Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա
Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա (անգլ.՝ How to Win Friends and Influence People), Դեյլ Քարնեգիի առավել հանրաճանաչ գիրքը։ Լույս է տեսել 1936 թվականի նոյեմբերի 12-ին։ Հրատարակվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։
Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա անգլ.՝ How to Win Friends and Influence People | |
---|---|
Հեղինակ | Դեյլ Քարնեգի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | հանրամատչելի հոգեբանություն |
Թեմա | Ինքնօժանդակում |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1936 |
Էջեր | 226 |
Խմբագիր | Լ․ Զ․ Անանյան |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1935 |
Թարգմանիչ հայերեն | Անահիտ Տեր-Հովհաննիսյան |
Վիքիքաղվածք | Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա |
Գիրքը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քարնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում։ Քարնեգիի կարևորագույն սկզբունքներից մեկն է մարդկանց ներշնչել իրենց անձի կարևորության զգացում, ցուցաբերել մարդու նկատմամբ այն հարգանքը, որի իրավունքն ունի յուրաքանչյուրը՝ անկախ հասարակության մեջ գրաված դիրքից։
Մեկ տարվա ընթացքում վաճառվել է գրքի մոտ մեկ միլիոն օրինակ (հեղինակի կենդանության օրոք ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 5 միլիոն օրինակ)։ Տասնամյակների ընթացքում գիրքը «Նյու Յորք Թայմս» թերթի բեսթսելերների ցանկում է եղել, ինչը մինչ օրս համարվում է բացարձակ ռեկորդ։ 2011 թվականին աշխարհի ամենաազդեցիկ 100 գրքերի ցանկում եղել է 19-րդը[1]։
Սյուժե
խմբագրելԺպիտն ամենապարզ եղանակն է ցույց տալու նոր ծանոթին, որ նա ձեզ դուր է գալիս։ Մեր արարքները և ժեստերն ավելի շատ են ասում մեր մասին շրջապատի մարդկանց, քան մեր բառերը։ Գիտակցաբար ժպտալով մարդն ազդում է ոչ միայն շրջապատի, այլև ինքն իր վրա։ Չարժե քննադատել մարդկանց բացեիբաց, քանի որ մարդուն ղեկավարում է ոչ թե բանականությունն, այլ նրա հուզական աշխարհը։ Բենջամեն Ֆրանկլինն ասում է, որ իր հաջողության գաղտնիքը ոչ ոքի մասին վատ չխոսելն է։ Աբրահամ Լինկոլնը ընդհակառակը բոլորին ծաղրում էր, մինչև որ նրա ընդդիմադիրներից մեկն ի վերջո նրան մենամարտի կանչեց։ Մարդկանց համակրանքը նվաճելու համար պետք է ավելի հաճախ քաջալերել նրանց։ Մարդկանց արարքների առյուծի բաժինը մյուսների հավանությունը ստանալն է։ Պետք է սովորել անկեղծորեն գովել մարդկանց։ Դրա համար պետք է ինչպես Ռալֆ Ուոլդո Էմերսոնը գիտակցել, որ ցանկացած մարդ ինչ-որ բանում գերազանցում է մեզ։ Հետաքրքիր զրուցակից դառնալու համար պետք է հետաքրքրություն ցուցաբերել զրուցակցի նկատմամբ։ Զիգմունդ Ֆրոյդի ամենամեծ տաղանդը դիմացինին իր ուշադրության և մասնակցության մեջ համոզելն է։ Նա, ով շատ է խոսում իր մասին, չգիտի լսել։ Պետք է հավանություն տալ այն թեմաներին, որոնք հետաքրքրում են զրուցակցին։ Թեոդոր Ռուզվելտը որևէ կարևոր հանդիպումից առաջ հիմնավոր կերպով ուսումնասիրում էր ապագա զրուցակցին։ Խոսեք մարդու հետ նրա մասին և նա ձեզ կլսի ժամերով։ Մարդիկ սիրում են, երբ հիշում են իրենց անունը, իրենց կյանքի մանրամասներ, ծննդյան օրեր, երեխաների անուններ։ Անունը հոգեբանական առավելության բանալի է։ Պետք չէ հարկի ու անհարկի վեճի բռնվել։ Երբեք պետք չէ ասել մարդուն, որ նա իրավացի չէ, որ նա սխալվում է։ Երբեք պետք չէ ցույց տալ, որ ավելի խելացի ես դիմացինից։ Զրուցակցի սխալը կարելի է մատնանշել ավելի դիվանագիտորեն և անուղղակի՝ վկայակոչելով օրինակ սեփական դանդաղամտությունը և փաստերը մեկ անգամ էլ ճշտելու ցանկությունը։ Եթե դուք իրավացի չեք, ապա դա պետք է իսկույն ընդունել։ Համոզելու համար զրուցակցին, պետք է ստիպել նրան ավելի հաճախ ասել «այո»։ Դա Սոկրատեսի մեթոդն է։ Որքան ավելի շատ է զրուցակիցը համաձայնում, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ նա կընդունի ձեր վերջնական տեսակետը։
