Ժան-Կլոդ Ռոման (ֆր.՝ Jean-Claude Romand, փետրվարի 11, 1954(1954-02-11)[1], Լոն-լե-Սոնիե), ֆրանսիացի զանգվածային մարդասպան և խաբեբա։

Ժան-Կլոդ Ռոման
Ծննդյան ամսաթիվփետրվարի 11, 1954(1954-02-11)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԼոն-լե-Սոնիե
Քաղաքացիություն Ֆրանսիա
Պատիժցմահ բանտարկություն
Սպանություն

Կենսագրություն

խմբագրել

Ժան-Կլոդ Ռոմանը ծնվել է անտառապահ Էմե Ռոմանի և նրա կնոջ՝ Աննա-Մարիա Ռոմանի ընտանիքում, Ֆրանսիայի արևելյան մասում գտնվող Ժուրա դեպարտամենտի Լոն Լը Սոնիե քաղաքում։ 1960-1972 թվականներին սովորել է Լոն Լը Սոնիեի լիցեյում։ 1973 թվականին, հանձնելով քննությունները, ընդունվել է համալսարանի բժշկական ֆակուլտետ։

Կրկնակի կյանք

խմբագրել

Ընդունվելով բժշկական ֆակուլտետ՝ Ռոմանը չի ներկայացել երկրորդ կուրսի քննություններին (իր իսկ խոսքերով՝ «պարզապես չի ցանկացել»), բայց խաբել է ծնողներին և ընկերներին՝ ասելով, որ հանձնել է դրանք։ Որպեսզի նրանց մոտ կասկած չառաջացնի, Ժան-Կլոդը իբր գնում էր դասերի և պատրաստվում քննություններին։ Այդ պահից սկսվել է նրա կյանքը որպես խաբեբա, որը տևել է երկար տարիներ։ Ռոմանին հաջողվել է համոզել իր բոլոր ծանոթներին, որ նա ավարտել է համալսարանը, բժիշկ է դարձել և 1984 թվականից աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ քաղցկեղի դեմ դեղորայքի մշակմամբ զբաղվող բաժնում։

Նա ամուսնացել է համալսարանից Ֆլորենս Կրոլի հետ, ունեցել երկու երեխա և ապրել Պրևենսեն Մոենում։ Իրականում, Ռոմանը երբեք չի ավարտել համալսարանը և ոչ մի տեղ չի աշխատել, երբեմն նա մեկնել է Ժնև, որտեղ գտնվում է ԱՀԿ-ն, և ժամանակ է անցկացրել այնտեղ, շրջել քաղաքում, մտել ԱՀԿ շենք, այցելել սրճարաններ և մասնակցել էքսկուրսիաների։ Մյուս օրերին, իր իսկ խոստովանությամբ, Ժան-Կլոդը ժամերով նստել է իր մեքենայում, նիրհել, թերթեր կարդացել և ռադիո լսել։ Նա ապրում էր մասամբ ստացված ժառանգությամբ, մասամբ՝ դեղատանը դեղագործ աշխատող կնոջ եկամուտներով, իսկ մասամբ՝ ծանոթներից խաբեությամբ վերցրած գումարով՝ խոստանալով մեծ շահույթով տեղավորել դրանք միջազգային ներդրումային ֆոնդերում։ Նման կյանք նրան հաջողվել է պահպանել տասնութ տարի։

Նախապատրաստում և սպանություն

խմբագրել

Ժամանակի ընթացքում նրա ծնողները սկսել են կասկածել, որ նա գումար է գողանում իրենց բանկային հաշվից։ Կինը սկսում է չափազանց շատ հարցեր տալ աշխատանքի մասին և կասկածել նրան։ Վերցնել գումար ծանոթներից դարձել է ավելի ու ավելի դժվար է, քանի որ նրանք պահանջում են իրենց ներդրումների արդյունքները։ Բացի դա, Ռոմանի լավագույն ընկերը, ով համալսարանի ժամանակներից շփվել է նրա հետ, բռնացրել է նրան ստի մեջ և դադարեցրել է նրա հետ բոլոր տեսակի շփումները։

