Լադիսլավ Կուբալա
Լադիսլավ Կուբալա (սլովակ.՝ Ladislav Kubala, 1927 թվական, հունիսի 10, Բուդապեշտ - 2002 թվական, մայիսի 17, Բարսելոնա), հունգարացի, չեխոսլովակցի և իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ[3][4][5]։ Հայտնի է իր ելույթներով այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Ֆերենցվարոշ», «Բրատիսլավա», «Վաշաշ», «Բարսելոնա» և «Էսպանյոլ» ակումբները։ Համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիտներից մեկը (ընդգրկվել է Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից կազմված XX դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակի 32-րդ հորիզոնականում[6])։ Կուբալան ունեցել է այնպիսի խաղային որակներ, ինչպիսիք են լավ փոխանցումներ կատարելու, հիանալի դրիբլինգի, գոլային հոտառության և տուգանային հարվածները վարպետորեն իրացնելու կարողությունները։ 1999 թվականին «Բարսելոնայի» հարյուրամյակի նշման ժամանակ ակումբի երկրպագուների շրջանում կատարված հարցումների արդյունքում Կուբալան ճանաչվում է պատմության լավագույն ֆուտբոլիստը, որը երբևէ հանդես է եկել «կապտանռնագույնների» կազմում[7][8][9]։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա սկսում է զբաղվել մարզչական գործունեությամբ։ Նա երկու անգամ նշանակվել է «Բարսելոնայի» մարզիչ, մարզել է Իսպանիայի ազգային հավաքականը, 1992 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ ընդգրկվել է Իսպանիայի օլիմպիական հավաքականի մարզչական շտաբի անդամների կազմում[10][11]։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Լադիսլավ Կուբալա Շտեց[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունգարիա, Չեխոսլովակիա, Իսպանիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Գնչու, Լասի, Կուկսի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1927[2] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | մայիսի 17, 2002[2] (74 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Բարսելոնա, Իսպանիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական/աջ հարձակվող, գրոհող կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և պատանեկություն
խմբագրելԿուբալան ծնվել է Բուդապեշտում (Հունգարիա) սլովակա-հունգարական ընտանիքում։ Նրա մայրը եղել է գործարանային աշխատող, իսկ հայրը՝ որմնադիր։ Կուբալան սկսել է զբաղվել ֆուտբոլով «Գանզ Տորնա» սպորտային դպրոցի ակումբում, որը հանդես էր գալիս Հունգարիայի առաջնության երրորդ դիվիզիոնում։ 11 տարեկան հասակում նա արդեն խաղում էր իրենից երեք տարի մեծ երիտասարդների հետ, ընդ որում նա գերազանցում էր նրանց իր վարպետությամբ։ Կուբալայի մանկությունը և պատանեկությունը անցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում[7]։
Կարիերայի սկիզբ