Գրքի հիմնական սկզբունքները
խմբագրելՄարդկանց` ձեր անձի հանդեպ բարեհաճ տրամադրելու եղանակներ
խմբագրել- Դրսևորե՛ք անկեղծ և կենդանի հետաքրքրություն այլ մարդկանց հանդեպ։
- Ժպտացե՛ք. դա ձեզ համար շահեկան առաջին տպավորություն թողնելու շատ հարմար միջոց է։
- Մարդու համար ամենահաճելի ձայներից մեկը սեփական անունը լսելն է։
- Մարդկանց ներշնչե՛ք ձեր սեփական նշանակալիության զգացումը։
- Խոսե՛ք այն թեմաներով, որոնք հետաքրքիր են ձեր խոսակցի համար։
Մարդկանց` ձեր տեսակետին հանգեցնելու եղանակներ
խմբագրել- Բանավեճում հաղթելու միակ միջոցը նրանից շեղվելն է. վիճելով դուք կարող եք պարտվել։
- Դրսևորե՛ք հարգանք ուրիշների կարծիքի հանդեպ. մարդուն երբեք մի՛ ասեք, որ նա սխալ է։
- Եթե դուք իրավացի չեք, միանգամից անկեղծորեն ընդունեք այն։
- Միանգամից մարդկանց ցո՛ւյց տվեք ձեր բարեկիրթ վերաբերմունքը։
- Թող հենց սկզբից ձեր խոսակիցը ստիպված լինի ձեզ «այո» պատասխանելու։
- Աշխատե՛ք, որ ձեր խոսակիցը ձեզնից շատ խոսի։
- Թող ձեր զրուցակիցը զգա, որ գաղափարն իրեն է պատկանում. դա կօգնի ձեզ համագործակցելու նրա հետ։
- Փորձե՛ք ընդունել ձեր զրուցակցի տեսակետը։
- Դրսևորե՛ք կարեկցություն ուրիշ մարդկանց մտքերի և ցանկությունների հանդեպ։
- Երբ ոչինչ չի ազդում, մարտահրավե՛ր նետեք նրանց։
Միջոցներ, որոնցով կարող եք փոխել մարդուն` առանց նրան վիրավորելու
խմբագրել- Եթե դուք պետք է մարդուն ցույց տաք նրա սխալը, սկսե՛ք նրան գովաբանելուց և նրա արժանիքները ընդունելուց։
- Եթե ուշադրություն եք դարձնում մարդկանց սխալներին, արե՛ք դա անուղղակիորեն։
- Մինչ ուրիշներին քննադատելը պատմե՛ք նրանց ձեր սեփական սխալների մասին։
- Հրամաններ արձակելու փոխարեն՝ տվե՛ք հարցեր։
- Մարդուն սեփական դեմքը պահպանելու հնարավորությու՛ն տվեք։
- Շռայլորեն և անկեղծ գովե՛ք մարդուն նրա ձեռքբերումների համար։
- Ստեղծե՛ք մարդու համար բարի համբավ, որ նա ապրի՝ այն պահպանելով։
- Խրախուսե՛ք մարդուն. նրան հասկացրե՛ք, որ թերություններն ուղղելը հեշտ է, իսկ ձեռնարկելիք գործը՝ հետաքրքիր և հեշտությամբ կատարելի։
- Արե՛ք այնպես, որ ձեր հրահանգները կատարելը հաճելի լինի։
Ձեր ընտանեկան կյանքն ավելի երջանիկ դարձնելու միջոցներ
խմբագրել- Ոչ մի դեպքում բծախնդիր մի՛ եղեք։
- Մի՛ քննադատեք։
- Անկեղծորեն երախտագե՛տ եղեք։
- Փոքր-ինչ ուշադրությու՛ն դրսևորեք։
- Կարդացե՛ք լավ գիրք ամուսնության սեքսուալ կողմի մասին։
Մեջբերումներ
խմբագրել- Ամեն անգամ, երբ տնից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք. ագահաբար կլանեք արևի լույսը, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին։ Մի վախեցեք, թե ձեզ ճիշտ չեն հասկանա, և ոչ մի րոպե մի ծախսեք ձեր թշնամիների մասին մտածելու վրա։ Փորձեք մտքում հաստատ որոշել, թե ինչ եք ուզում անել, իսկ հետո շեղվելով շարժվեք ուղիղ դեպի նպատակակետ։
- Գոյություն ունի մարդկային վարքագծի մի կարևորագույն օրենք։ Ենթարկվելով այդ օրենքին՝ մենք երբեք փորձանքի չենք հանդիպում։ Փաստորեն հետևելով այդ օրենքին, մենք ձեռք կբերենք անթիվ բարեկամներ և կայուն երջանկություն։ Բայց բավական է, որ այն խախտենք, և անմիջապես անվերջանալի փորձանքներ կհարուցենք մեր նկատմամբ։ Այսպիսին է այդ օրենքը՝ ձեր զրուցակցին մշտապես ներշնչեք սեփական նշանակալիության գիտակցությունը։
- Քչերն են սիում իրենց համար տհաճ ճշմարտությունը։