Ի վերջո, Ժան-Կլոդ Ռոմանը չի դիմացել նյարդային լարվածությանը և որոշել է սպանել ընտանիքին և հետագայում ինքնասպան լինել, քանի որ, իր իսկ խոսքերով, կարծում էր, որ «ավելի լավ է, որ իր ընտանիքը մահանա, քան իմանա ճշմարտությունը նրա մասին»։

Սպանությունից մեկ շաբաթ առաջ Ժան-Կլոդ Ռոմանը որսորդական խանութից գնել է 22 տրամաչափի ինքնալիցքավորվող կարաբին՝ խլացուցիչով և տասը փամփուշտ։ Այս ամենը նա խնդրել է փաթեթավորել նվերի տուփի մեջ։ Նա նաև ձեռք է բերել երկու պղպեղով սրվակ և էլեկտրաշոկեր։ Բենզալցակայանում նա քսան լիտր տարողությամբ բենզինի տարա է գնել։

1993 թվականի հունվարի 8-ի երեկոյան նա պատրաստ էր իրականացնել իր ծրագիրը։ Շաբաթ օրը՝ հունվարի 9-ի գիշերը, նա քնեցրել է կնոջը և, երբ նա քնել է, սպանել է նրան մուրճի մի քանի հարվածներով գլխին։ Առավոտյան արթնացան նրա երեխաները։ Ռոմանը նրանց ասել է, որ մայրիկը դեռ քնած է և տարել է հեռուստացույցի մոտ, որպեսզի նրանք դիտեն երեխաների համար նախատեսված առավոտյան հաղորդումը։ Մինչ երեխաները դիտում էին մուլտֆիլմը, Ժան-Կլոդը լիցքավորել է կարաբինը և պտուտակել խլացուցիչը դրա վրա։ Դրանից հետո նա ավագ դստերը տարել է ննջարան՝ իբր ջերմաստիճանը չափելու համար, որտեղ նրան ասել է պառկել փորին ու փակել աչքերը։ Երբ նա պառկել է, Ռոմանը սպանել է աղջկան գլխին կրակելով։ Այնուհետև մարդասպանը իջել է իր փոքրիկ որդու հետևից և առաջարկել նրան նույնպես գնալ իր հետ և չափել ջերմաստիճանը, բայց տղան չափազանց տարված էր մուլտֆիլմով, այնուհետև Ռոմանը հանգիստ գնացել է կարաբինի հետևից և վերադառնալով, գնդակահարել է իր որդուն հենց հեռուստացույցի առջև։ Դրանից հետո նա որդու մարմինը պառկեցրել է դստեր մարմնի կողքին գտնվող ննջասենյակում, հագել իր լավագույն կոստյումը և գնացել ծնողների մոտ։

Ռոմանը հանգիստ ճաշել է ծնողների հետ՝ սեղանի շուրջ կրկին լսելով նրանց բողոքները բանկային հաշվից «փողի տարօրինակ անհետացման» վերաբերյալ։ Ժան-Կլոդը ծնողներին հավաստիացրել է, որ շուտով ամեն ինչ կհասկանա, որից հետո խաբեությամբ հորը տարել է ձեղնահարկ, որտեղ կարաբինից կրակել է կրծքին, երբ նա շրջվել է։ Շուտով նրա մայրը նույնպես բարձրացել է՝ իմանալու, թե երբ են նրանք իջնելու։ Տեսնելով սպանված ամուսնուն՝ նա միայն հասցրել է Ռոմանին հարցնել, թե ինչ է պատահել, որից հետո նա պատասխանել է, որ ամեն ինչ լավ է և անմիջապես սպանել է նրան գլխին արձակված կրակոցով։ Հեռանալիս Ժան-Կլոդ Ռոմանը գնդակահարել է նաև նրանց շանը։