խմբագրել1945 թվականին, 18 տարեկան Կուբալան դառնում է ավելի ուժեղ թիմի ֆուտբոլիստ, քան «Գանզ Տորնան» է․ Նա համալրում է «Ֆերենցվարոշ» ակումբի կազմը, որը այն ժամանակ լավագույններից մեկն էր Հունգարիայում։ Այդ ակումբի կազմում Կուբալայի հետ միասին հանդես էր գալիս Շանդոր Կոչիշը, ով ապագայում նրա հետ միասին լքում է Հունգարիայի սոցալիստականը և գլխավորում է «Բարսելոնայի» հարձակման գիծը Լասլոյի հետ միասին։ 1946 թվականի ապրիլի 25-ին[7][12] Կուբալան նշում է իր նորամուտը Հունգարիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում և այդ խաղում դառնում է երկու գոլի հեղինակ։ 1945 թվականի հոկտեմբերին Կուբալան իր նորամուտն է նշում Հունգարիայի երիտասարդական հավաքականի կազմում[12]։
Կուբալան Չեխոսլովակիայում
խմբագրել1946 թվականի գարնանը մահանում է Կուբալայի հայրը[7][12]։ Այդ դեպքից հետո պատանին իր մոր հետ որոշում է տեղափոխվել մոր պատմական հայրենիք՝ Չեխոսլովակիա[7][12]։ Նրանք հաստատվում են Բրատիսլավայում, որտեղ Կուբալան միանում է տեղի «Սլովան» ակումբին։ 1946 թվականի հոկտեմբերի 27-ին Կուբալան իր նորամուտն է կատարում Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում. առաջին խաղն է դառնում Ավստիրայի հավաքականի դեմ հանդիպումը, որի ժամանակ նա դառնում է գոլի հեղինակ[7][12][13]։ 1947 թվականին Կուբալան ամուսնանում է Աննա Վիոլա Դաուչիկի հետ։
Վերադարձ Հունգարիա
խմբագրելՀունգարական ուժերի ճնշման տակ Կուբալան վերադառնում է Հունգարիա 1948 թվականին և դառնում «Վաշաշ» ակումբի ֆուտբոլիստ[7][12]։ Հունգարիայում Կուբալան հայտնի էր որպես տուգանային հարվածների լավ իրացնող[7]։ Այդ նույն թվականին նրան հրավիրում են Հունգարիայի հավաքական, որի կազմում նա անցկացնում է երեք խաղ[7] (այն ժամանակ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն այդքան խիստ չէին, ինչքան ներկայում․ կային դեպքեր, երբ նրանք թույլ են տվել մեկ ֆուտբոլիստի հանդես գալ երկու տարբեր հավաքականների կազմում, իսկ այժմ դա կատեգորիկ արգելված է)։ Շուտով հունգարական հակահետախուզությունը մեղադրում է ֆուտբոլիստին Չեխոսլովակիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Այնուամենայնիվ Լասլոն բռնաճնշումների չի ենթարկվում. նա զորակոչվում է Կարմիր լեգեոն՝ հունգարական բանակ, սակայն չցանկանալով ծառայել բանակում՝ նա որոշում է լքել երկիրը[7]։
Փախուստ։ Անորոշության տարիներ
խմբագրել1949 թվականի հունվարին Կուբալան փախչում է Հունգարիայից բեռնատարով, որի մեջ իր նման փախստականներ կային։ Նա սովետական զինվորական համազգեստ էր հագել և թաքցրել էր իր ընտանիքին (մորը, երիտասարդ հղի կնոջը և Բրատիսլավայում ծնված փոքր որդուն) բրեզենտի տակ[7][12]։ Նա լինում է Ավստրիայում։ Վիեննայում, որտեղ ինքը և իր ընտանիքը ստիպված էին գիշերել օթևանատանը, նրան են հանդիպում այն ժամանակվա ուժեղագույն իտալական ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Տորինոյի» ներկայացուցիչները, որոնք ցանկանում էին նրա հետ պայմանագիր կնքել։ Նույն ժամանակահատվածում Հունգարիայում՝ Կուբալայի հայրենիքում, նրա փախուստի հետ կապված առաջացել էր խառնաշփոթ իրավիճակ․ փախստականը ցմահ որակազրվել էր իր քայլի համար Հունգարիայի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից, իսկ ՖԻՖԱ-ն հաստատել էր վերջինիս որոշումը[7][12]։ Այդպիսով Կուբալան չէր կարող մասնակցել «Տորինոյի» պաշտոնական խաղերին։ Բացի դրանից, ակումբը փորձում էր բողոքարկել ՖԻՖԱ-ի միջոցով Կուբալայի որակազրկումը և կանչում է նրան ակումբի կազմ 1949 թվականին՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը մասնակցություն ունենալու համար։ Կուբալան սկզբում համաձայնություն է տալիս, սակայն նրա կինը երկրորդ երեխայի ծնվելուց ոչ ուշ համոզում է Կուբալային մնալ իր հետ[7][12]։ Մայիսի 4-ին «Տորինոյի» ֆուտբոլիստների՝ Լիսաբոնից ետ վերադարձող ինքնաթիռը վայրէջքի վայրից ոչ շատ հեռու՝ Սուպերգի թմբերի մոտ, վթարի է ենթարկվում, և նրա մեջ գտնվող 31 մարդիկ մահանում են։