- Երբեմն պատահում է, որ մենք փոխում ենք մեր կարծիքը առանց որևէ դիմադրության կամ ուժեղ ապրումների, բայց բավական է ինչ-որ մեկը մեզ ասի, որ իրավացի չենք, անմիջապես վրդովվում ու գազազում ենք։ Մենք չափազանց անփույթ ենք մեր համոզմունքների ձևավորման հարցում, բայց հենց որ ինչ որ մեկը փորձում է դրանք մեզնից խլել, համակրում ենք դրանց հանդեպ չարդարացված բուռն սիրով։ Բոլորովին ակնհայտ է, որ մեզ համար թանկ են ոչ թե իրենք` գաղափարները, այ մեր ինքնասիորությունը, որին վտանգ է սպառնում
- Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում։
- Կրթության մեջ նպատակը ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը։
- Ես հասկացա, որ փնթփնթալը հիմարություն է։ Իմ սեփական թերությունների հետ կապված բավական հոգսեր ունեմ. Ուր մնաց, թե նեղսրտեմ, որ Աստված չի հոգացել մարդկանց միջև հավասարապես բաժանել մտավոր ունակությունները։
- Քննադատությունը անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, փորձել արդարանալ։ Քննադատությունը վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում։
- Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն։
- Երբ մարդու ներսում պայքար է սկսում, նշանակում է իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում։
- Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումենով և գործում են` ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից։
- Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից։
- Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք նրանց հասկանալ։ Փորձեք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ թե այլ կերպ։ Դա շատ ավելի օգտակար է և հետաքրքիր, քան քննադատելը։ Ամեն ինչ հասկանալ նշանակում է ամեն ինչ ներել։
- Տղամարդկանց մեծ մասը կին ընտրելիս փնտրում է ոչ թե տնտեսուհի, այլ գրավիչ մեկին, որը պատրաստ է բարելավելու իր փառասիրությունը և թույլ տալու, որ ինքը զգա իր գերազանցությունը։
- Մեր բոլոր արարքների հիմքում ընկած են երկու դրդապատճառներ` սեռական հակումը և մեծ դառնալու ձգտումը։
- Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել խորաթափանց մարդկանց վրա։ Այն փուչ է, եսասիրական և կեղծ։
- Հանցագործների միայն փոքր մասն է իրեն վատ մարդ համարում։ Իրենց կարծիքով, նրանք ճիշտ այնպիսի մարդիկ են, ինչպես դուք և ես։ Այդ պատճառով նրանք ջանում են ինչ-որ ձևով պատճառաբանել, բացատրել իրենց արարքները։
- Խոստովանությունը անկեղծ է, իսկ շողոքորթությունը` կեղծավոր։ Առաջինը բխում է սրտից, երկրորդը` միայն շուրթերից։ Առաջինը անշահախնդիր է, երկրորդը դատապարտում են։
- Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից, վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամներից։
- Գնորդին հաճելի է գիտակցել, որ ինքն է գնում, ոչ թե, որ իրեն վաճառում են։
- Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ` գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն շատ տարիներ անց, երբ դուք դրանք մոռացած կլինեք։
- Անհրաժեշտ է կարողանալ հասկանալ ուրիշի տեսակետը և իրերին նայել նրա և քո տեսակետից։
- Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում։
- Դեպի մարդու սիրտ տանող ամենստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում։
- Ինքնաարտահայտումը մարդկային բնավորության գերիշխող պահանջն է։
- Եթե ուզում ենք բարեկամներ ձեռք բերել, եկեք մեր բոլոր ուժերը տրամադրենք, որպեսզի ուրիշների համար անենք ինչ-որ բան, որը պահանջում է ժամանակ, ջանք, եռանդ, անշահախնդրություն և հոգատարություն։
- Դուք կարող եք երկու ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել ուրիշներով հետաքրքրվելով, քան ձեռք բերել երկու տարվա ընթացքում ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով։