Ծնողների սպանությունից անմիջապես հետո Ռոմանը զանգահարել է իր սիրուհուն և նրան հրավիրել ռեստորան իբր ռոմանտիկ երեկոյի։ Երեկոյան ժամը 7-ից հետո Ժան-Կլոդը ռեստորան տանող ճանապարհին հատուկ սխալ է շրջվել, իսկ հետո ձևացրել, թե իրենք մոլորվել են։ Հասնելով ճանապարհի մոտակա ամայի վայր՝ ձևացրել է, թե մեքենան կոտրվել է։ Հանցագործը դուրս է եկել մեքենայից և սկսել ձևացնել, թե ինչ-որ բան է շտկում, ինչից հետո բեռնախցիկից վերցրել է նախապես պատրաստված խեղդօղակը, պղպեղով սրվակը և շոկերը։ Խաբեությամբ մեքենայից դուրս հանելով իր սիրուհուն՝ նա էլեկտրաշոկեր է կիրառել և աչքերի մեջ լցրել պղպեղով սրվակը, որից հետո խեղդամահ է արել, սակայն սիրուհուն հաջողվել է դիմադրություն ցույց տալ և դուրս պրծնել։ Հասկանալով, որ իրեն այլևս չի հաջողվի սպանել, Ռոմանը ձևացրել է, թե ներողություն է խնդրում, և որ դա միայն շատ հիմար անհաջող կատակ էր։ Ինչ-որ կերպ սիրուհին հավատել է նրան և նույնիսկ թույլ տվել իրեն տուն բերել։

Ժամը 23։ 00-ի սահմաններում Ժան-Կլոդ Ռոմանը վերադարձել է տուն, որտեղ ավելի վաղ սպանել էր կնոջն ու երեխաներին։ Մինչև հունվարի 10-ի գիշերը ժամը 3-ը նա հեռուստացույց է դիտել, որից հետո բենզին է լցրել տան վրա, խմել բարբիտուրատների հաբերի պատրաստված կոկտեյլը և ժամը 3։ 30-ի սահմաններում հրկիզել տունը։ Սակայն հրդեհը գրեթե անմիջապես նկատվել է, և Ռոմանին ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենա են տեղափոխել առավոտյան ժամը 4-ի սահմաններում։ Մարդասպանը ժամանակին տեղափոխվել է հիվանդանոց և փրկվել։

Ձերբակալում, հետաքննություն և դատավարություն

խմբագրել

Գիտակցության գալուց հետո Ռոմանը ոստիկանության հսկողության տակ է հայտնվել՝ որպես սեփական ընտանիքի սպանության միակ վկա։ Սկզբում ոստիկանները որոշել են, որ հնարավոր է, նրա կինն ու երեխաները կողոպուտի զոհ են դարձել և սպանվել հանցագործների կողմից։ Բայց մեկ շաբաթվա ընթացքում ոստիկաններին հաջողվել է վերականգնել Ժան-Կլոդի խաբուսիկ կյանքի ամբողջական պատկերը, և 1993 թվականի հունվարի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել երեք մարդու սպանության համար։ Այն բանից հետո, երբ ոստիկանությունն այցելել է նրա ծնողների տուն, սպանվածների թիվը հասել է հինգի, իսկ շուտով, տեղեկանալով կատարվածի մասին, նրա սիրուհին դիմել է ոստիկանություն և պատմել սպանության փորձի մասին։

Ոստիկանությունը պարզել է, որ 9 տարվա ընթացքում Ռոմանը խաբեությամբ իր ծանոթներից և ընկերներից 300 հազար ֆրանկ է հափշտակել (ավելի քան 53,5 հազար դոլար՝ 1993 թվականի փոխարժեքով)։

Բացի դա, 1994 թվականի նոյեմբերին ոստիկանությունը կասկածել է Ժան-Կլոդ Ռոմանին իր աներոջ՝ Պիեռ Կրետեի սպանության մեջ, որը մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 23-ին՝ չպարզված հանգամանքներում, իբր սայթաքելու և պարանոցը կոտրելու արդյունքում՝ ընկնելով իր տան երկրորդ հարկ տանող աստիճաններից։ Քրեական գործը հարուցվել է 1994 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, պատահական զուգադիպությամբ, դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ Ռոմանը պետք է ցույց տար նրան շվեյցարական բանկերում իր տված «ֆինանսական ներդրումների» արդյունքը։

