֆարկտի և այլ ծանր վիճակներում, ինչպես նաև ածխածնի օքսիդով (շմոլ գազ) թունավորվելիս, որի հետևանքով խանգարվում է հյուսվածքներին թթվածին մատակարարելու արյան ունակությունը։

Քրոնիկական թթվածնաքաղց կարող է առաջանալ թոքերի հյուսվածքի ախտաբանական փոփոխությունների դեպքում (օրինակ՝ թոքափքանք, սրտի արատներ, կարդիոսկլերոզ), որը կապված է թոքերի շնչառական ֆունկցիայի խանգարման կամ սրտի թերգործունեության և հյուսվածքների անբավարար արյունամատակարարման հետ։

Առանձնահատուկ տեղ է գրավում որոշ թունավոր նյութերով (օրինակ՝ ցիանիդներով) թունավորվելու հետևանքով առաջացած թթվածնաքաղցը։ Այդ նյութերն ընկճում են բջիջների ու հյուսվածքների շնչառական ֆերմենտներին, որոնք կորցնում են թթվածին յուրացնելու ունակությունը, և կարող է առաջանալ կայծակնային թթվածնաքաղց։ Թթվածնաքաղցը կարող է պայմանավորվել նաև օրգանիզմում որոշ վիտամինների անբավարարությամբ։

Պաթոգենեզ

խմբագրել

Թթվածնի անբավարարության հանդեպ առավել զգայուն են կենտրոնական նյարդային համակարգը, սրտամկանը, երիկամների, լյարդի հյուսվածքները։ Թթվածնի մատակարարումը լրիվ դադարելու դեպքում գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում լուրջ խանգարման ախտանշաններն ի հայտ են գալիս 2, 5-3 րոպե անց։ Կտրուկ փոխվում է օրգանիզմի բջիջների և հյուսվածքների նյութափոխանակությունը։ Սրտի գործունեության խանգարումներն արտահայտվում են սրտի կծկումների հաճախացմամբ, ապա թուլացմամբ, առաջանում է, այսպես կոչված, թելանման անոթազարկ։ Այլ դեպքերում սրտի հաճախակի կծկումները հանկարծակի փոխարինվում են ավելի դանդաղ անոթազարկով, որն ուղեկցվում է դեմքի խիստ գունատությամբ, սառը քրտինքով։ Ձեռքերն ու ոտքերը սառչում են, առաջանում է ուշագնացություն։ Որոշ թունավորումների դեպքում (օրինակ՝ մեթանի, կապտաթթվի գոլորշիների շնչում) արագորեն դադարում է կենսական կարևոր օրգանների (սիրտ, գլխուղեղ) ֆունկցիան։ Ծանր թթվածնաքաղցից հետո օրգանիզմի վիճակը պայմանավորված է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում առաջացող փոփոխություններով։

Թթվածնաքաղցի քրոնիկական ձևերը, որոնք առաջանում են արյան շրջանառության, շնչառության երկարատև անբավարարության և որոշ հիվանդությունների հետևանքով, դրսևորվում են հևոցով, սրտխփոցով (ոչ մեծ ֆիզիկական բեռնվածության դեպքում), աշխատունակության նվազումով։

Կանխարգելում

խմբագրել

Թթվածնաքաղցի հանդեպ օրգանիզմի դիմացկունությունը կարելի է բարձրացնել հատուկ բարոխցիկներում կամ լեռնային կլիմայի պայմաններում մարզվելով, որի դեպքում օրգանիզմում մշակվում են հարմարվողական մի շարք մեխանիզմներ (շնչառության, արյան շրջանառության ռեֆլեկտոր ուժեղացում, էրիթրոցիտների թվի ավելացում ի հաշիվ արյան դեպոների և այլն)։ Նշված երևույթները թթվածնի անբավարարության պայմաններում լավացնում են ինքնազգացողությունը և բարձրացնում աշխատունակությունը։

Բուժում

խմբագրել

Օդում թթվածնի անբավարարության հետևանքով առաջացած թթվածնաքաղցի բոլոր դեպքերում տուժածին պետք է ապահովել մաքուր օդով, հնարավորության պայմաններում շնչել տալ թթվածին։ Եթե թթվածնաքաղցը շատ չի խորացել, ապա նշված միջոցառումներով բոլոր խանգարումները կվերանան։ Շնչառական ուղիներ օտար մարմիններ ընկնելիս պետք է ձեռք առնվեն բոլոր միջոցները դրանք հեռացնելու համար։ Շմոլ գազով թունավորվելիս 1-ին հերթին տուժածին տեդափոխել մաքուր օդ, կատարել արհեստական շնչառություն։

Սուր թթվածնային անբավարարության ախտանշանների առաջացման ժամանակ անհրաժեշտ է դիմել շտապ բժշկական օգնության։ Ժամանակին ցուցաբերած ճիշտ օգնության շնորհիվ բոլոր խանգարումները վերանում են[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան», Երևան, 2001, էջ 229-230։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվածնաքաղց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 423