Ժարգոնային բառերը հիմնականում խոսակցական բնույթ ունեն և հասկանալի են այն խավերի ու խմբերի համար, որոնք գաղտնիության կամ այլ նպատակով ստեղծել ու գործածում են դրանք։

Սովորաբար ժարգոնային բառերը վերաբերվում են գողերին կամ հասարակության մեջ առկա այլ խմբերի, չնայած ժարգոնային բառապաշարից կարող են օգտվել միայն քրեական հանցագործները, բանտարկյալները, երբեմն նաև առանձին մասնագիտությունների տեր մարդիկ՝ վարորդ, զինվորականներ, նավաստիներ, առևտրականներ, չարչիներ, նույնիսկ երիտասարդության որոշ խավեր՝ դպրոցականներ, ուսանողներ և այլն։ Օրինակ՝ գողական գնալ, քսիվ, մենթ, խոխմա, շախի կայնել, գրեֆ, ռամ, շմոն։ Իսկ ուսանողների խոսակցական լեզվում հաճախ են լսվում՝ դուխով, մանթրաշ (մանթո), քաշվել, շուխուռ, քցել, քյոլել, կայֆ, թույն։ Ժարգոնային բառերի մի մասը գրական լեզվում գործածվում են, բայց ոչ հիմնականում իրենց բուն, այլ ուրիշ իմաստներով։

Օրինակ՝

  • քաշվել – փորձանքի մեջ ընկնել
  • գլխին քաշել – մեկ շնչով խմել
  • թույն – աննախադեպ
  • մուկ տշել – անգործության մատնվել։

Մյուսները անցել են այլ լեզուներից որպես օտարաբանություններ։ Օրինակ՝ փսիխ, խոխմա, կայֆ, վալնավատ, ուբեդիտ, կանկռետնի, սաղ, սալամաթ, մերսի, օքեյ։

Աշակերտների, դպրոցականների շրջապատում ընդունված է բառերի կրճատ ձևերի գործածությունը։ Օրինակ՝ անգլ չկա, մաթեմ, աշխարհից ուշացել եմ։

Իսկ փոքրիկների լեզվում՝ տիտիկ անել, չոփ-չոփ անել, կակա, քխ, հաֆո։

Ժարգոնային, ծածկալեզվային բառերի տարատեսակն է՝ գռեհկաբանությունը կամ հասարակաբանությունը, որոնց մեջ հիմնականում մտնում են արհամարհական, անարգական, հայհոյական բառերը։ Օրինակ՝ դանդալոշ, ռեխ, զխտվել, շնթռել, լակել, խժռել, ռնդել։

Որքան էլ գռեհկաբանությունները ոճական որոշակի նպատակադրում ունենան, այնուամենայնիվ նրանց գործածություն շատ քիչ դեպքերում կարող է գեղագիտական առումով արդարացում ունենալ, խոսքը վերաբերվում է այն դեպքերին, երբ դրանք ունեն անխափանողական գործառույթ, այն խիստ բացառիկ դեպքերի, երբ նկարագրում են՝ բանտը, գաղութը, կալանավայրը և նման միջավայրերը ու այդտեղ գործող մարդկանց, նրանց մտածողությունը, հաղորդակցությունը։ Իսկ մնացած դեպքերում դրանք բացասաբար են անդրադառնում ոչ միայն գեղարվեստական երկի, նրա լեզվական մշակույթի վրա այլև նրանց երբեմնի գործածությունը խրախուսելի չէ և դաստիարակչական և առավել ևս գեղագիտական նկատառումներով։