- Միտքը մեծագույն ուժ է։ Պահպանեք պատշած հոգեվիճակ և միշտ կլինեք քաջ, անկեղծ և բարձր տրամադրության մեջ։ Ճիշտ մտածել` նշանակում է ստեղծել։ Ամեն ինչ ի կատար է ածվում ցանկության միջոցով, և յուրաքանչյուր անկեղծ խնդրանք կատարվում է։ Մենք նմանվում ենք նրան, ինչին մղում է մեր սիրտը։ Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դառնալ աստված
- Ժպիտը հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են` միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են։
- Մարդիկ այնքան են հպարտանում իրենց անվամբ, որ ջանում են հավերժացնել այն ցանկացած գնով։
- Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում։ Չեն լինում, որովհետև եթե վիճում եք դուք արդեն պարտվել եք։
- Հաջող գործնական հարաբերություններում ոչ մի գաղտնիք չկա, շատ կարևոր է բացառիկ ուշադրություն դրսևորել այն մարդու հանդեպ, որը ձեզ հետ է խոսում։
- Հետաքրքիր լինելու համար պետք է շահագրգռված լինել։
- Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա։ Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը։ Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված։ Այն կախված է ներքին պայմաններից։ Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում։
- Յուրաքանչյուր ազգ իրեն բարձր է դասում մյուսներից։ Դա ծնում է հայրենասիրություն և պատերազմներ։
- Չգունազարդված ճշմարտությունն այն է, որ ձեզ հանդիպող գրեթե յուրաքանչյուր մարդ իրեն համարում է ինչ-որ առումով ձեզնից բարձր, և դուք կգտնեք նրա սիրտը տանող ճիշտ ուղին, եթե նրան առանց ձանձրացնելու թույլ տաք հասկանալ, որ ընդունում եք սեփական փոքրիկ աշխարհում նրա կարևոր դերը և այն ընդունեք անկեղծորեն։
- Առաջին բանը որ անհրաժեշտ է յուրացնել ուրիշների հետ փոխհարաբերություններոմ, դա այն է, որ նրանց չի կարելի խանգարել լինելու երջանիկ այնպես, ինչպես նրանք են այդ ուզում, եթե միայն դա մեզ չի խանգարում լինել երջանիկ այն ձևով, ինչպես մենք ենք ուզում։
- Մարդը, որին համոզել են հակառակ իր կամքի, նույնիսկ ակամա չի հրաժարվի իր կարծիքից։
- Մի կաթիլ մեղրն ավելի շատ ճանճերի է գրավում, քան մի ամբողջ կճուճ լեղին։ Նույն բանը վերաբերվում է նաև մարդկանց. եթե ցանկանում եք մարդուն ձեր կողմը գրավել, նախ և առաջ համոզեք նրան, որ անկեղծ բարեկամ եք։ Ահա մեղրի այն կաթիլը, որով կարելի է գրավել նրա սիրտը։
- Ոչ մեկին բավականություն չի պատճառում, երբ ամեն կերպ փորձում են իր վզին փաթաթել որևէ իր կամ մատնացույց են անում իր անելիքը։ Մեզ համար ավելի հաճելի է կարծել, որ գնումենր ենք անում սեփական ցանկությամբ կամ գործում սեփական դրդմամբ։ Մենք սիրում ենք, որ հաշվի առնվեն մեր ցանկությունները, մեր կարծիքները, մեր հայացքները։
- Մարդկային փոխհարաբերություններում հաջողությունը կախված է ուրիշի տեսակետն իր համար պարզելու բարյացակամ ձգտումից։
- Պատերազմը խաղ է, որտեղ երբեմն պարտվում են նաև լավագույն մարդիկ։
- Մարդկանց համար բարի համբավ ստեղծեք, որը նրանք կջանան արդարացնել։
- Ապշեցուցիչ է, բայց փաստ է, որ միակ մարդիկ, որ մեզ տհաճ, վիրավորող և ցավ պատճառող բաներ են ասում, դրանք մեր տնեցիներն են։ Քաղաքականությունը հոգու այնպիսի որակ է, որի առկայությամբ չեն նկատում կոտրված դռնակը, այլ ուշադրություն են դարձնում դռնակից այն կողմ` բակում գտնվող ծաղիկներին։
- Ամեն անգամ, երբ տանից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ How to Win Friends and Influence People in the Digital Age. (2011). Retrieved March 28, 2016, from http://www.dalecarnegie.com/how-to-win-friends-and-influence-people-in-the-digital-age Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» հոդվածին։ |