Ժան (Հովհաննես) Երիցյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժան (Հովհաննես) Երիցյան (1887, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ, Փարիզ, Ֆրանսիա), հայ գեղանկարիչ, ռեալիզմի մեթոդի հետևորդ։

Ժան (Հովհաննես) Երիցյան
Ծնվել է1887
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էանհայտ
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Քաղաքացիությունֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների դպրոց
Մասնագիտությունգեղանկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրգեղանկար, դիմանկար

Կյանք և ստեղծագործական ուղի

խմբագրել

Ծնվել է 1878 թվականին Զմյուռնիայում։ Պատանի հասակում տեղափոխվել է Մոսկվա, ստացել նախնական և մասնագիտական կրթություն, այնտեղից տեղափոխվել է Փարիզ[1]։ Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում՝ Կորմոնի և բոնայի արվեստանոցներում ուսանելով մեկական տարի։ Նա շատ օժտված երիտասարդ էր, Փարիզի գեղարվեստական միջավայրը նպաստել է նրա շնորհի կատարելագործմանը։ Պետությունը նրանից գնել է գնդացրի գյուտարար ֆրանսիացի Մ․Մարտենի դիմանկարը։ Ժան երիցյանի շատ գործեր անհայտ են, սակայն մեզ հասած մի քանի աշխատանք հնարավորություն է տալիս պատկերացում կազմել նրա վարպետության ու նկատելի հաջողությունների մասին։

  • «Գերուհին» նկարը կատարված է հավանաբար 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ողբերգական դեպքերի կապակցությամբ։ Հայտնի է, որ այդ շրջանում հայ կանանց ու աղջիկներին հափշտակել են ու գերեվարել։

Գերուհին մի երիտասարդ կին է, ինչ-որ նկուղ նետված, մերկ վիճակում։ Դատարկ խցում գեղեցիկ, բարեկազմ կինն է՝ գլխիկոր, հուսահատ իր ճակատագրին սպասելիս։ Դիտողը չի կարող չապրումակցել, չհամակվել կարեկցանքի զգացումով անօգնական զոհի հանդեպ։ Կնոջ մարմինը մշակված է դասական արվեստի բծախնդրությամբ, ռեալիստորեն։

  • «Ամուրը և Պսիքեան» պատկերը լիովին հակադիր է նախորդին։ Առասպելական թեմայով այս աշխատանքը բազմաթիվ նկարիչների է ոգևորել։ Երիցյանի այս գործը մոտ է Բուշեի, Ֆրագոնարի այդ թեմայով աշխատանքներին։ Նկարիչը վարպետորեն է ներկայացրել մերկ մարմնի պլաստիկան։ Պսիքեան պատկերված է կենդանի մարդու ֆիզիկական տվյալներով։ Նրա շարժումը ևս նպատակային է ու բնական, համապատասխանում է թեմային։

Գրականություն

խմբագրել
  • Եղ․ Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մարտիկյան, Եղիշե (1987). Հայկական կերպարվեստի պատմություն. Երևան. էջ 178.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)