Հետո Կուբալան սկսում է մարզվել «Միլանի» հետ միասին[7], իսկ հետո նախնական պայմանագիր է կնքում «Պռո Պատրիա» ակումբի հետ (ակումբի տնօրինությունը հույս ուներ, որ Կուբալայի որակազրկումը կչեղարկվի)[7][12]։ Արդյունքում Կուբալան այդպես էլ «Պռո Պատրիայի» կազմում ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցում։
Կուբալան որոշում է գնալ իր ճանապարհով և ստեղծել ակումբ՝ կազմված այնպիսի փախստականներից (հիմնականում հունգարացիներից և հարավսլավցիներից), ինչպիսին ինքն է։ Այդ ակումբն ստանում է հենց «Հունգարիա» անունը։ Մարզիչն է դառնում Կուբալայի ծանոթը՝ Ֆերդինանդ Դաուչիկը․ նրանք միասին հանդես էին եկել Բրատիսլավայի կազմում։ Ակումբը շրջագայում էր Եվրոպայում մի հին ավտոբուսով, որը գնվել էր վերջին միջոցներով[7][12]։ Փողադրամիջոցի վրա Լադիսլավը գրել էր «Magic Bus» («կախարդական ավտոբուս»)։ Չնայած այդպիսի պայմաններին՝ «Հունգարիան» հիանալի արդյունքներ էր ցույց տալիս իր անցկացրած ընկերական խաղերում․ ավստրիացիների դեմ խաղը նրանք ավարտել են 3:3 հաշվով, իտալացիների դեմ խաղը՝ իրենց համար հաղթական 3:1 հաշվով և վերջապես Սևիլյայում նրանք լեփ-լեցուն մարզադաշտում 2:1 հաշվով հաղթել են Իսպանիայի ազգային հավաքականին[7][12]։ Այդ խաղում Կուբալան գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում տուգանայինից կատարած հարվածով։ Նաև «Հունգարիան» Իսպանիայում խաղեր է անցկացնում «Էսպանյոլի» և Մադրիդի հավաքականի հետ։ Իսպանիայի հավաքականի դեմ կայացած խաղից հետո Կուբալայի համար տրանսֆերային պատուհանի շրջանակներում սկսում են պայքարել Իսպանիայի առաջատար ֆուտբոլային ակումբները։ Ֆինանսական կողմից ամենաձեռնատու առաջարկը կատարել էր «Ռեալ Մադրիդը», սակայն նա, չնայած այդ հանգամանքին, ընտրում է «Բարսելոնան»[12]։ Նրա այս ընտրությանը վերաբերող լրագրողի հարցին Կուբալան կատակով պատասխանում է․ «Ինձ միշտ դուր է եկել զոլավոր մարզահագուստը»[12]։
Կուբալան «Բարսելոնայում»
խմբագրել1950 թվականի ապրիլին Կուբալան ընդունում է Իսպանիայի քաղաքացիություն (Լադիսլաո անվան տակ) և շուտով վերջապես դառնում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստը։ Այդ ակումբի տնօրինությունը կարողանում է հասնել այն բանին, որ ՖԻՖԱ-ն մեղմացնի Կուբալայի պատիժը։ Երկար բանակցություններից հետո ինչպես ՖԻՖԱ-ն, այնպես էլ հունգարական կողմը որոշում են կրճատել Կուբալայի պատիժը (ցմահից՝ մեկ տարի)՝ «Բարսելոնային» պարտավորեցնելով Կուբալայի համար վճարել մեծ գումարներ նախ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հանդեպ ունեցած պարտավորություններից ազատվելու[7] և ապա «Պռո Պարտիայի»[12] հետ գործող պայմանագրի խզման համար։ 1950 թվականին «Բարսելոնան» գլխավորում է Ֆերդինանդ Դաուչիկը, ով Իսպանիա գնալուց հետո փոխել էր իր անունը՝ Ֆերնանդո։ Մինչ ընթանում էր որակազրկման մեկ տարին, Կուբալան այնուամենայնիվ «Բարսելոնայի» կազմում մասնակցում է մի քանի ընկերական խաղերի[12]։ Վերջապես 1951 թվականի ապրիլին որակազրկման ժամկետը լրանում է, և Լադիսլաոն հնարավորություն է ստանում մասնակցություն ունենալ թիմի պաշտոնական խաղերին։ Նա հասցնում է դուրս գալ խաղադաշտ Իսպանիայի գավաթի խաղարկության որոշիչ խաղերի ժամանակ և ոչ փոքր ներդրում է ունենում այդ խաղարկությունում ակումբի հետ միասին հաղթելու հարցում։
«Բարսայի» կազմում անցկացրած իր առաջին լիարժեք մրցաշրջանում՝ 1951-52 թվականների մրցաշրջանում, Կուբալան հիանալի խաղ է ցույց տալիս․ անցկացրած 19 խաղերում նա դառնում է 26 գոլի հեղինակ, այդ թվում նա հեղինակում է ռեկորդային թվով 7 գոլեր Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում, հինգ գոլ «Սելտայի» դեմ խաղում և երկու հետ-տրիկ նախ «Սևիլյայի», հետո «Ռասինգի» դեմ խաղերում։ Այդ մրցաշրջանը դառնում է «Բարսելոնայի» պատմության մեջ լավագույններից մեկը․ ակումբը հաղթում է առաջնությունում, նվաճում Իսպանիայի գավաթը և սուպերգավաթը (վերջինս այն ժամանակ կոչվում էր Էվա Դուարտե՝ ի պատիվ Էվա Պերոնի, ով Արգենտինայի առաջին տիկինն էր), Լատիանական գավաթը և Մարտին Ռոսիի անունը կրող գավաթը։
Հաջորդ՝ 1952-53 թվականների մրցաշրջանը Կուբալայի համար դժվար է ստացվում․ տուբերկուլյոզի պատճառով, որը կարող էր խաչ քաշել նրա կարիերայի վրա, Կուբալան բաց է թողնում խաղերի մեծ մասը, սակայն երբ նրա առողջությունը թույլ է տալիս խաղալ, նա, դառնալով գրոհների առաջատարը, ակումբին առաջնորդում է և ոչ փոքր ներդրում է ունենում նրանում, որ ակումբը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հաղթում է առաջնությունում, նվաճում գավաթը և սուպերգավաթը[14]։
Սկզբում Կուբալան «Բարսայի» կազմում հանդես էր գալիս որպես կենտրոնական հարձակվող, հետո նա սկսում է հանդես գալ որպես փլեյմեյքեր, ինչպես նաև երբեմն հանդես էր գալիս խաղադաշտի եզրերում։ Ընդ որում, այս դիրքերից յուրաքանչյուրում նա կանոնավոր կերպով գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ էր դառնում․ նա համարվում էր ակումբի խարիզմատիկ առաջատարը։ Կուբալան 1950-ականներին և 1960-ականների սսկզբում «Բարսելոնայի» երկրպագուների գլխավոր կուռքն էր։ Նա դառնում Իսպանիայի առաջին ֆուտբոլիստը, որի համար երկրպագուները պատրաստում են անհատական պաստառ։ Այն ժամանակ հայտնի էր «Կուբալան Աստված է» բովանդակությունը կրող պաստառը, որը 1958 թվականին բարձրացվում է «Կամպ Նոու» մարզադաշտում կայացող «Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղի ժամանակ։
1958 թվականին «Բարսելոնայի» կազմը համալրում են Հունգարիայից եկած երկու փախստականներ՝ լեգենդար «Ոսկե թիմի» նախկին անդամներ Շանդոր Կոչիշը և Զոլտան Ցիբորը, ովքեր շատ լավ ճանաչում էին Կուբալային։ Կուբալայի, Էվարիստոյի և Լուիս Սուարես Միրամոնտեսի կազմած շարքին են միանում այս երկուսը և դառնում են 50-ականների վերջի և 60-ականների սկզբի «Բարսելոնայի» հզոր կազմի առաջատար անդամները։ Այդ կազմի շնորհիվ «Բարսելոնան» կարճ ժամանակահատվածում (1958-1961 թվականներ, 4 տարի) հաղթում է Իսպանիայի երկու առաջնությունում (1959, 1960), նվաճում երկու Տոնավաճառների գավաթ (1958, 1960) և Իսպանիայի գավաթ (1959) և շատերի կողմից ճանաչվում է որպես «Բարսելոնայի» ամբողջ պատմության ամենահզոր կազմերից մեկը։ Շուտով, սակայն, Կուբալան շնորհազրկվում է գլխավոր մարզիչ Էլենիո Հերերիայի կողմից, քանի որ վերջինս սկսել էր օգտագործել դաժան տակտիկական ձևեր, որոնց իրականացման մեջ Կուբալան անելիք չուներ։ Կարճ ժամանակահատվածում Կուբալան կորցնում է իր տեղը թիմի հիմնական կազմում։ Այդ շրջանում «Բարսան» առանց Կուբալայի, Հերերիայի գլխավորությամբ Եվրոպական չեմպիոնների գավաթի 1959-60 թվականների խաղարկության շրջանակներում երկու անգամ պարտվում է իր սկզբունքային հակառակորդ «Ռեալ Մադրիդին», ինչից հետո Հերերիան ստիպված է լինում լքել ակումբը, և Կուբալան նոր մարզչի գլխավորության շրջանում կրկին դառնում է հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 1960-61 թվականների մրցաշրջանից առաջ Կուբալան հայտարարում է, որ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է իր ֆուտբոլային կարիերան։ 1960-61 թվականների մրցաշրջանում 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Ռեալի» դեմ առաջին խաղում նրանց այս անգամ հաջողվում է ոչ-ոքի հաշիվ գրանցել, իսկ պատասխան խաղում նրանք «Կամպ Նոուում» տանում են 2:1 հաշվով հաղթանակ, և «Ռեալը», որը մրցաշարի առաջին հինգ տարիների հաղթողն էր, սենսացիոն կերպով դուրս է մնում մրցաշարի հետագա պայքարից։ Հետո «Բարսան» հասնում է մինչև եզրափակիչ, որը Վանկդորֆ մարզադաշտում կայացած պորտուգալական «Բենֆիկայի» դեմ կատալոնացիների համար ողբերգական խաղն էր։ Հաջող ելույթ ունեցող «Բարսելոնայի» հունգարական հարձակվողական եռյակը, որ բաղկացած էր Կուբալայից, Ցիբորից և Կոչիշից, խաղասկզբում երկու գոլ է հեղինակում, սակայն «Բենֆիկան» խաղի ընթացքում «Բարսայի» դարպասը երկու պատասխան գնդակ է ուղարկում, իսկ մեկն էլ որպես ինքնագոլ է գրանցվում, որի հեղինակն է դառնում փորձառու դարպասապահ Ռամալետսը։ Խաղավերջում հունգարական եռյակը շատ պահեր է բաց թողնում, և վերջնական արդյունքում ստացվում է այն, որ «Բարսելոնան» պարտվում է 3:2 հաշվով[7]։ Այդ մրցաշրջանի ավարտից հետո Կուբալան հայտարարում է, որ կարիերան ավարտելու հիմնական պատճառը բազմաթիվ վնասվածքներն էին։ Խաղային կարիերան ավարտելուց քիչ հետո նա գլխավորում է նախ «Բարսելոնայի» երիտասարդական ակումբը, իսկ հետո արդեն գլխավորը։ 1962-63 թվականների Տոնավաճառների գավաթի մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ցրվենա Զվեզդայի» դեմ կայացած խաղում «Բարսայի» պարտությունից հետո Կուբալան հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից[7]։
Կուբալան որպես խաղացող մարզիչ․ Խաղային կարիերայի ավարտ
խմբագրել«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո Կուբալան որոշում է չթողնել մարզչական կարիերան և միաժամանակ շարունակել արդեն ավարտված ֆուտբոլիստի կարիերան. որպես խաղացող մարզիչ՝ Լադիսլավը պայմանագիր է կնքում կատալոնյան դերբիներում «Բարսելոնայի» անհաշտ մրցակից «Էսպանյոլի» հետ։ Այդ շրջանում նրա հետ միասին ակումբի կազմում հանդես էր գալիս նաև լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոն։ Նաև նրա խաղընկերն էր իր որդին՝ Բրանկո Կուբալան[7]։ 1966 թվականին Կուբալան համալրում է շվեյցարական «Ցյուրիխի» կազմը, որտեղ նա նույնպես դառնում է խաղացող մարզիչ։ Հենց այս թիմի կազմում է նա կարիերայում իր վերջին անգամ մասնակցություն ունենում որևէ եվրոգավաթային մրցաշարի։ Չեմպիոնների գավաթի 1966-67 թվականների մրցաշրջանում նրա ակումբը երկու անգամ զիջում է մրցաշարի գործող չեմպիոն շոտլանդական «Սելտիկին»․ կայացած երկու խաղերից մեկում Կուբալան դուրս է գալիս խաղադաշտ և անցկացնում իր կարիերայի վերջին եվրագավաթային հանդիպումը։ 1966-67 թվականների մրցաշրջանի ավարտից հետո Կուբալան լքում է «Ցյուրիխը»։ 1967 թվականին Կուբալան ոչ երկար ժամանակով հանդես է գալիս օվկիանոսից այն կողմ՝ կանադական «Տորոնտո Ֆոլկոնզ» ակումբի կազմում, որտեղ ելույթները ավարտելուց հետո նա վերջնականապես ավարտում է խաղային կարիերան։
Խաղերը հավաքականի կազմում
խմբագրել1946-1947 թվականներին Կուբալան 6 պաշտոնական հանդիպում է անցկանցում Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում և դառնում է 4 գոլի հեղինակ, ինչից հետո վերադառնալով Հունգարիա աչքի է ընկնում այս հավաքականի կազմում անցկացրած երեք խաղերով, որոնց արդյունքում նա չի կարողանում դառնալ գոլի հեղինակ։ Այնուհետև միջազգային կարիերայում տեղի է ունենում 5 տարի ժամկետով ընդմիջում։ 1953 թվականին Կուբալան հրավիրվում է Իսպանիայի հավաքական, որի կազմում ութ տարվա ընթացքում նա մասնակցում է 19 հանդիպման և դառնում է 11 գոլի հեղինակ։ Կուբալայի միջազգային կարիերայում ամենահաջողված խաղը կարելի է համարել Թուրքիայի հավաքականի դեմ 1957 թվականի նոյեմբերին կայացած խաղը, որն ավարտվում է 3:0 հաշվով, և երեք գոլի հեղինակն էլ Կուբալան էր։ Իսպանիայի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը Կուբալան անցկացնում է 1961 թվականի ապրիլի 2-ին Մադրիդում․ հյուրը Ֆրանսիայի ազգային հավաքականն էր, որի դեմ խաղը իսպանացիները ավարտում են 2:0 հաշվով հաղթանակով։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու հնարավորություն Կուբալան այդպես էլ չի ունեցել։ Նա ընդգրկվել է Իսպանիայի ազգային հավաքականի կազմում 1962 թվականի աշխարհի առաջնությունում մասնակցություն ունենալու նպատակով, սակայն չի կարողանում մասնակցել այդ առաջնությունում տեղի ունեցած որևէ խաղի վնասվածքների պատճառով[13]։
Երեք ազգային հավաքականների կազմում անցկացրած խաղերից բացի Կուբալան նաև հանդես է եկել Եվրոպայի, աշխարհի և Կատալոնիայի հավաքականների կազմերում։ 1953 թվականի հոկտեմբերի 21-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայանում է խաղ, որը նվիրվում է Անգլիայի ֆուտբոլային միության 90-ամյակին։ Անգլիայի հավաքականը հանդիպում էր Եվրոպայի հավաքականի հետ․ այդ խաղն ավարտվում է 4:4 հաշվով մարտական ոչ-ոքիով, Եվրոպայի հավաքականի ֆուտբոլիստ Կուբալան երկու գոլ է հեղինակում Անգլիայի հավաքականի դարպասը։ 1965 թվականի ապրիլի 28-ին Կուբալան աշխարհի հավաքականի կազմում մասնակցում է Մեծ Բրիտանիայում անցկացված Սթենլի Մեթյուզի կարիերայի վերջին խաղին։ Աշխարհի հավաքականի կազմում Կուբալայի հետ միասին նաև հանդես էին գալիս Լև Յաշինը, Իոզեֆ Մասոպուստը և Լադիսլաոյի անբաժան մրցակիցները «Ռեալից»՝ Ֆերենց Պուշկաշը և Ալֆրեդո դի Ստեֆանոն։ Աշխարհի հավաքականը այդ խաղում տանում է 6:4 հաշվով հաղթանակ, իսկ գոլերից մեկը հեղինակում է հենց Կուբալան[7][15]։
Կուբալան չորս խաղի է մասնակցել և չորս գոլի հեղինակ է դարձել Կատալոնիայի հավաքականի կազմում։ Առաջին անգամ նա այդ հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 1955 թվականի հունվարի 26-ին իտալական «Բոլոնյայի» դեմ կայացած խաղում, որը ավարտվում է 6-2 Կատալոնիայի համար հաղթական հաշվով։ Գոլերից երկուսը հեղինակել էր Կուբալան։ Կատալոնիայի հավաքականի կազմում Կուբալան անցկացնում է իր վերջին խաղը 1993 թվականի մարտի 4-ին, պատկառելի տարիքում՝ 66 տարեկան հասակում ընդդեմ աշխարհի հավաքականի։ Այդ խաղում Կուբալան անցկացնում է միայն մեկնարկային 10 րոպեները, ինչից հետո փոխարինվում է։
Կուբալան որպես մարզիչ
խմբագրել1968 թվականին Կուբալան մարզում է կանադական «Տորոնտո Ֆոլկոնզ» ակումբը, նրա հետ միասին այդ թիմում էր նրա աներ Ֆերդինանդ Դաուչիկը, աներորդի Յանկո Դաուրիկը և իր որդին՝ Բրանկո Կուբալան։ Ընտանեկան միությանը վերջ է դնում մրցաշրջանի վերջում ֆինանսական խնդիրների արդյունքում առաջացած ակումբի կազմալուծումը։
Դրանից հետո Կուբալան վերադառնում է Իսպանիա, որտեղ որպես մարզիչ գլխավորում է «Կորդոբան»։ 1969 թվականին Կուբալային հրավիրում են գլխավորելու Իսպանիայի ազգային հավաքականը։ Այս պաշտոնին նա մնում է շուրջ 11 տարի (1969-1980)։ Հավաքականը նրա գլխավորությամբ առանձնահատուկ հաջողությունների չի հասնում։ 1978 թվականին 1966 թվականից հետո առաջին անգամ նա Իսպանիայի հավաքականին դուրս է բերում Արգենտինայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, սակայն այնտեղ նրա թիմը խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և դուրս է մնում հետագա պայքարից։ 1980 թվականի Եվրոպայի առաջնությունում իսպանացիները կրկին չեն կարողանում դուրս գալ իրենց խմբից։ Այդ մրցաշարից հետո Կուբալան լքում է հավաքականը։
1980 թվականին Կուբալան վերադառնում է «Բարսելոնա»՝ երկրորդ անգամ զբաղեցնելով ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն քիչ ժամանակ հետո նա լքում է ակումբը և ուղևորվում Սաուդյան Արաբիա, որպեսզի գլխավորի «Ալ Հիլյալը»։ Հետո նա գլխավորում է իսպանական երեք տարբեր ակումբներ՝ «Մուրսիան», «Մալագան», որին 1988 թվականին Կուբալան հասցնում է հաղթանակի Սեգունդա B-ում և «Էլչեն»[7]։ 1991 թվականի 64 ամյա Կուբալան Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում է Մոսկվայում ընթացող վետերանների մրցաշարին, սակայն խաղադաշտում նա անցկացնում է ընդամենը մի քանի րոպե․ տարիները նրան ավելին չթողեցին, բացի դրանից դիտորդներին այդքանն էլ էր բավական[7]։ Կուբալան Իսպանիայի օլիմպիական հավաքականի մարզիչներից մեկն է եղել[7][16]։ Կուբալայի մարզչական կարիերայի վերջին աշխատանքը եղել է Պարագվայի հավաքականի գլխավոր մարզչությունը 1995 թվականին։
Վերջին տարիներ և վախճան
խմբագրելԿյանքի վերջին տարիներին Կուբալան տառապում էր պարկինսոնյան հիվանդությամբ[8]։ 2002 թվականի փետրվարի 12-ին նրան տանում են Բարսելոնի հիվանդանոցներից մեկը, որտեղից նրան դուրս գալ չի ստացվում։ 2002 թվականի մայիսի 17-ին Լադիսլավ Կուբալան մահանում է Բարսելոնայում 75 տարեկան հասակում[8]։ Մահվան պատճառը, ըստ բժիշկների, ուղեղի նյարդերի անուղղելի փոփոխություններն էին։ Կուբալայի մահը մեծ ռեզոնանս է առաջացնում «Բարսելոնայի» երկրպագուների շրջանակներում և ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների մոտ[8]։ Բարսելոնյան տների վրա որպես սգի նշան սև ժապավեններ էին կախվել։ Կուբալայի թաղմանը ներկա էին հազարավոր մարդիկ։ Մեծ մասը «Կամպ Նոուում» էին․ 15 հազար հոգի հավաքվել էր նրան վերջին հրաժեշտը տալու համար[12]։ Կուբալայի մահվանը նվիրված 15 րոպեանոց ճառը կարդում է Բարսելոնայի մեկ այլ մեծ ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը։ Բարսայի այն ժամանակվա մարզիչ Ժոան Գասպարը նրա մահվան հանդեպ ժողովրդի արձագանքի հետ կապված ժողովրդական առած է մեջբերում․ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»[7][12]։ Santa Tecla եկեղեցում կատարվում է նրա հոգեհանգիստը։ Թաղման բազմահազարանոց ամբոխը շրջում է ամբողջ քաղաքով։ Կուբալան թաղվել է Les Corts գերեզմանոցում, որը տեղակայված է Բարսելոնայի նույնանուն նախկին մարզադաշտի տեղում և ներկա «Կամպ Նոուից» քիչ հեռու[7][12]։
Կուբալայի հիշատակին նվիրված հուշարձան
խմբագրել2009 թվականին «Բարսելոնայի» Վետերանների միությունը սկսում է միջոցների հավաք՝ Լադիսլաո Կուբալայի հիշատակին արձան կանգնեցնելու համար[17]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gaarskjær, Jesper (2010). Barça: Historien om FC Barcelona. København: Gyldendal. էջ 69. ISBN 978-87-02-08764-2.
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ http://www.telegraph.co.uk/football/2016/12/02/barcelona-greatest-ever-xi/laszlo-kubala/
- ↑ https://www.sportskeeda.com/football/laszlo-kubala-not-lionel-messi-barcelona-greatest-all-time
- ↑ http://thesefootballtimes.co/2017/02/02/the-great-refugee-how-laszlo-kubala-became-a-barcelona-legend/
- ↑ «Лучшие футболисты мира по версии IFFHS». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 Астраханский, И. (14 ноября 2000). «Самый кочевой из "цыган"». Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Некролог в газете «Коммерсантъ»
- ↑ Заметка в «Спорт-Экспрессе» от 15.11.1999(չաշխատող հղում)
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 «Ладислао Кубала. «И целого мира мало…»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 13,0 13,1 Статистика Кубалы на RSSSF
- ↑ Заметим, что Суперкубок оба раза вручался «Барселоне» без борьбы как автору «дубля» «чемпионат-кубок».
- ↑ «Протокол прощального матча Мэтьюза». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Ladislao Kubala» (իսպաներեն). Biografias y Vidas. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Памятник Кубале». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.