Թռչնաբուծական ֆաբրիկա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Թռչնաբուծական ֆաբրիկա, արդյունաբերական հիմունքներով թռչնաբուծական մթերք արտադրող ձեռնարկություն։ Կառուցվում է հիմնականում արդյունաբերական խոշոր կենտրոնների ու քաղաքների մոտ։ Մասնագիտացված է բնակչությանը դիետիկ ձվով և թարմ թռչնամսով ապահովելու գործում։
Կարող է ունենալ երկու հիմնական արտադրական ուղղություն՝ մսային ու ձվային։ Թռչնաբուծական ֆաբրիկաներում տեխնոլոգիական պրոցեսները գործարանային տիպի են։
Իր կառուցվածքում սովորաբար ունենում է մայրական հոտի, ճտահանության, մատղաշի աճեցման, հավերի վերարտադրական հոտի (ձու արտադրող ֆաբրիկա) կամ մսացու ճտերի վերարտադրական հոտի (միս արտադրող ֆաբրիկա), սպանդի, մթերքի մշակման, ձվի տեսակավորման ու փաթեթավորման և արդ. թափոնների մշակման արտադրամասեր։ Դրանց հաջորդական դասավորության շնորհիվ ապահովվում է տեխնոլոգիական պրոցեսների հոսընթացությունը և առանձին օղակների արտադրության մասնագիտացումը (հիբրիդային մատղաշի, ձվի, մսի արտադրություն, հոտը համալրող մատղաշի աճեցում)։ Արտադրական փուլերը կարող են լինել փակ և բաց։
Առաջին դեպքում կան նշված բոլոր արտադրամասերը և ապահովված է գլխաքանակի լրիվ վերարտադրությունն ու մթերքի նախնական մշակումը։ Երկրորդ դեպքում բոլոր արտադրամասերի առկայությունը պարտադիր չէ, և ֆաբրիկան կարող է աշխատանքները կոոպերացնել այլ տնտեսությունների հետ։ Միս արտադրող ֆաբրիկաներում թռչուններին պահում են խորը ցամքարի վրա և մարտկոցային վանդակներում, իսկ ձու արտադրողներում՝ վանդակներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 215)։ |