Ոստիկանությունը նաև պարզել է, որ հանցագործի մեկ այլ ծանոթ՝ Ռենե Ֆլոկը, որին Ռոմանը նաև խոստացել էր շահավետ կերպով փոխանակել խնայողությունները շվեյցարական բանկերում, մահացել է սեփական տանը գազի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսի 30-ին տարօրինակ և չպարզված հանգամանքներում, ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ֆլոկը Ժան-Կլոդից պահանջել է իր ներդրումների արդյունքները։ Ինքը՝ Ժան-Կլոդ Ռոմանը, մինչ օրս հերքում է իր մասնակցությունը Կրոկետի և Ֆլոկի մահվան մեջ։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հաջորդ երեք ամիսները Ռոմանը անցկացրել է հոգեբուժական հիվանդանոցում, քանի որ նա անընդհատ լռում էր հարցաքննությունների ժամանակ՝ գտնվելով շատ ծանր հոգեբանական վիճակում։ Նրա հետ հոգեբանների և հոգեբույժների երկարատև աշխատանքից հետո միայն նա վերջապես սկսել է ցուցմունք տալ։

1996 թվականի հուլիսի 6-ին Ֆրանսիայի Գերագույն դատարանը Ժան-Կլոդ Ռոմանին մեղավոր է ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում 5 մարդու դիտավորյալ սպանության և մեկ սպանության փորձի մեջ և դատապարտել է ցմահ ազատազրկման խիստ ռեժիմով բանտում՝ 22 տարի անց ներում շնորհելու և ազատ արձակելու խնդրագիր ներկայացնելու իրավունքով։ Հոգեբուժական փորձաքննությունը նրան ճանաչել է ծանր դեպրեսիայով, անձի երկփեղկվածությամբ և նարցիսիստական խանգարումով տառապող, սակայն կարող է պատասխանատու լինել իր գործողությունների համար։

Բանտի ղեկավարությունը, որտեղ Ժան-Կլոդ Ռոմանը պատիժ էր կրում, նրան բնորոշել է որպես օրինակելի վարքով և կարգապահական տույժերի բացակայությամբ բանտարկյալ։ Ինքը հայտարարել է, որ քրիստոնեություն է ընդունել և անկեղծորեն զղջում է իր արածի համար, բայց դա ճիշտ է, թե ոչ, հայտնի չէ։

Ազատազրկում

խմբագրել

2019 թվականի ապրիլի 25-ին պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը, Ժան-Կլոդ Ռոմանի փաստաբանի միջնորդությամբ, որոշում է կայացրել հանցագործին վաղաժամկետ ազատ արձակել։ Ժան-Կլոդ Ռոմանը ազատ է արձակվել 2019 թվականի հունիսի 28-ին։ Վաղաժամկետ ազատման պայմանների համաձայն՝ նրան արգելվում է 80 կիլոմետրից ավելի մոտենալ կատարված հանցագործությունների վայրերին, ինչպես նաև ցանկացած ձևով շփվել լրագրողների հետ[2][3]։ Այնուամենայնիվ, լրագրողներին հաջողվել է իմանալ, որ Ժան-Կլոդ Ռոմանը ազատ արձակվելուց հետո բնակվել է Բենեդիկտյան վանքերից մեկում և ստիպված ամիսը մի քանի անգամ այցելել է հոգեբույժի[4]։

Արվեստում

խմբագրել

Ժան-Կլոդ Ռոմանի կյանքն ու հանցագործությունը ուսումնասիրության առարկա է դարձել Էմանուել Կարերի «Մրցակիցը» վեպում։ 2002 թվականին այս վեպը հիմք է հանդիսացել Նիկոլ Գարսիայի համանուն ֆիլմի համար, որում գլխավոր դերը խաղացել է Դանիել Օթոյը (ֆիլմում գլխավոր հերոսի անունը Ժան-Մարկ Ֆոր է)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. French doctor who killed his family after they discovered his double life to be released
  3. Romand: Fake French doctor who killed family is free(չաշխատող հղում)
  4. «Notorious French 'doctor' who killed family released to abbey». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել