Լեզվական բարեփոխում Թուրքիայում

Լեզվական բարեփոխում, 1932 թվականի հուլիսի 12-ին սկսված բարեփոխում, որի նպատակն էր թուրքերենը մաքրել արաբական և պարսկական արմատներով բառերից և քերականական կանոններից և ստեղծել Թուրքիայի Հանրապետության համար մեկ միասնական և ազգային գրավոր և խոսակցական լեզու։

Նախաձեռնությունը սկսվել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Աթաթյուրքի գլխավորությամբ։ 1932-1938 թվականների արմատական փոփոխությունների ժամանակաշրջանից հետո բարեփոխումը տարբեր արագությամբ և ինտենստիվությամբ շարունակվել է մինչև 1970-ական թվականները։ 1982 թվականը համարվում է լեզվական բարեփոխման ավարտը, քանի որ այդ թվականին փակվել է հին Թուրքական լեզվաբանական ընկերությունը։ Լեզվական բարեփոխումը 1928 թվականին իրականացված այբուբենի բարեփոխման հետ միասին թուրքերենի կառուցվածքային փոփոխության երկու հիմնաքարերից մեկն է համարվում։

Պատմություն

խմբագրել

Օսմանյան շրջան

խմբագրել

Թուրքերը արաբերեն և պարսկերեն խոսող ժողովուրդների հետ շփման արդյունքում այդ լեզուներից վերցրել են բառեր, որոնք չեն եղել իրենց լեզվում։ Բացի այդ, որոշ թուրքերեն բառեր ժամանակի ընթացքում գործածությունից դուրս են եկել և փոխարինվել են արաբերեն և պարսկերեն բառերով։ Թուրքերեն կրակ իմաստն արտահայտող od բառը փոխարինվել է պարսկերեն ateş բառով։ Սակայն այս երկու լեզուներից ոչ միայն բառեր են փոխառվել, այլև գոյականների կապակցության ձևեր, որոշ կառույցներ, ինչպես նաև քերականական կանոններ։ Սակայն ըստ էության լեզվի հիմքում ընկած են եղել թուրքերենի խոնարհումն ու քերականական կանոնները։ Օսմանյան պետությունը ղեկավարվում էր Բարձր դռան (Bâb-ı Âlî) կողմից։ Արաբերեն դուռ իմաստն արտահայտող bâb բառը պարսկերեն մեծ իմաստն արտահայտող âlî բառին կապակցվել է պարսկական   գոյականների կապակցության միջոցով, որի արդյունքում ստեղծվել է օսմաներեն նոր բառ։ Այս օսմաներենը չէին կարողանում հասկանալ ո՛չ թուրքերեն խոսող հասարակ քաղաքացիները, ո՛չ արաբերեն և պարսկերեն խոսող հասարակ քաղաքացիները և ո՛չ էլ ուրիշները։ Այս լեզուն կիրառվել է միայն կրթված խավի, գրողների և բանաստեղծների, ինչպես նաև պետության վերնախավի կողմից։ Գրավոր և խոսակցական լեզուների միջև ահռելի տարբերություն է եղել։ Այն պատճառով, որ թերթերը անհասկանալի են եղել բնակչության լայն շրջանակների համար, լրագրողները փորձել են տարբերակներ գտնել իրենց թերթերի լեզուն բարելավելու համար։ Օրինակ՝ բնական գիտություններ իմաստն արտահայտող արաբերեն Ulûm-i Tabiiyye ձևի փոխարեն Tabii İlimler առավել հասկանալի ձևն է օգտագործվել։ Առհասարակ նման պարզեցումներ են կատարվել գրվածքներում հասարակ քաղաքացիների համար առավել հասկանալի լինելու համար[1]։

Գրավոր լեզուն մաքրելով արաբերեն և պարսկերեն արտահայտություններից՝ խոսակցական լեզվին մոտեցնելու խնդիրը դեռևս Թանզիմաթի ժամանակաշրջանից մտահոգել է թուրք գրողներին։ Շինասու (1824-1871) և Նամըք Քեմալի (1840-1888) կողմից սկսված լեզվի պարզեցման գործը մեծ չափերի է հասել Ահմեդ Միդհատ էֆենդու (1844-1912) շնորհիվ և իր գագաթնակետին է հասել Երկրորդ սահմանադրության ժամանակաշրջանում Օմեր Սեյֆեդդինի, Մեհմեդ Էմին Յուրդաքուլի (1868-1944) նման գրողների օրոք։

1910-ական թվականներին Թուրքական օջախի և Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանակներում լայն տարածում են գտել պանթյուրքիզմի և պանթուրանիզմի տեսակետները։ Այս ժամանակաշրջանում պարզեցման տեսակետի հետ մեկտեղ ձևավորվել են նաև որոշ նոր գաղափարներ։ Դրանց մեջ առավել ազդեցիկն այն տեսակետն էր, որ բացի Ստամբուլի խոսակցական թուրքերենից պետք է բառեր վերցնել նաև թյուրքական այլ բարբառներից, հատկապես Միջին Ասիայի հին գրավոր լեզուներից։ Ֆրանսիացի արևելագետ Պավե դե Կուրտեյլի 1870 թվականին հրատարակված Չաղաթայերենի բառարանը, 1896 թվականին մշակված և հրատարակված Օրհոնյան արձանագրությունները, 1917 թվականին տպագրված Divan-ı Lûgat-it Türk-ը (Թյուրքական լեզուների դիվան) վերոնշյալ մոտեցման համար հարուստ նյութ է հանդիսացել։

Նոր հասկացություններին անուն տալու համար եղած թուրքական արմատներից նոր բառեր ստեղծելու միտումը սկսվել է 1914 թվականին։

Հանրապետության շրջան

խմբագրել
 
Աթաթյուրքի 1930 թվականի ելույթի վերջին տողը, որը գրված է իր իսկ ձեռագրով. «Ազգային զգացման և լեզվի միջև կապը շատ ուժեղ է: Լեզվի ազգային և հարուստ լինելն ազդում է ազգային զգացման վրա: Թուրքերենը ամենահարուստ լեզուներից է, քանի դեռ այն գիտակցելով ես կիրառում: Թուրք ժողովուրդը, ով գիտի պաշտպանել սեփական երկիրն ու անկախությունը, իր լեզուն ևս կպաշտպանի օտար լեզուներից»:

Լեզվական բարեփոխումները քեմալական պատերազմների տարիներին և Հանրապետության հռչակման առաջին տարիներին մղվել են հետին պլան։ Մինչև 1931 թվականը Աթաթյուրքը որևէ հստակ վերաբերմունք չի ունեցել այդ հարցի վերաբերյալ։ 1932 թվականին Թուրքական լեզվաբանական ընկերությամբ ստեղծմամբ լեզվական բարեփոխումը կրկին օրակարգ է բերվել։ Թուրքական լեզվաբանական ընկերության բացումից հետո 1932 թվականին մեջլիսի բացման ելույթում լեզվական բարեփոխման հարցը բարձրացվել է հետևյալ խոսքերով. «Մենք հավաստիացնում ենք, որ բոլոր ժամանակաշրջաններում ազգային մշակույթի վերելքը լինելու է Թուրքիայի Հանրապետության հիմնական նպատակը։ Մենք ցանկանում ենք, որ պետական բոլոր կազմակերպությունները լինեն ուշադիր և շահագրգիռ թուրքերենը գեղեցիկ և հարուստ լեզու դարձնելու գործում»[2]։

Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքին առավել հետաքրքրող ոլորտներից մեկը պատմությունն է եղել, իսկ մյուսը՝ լեզուն։ Շատ մտավորականների նման նա ևս խնդիր է տեսել թուրքերենի մեջ։ 1932 թվականին ստեղծվել է Թուրքերենի ուսումնասիրության ընկերությունը։ Այս ընկերության շրջանակներում հիմնվել են մի շարք հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է գրեթե «ռազմական» պլանավորման միջոցով կարգավորել այս խնդրի տարբեր ոլորտները (լեզվաբանություն, ծագումնաբանություն, քերականություն, տերմինաբանություն, բառարանագրություն և այլն)[3]։ Այս ընկերության գործերից մեկն էր ուսումնասիրել լեզվում եղած բառերը և օտար ծագման բառերի փոխարեն գտնել թուրքերեն համարժեքը։ Բոլոր նահանգապետների գլխավորությամբ սկսվել է բառերի ուսումնասիրության գործընթացը։ Մեկ տարվա ընթացքում 35000 նոր բառապաշարի աղբյուրներ են ձևավորվել։ Այդ ընթացքում գիտնականները 150 հին աշխատություն են ուսումնասիրել և մինչ այդ օրը թուրքերենում երբեք չկիրառված բառեր են հավաքել։ 1934 թվականին հայտնաբերված 90000 բառերը, հավաքվելով մեկ բառարանում, հրատարակվել են։ Արաբերեն kalem (գրիչ) բառի փոխարեն բարբառներում կիրառվող մի շարք տարբերակներ են առաջարկվել (yağuş, yazgaç, çizgiç, kavrı, kamış, yuvuş և այլն)։ Խելք (akıl) բառի համար 26, իսկ նվեր (hediye) բառի համար 77 տարբերակներ են առաջարկվել։ Ի վերջո նվեր բառի համար ընտրվել է թուրքական armağan բառը[1]։

Սակայն «լեզուն օտար բառերից մաքրելու» գործընթացը ազդել է միայն արևելյան լեզուներից (արաբերեն, պարսկերեն) եկող բառերի վրա, իսկ արևմտյան բառերն այդ գործընթացի մասը չեն կազմել։ Նույնիսկ հեռացված բառերի բացը լրացնելու համար թուրքերենը արևմտյան լեզուներից վերցրել է մի շարք բառեր[4]։

1929 թվականին սկսված «Լեզվական հանձնաժողովի» աշխատանքները 1932 թվականին շարունակել է Աթաթյուրք կողմից հիմնված «Թուրքերենի ուսումնասիրության ընկերությունը»։ Այս ընկերությունը երկու հիմնական նպատակ է ունեցել։ Առաջինը՝ թուրքերենը օտար բառերից մաքրել, խոսակցական և գրավոր լեզվի միջև տարբերությունը վերացնել և այն հասանելի դարձնել ոչ միայն կրթված դասին, այլև քաղաքացիներին։ Այդ նպատակին հասնելու համար ապահովվելու էր ճիշտ թուրքերենի կիրառումը՝ մաքրելով այն ժամանակի ընթացքում արաբերենից և պարսկերենից թուրքերենին անցած օտար քերականական կանոններից և կառույցներից։ Ժողովրդական բարբառների ուսումնասիրության արդյունքում ձևավորվելու էր տերմինների հավաքածու։ Իսկ երկրորդ նպատակն էր մահացած լեզուների համեմատություն կատարել։

Թուրքերենի բառերում կատարված պարզեցումները ժամանակի ընթացքում թուրքացվել են և գրական ստեղծագործություններում օգտագործվող օտար բառերը հեռացվել են և փոխարինվել նույնիսկ թուրքերենի կանոններին հակասող բառերով՝ առաջացնելով լեզուն մշակութային և պատմական աղբյուրներից հեռացնելու վտանգ։

Աթաթյուրքի կողմից գրված երկրաչափության գիրք

խմբագրել

Հակոբ Դիլաչարը (Հակոբ Մարթայան) գրքի 1971 թվականին հրատարակության ներածության մեջ պատմում է գրքի գրառման պատմությունը։ 1936 թվականի աշնանը Աթաթյուրքը ուղարկել է աշխատակազմի ղեկավար Սուրեյա Անդերիմանին և Հակոբ Դիլաչարին Բեյօղլուի Հաշեթ գրախանութ՝ գնելու երկրաչափության ֆրանսերեն գրքեր։ 1936 թվականի ձմռանը Աթաթյուրքը աշխատել է գրքի վրա և ստեղծել 44 էջից բաղկացած երկրաչափության գիրք, որի տերմինները թուրքացվել են։ Գրքում որևէ կերպ նշված չէ, որ հեղինակը Աթաթյուրքն է, պարզապես մի գրառում է եղել՝ «հրատարակվել է Մշակույթի նախարարության կողմից՝ իբրև ուղեցույց երկրաչափություն սովորեցնողների և այս թեմայով գիրք գրողների համար»։

Աթաթյուրքը նաև անձամբ է երկրաչափության գիրք գրել։ Օսմանյան կրթության մեջ գործածվող երկրաչափական տերմինների փոխարեն գտել է թուրքերեն տարբերակներ։ Այդ տերմինները մինչ օրս անփոփոխ օգտագործվում են թուրքական ուսումնական պլանում՝ boyut (հարթություն), uzay (տարածություն), yüzey (մակերես), düzey (մակարդակ), teğet (շոշափող), açı (անկյուն), açıortay (կիսորդ), içters açı (ներքին անկյուն), dışters açı (արտաքին անկյուն), eğik (թեքություն), yatay (հորիզոնական), düşey (ուղղահայաց), dikey (ուղղահայաց), yöndeş (ուղղություն), konum (դիրք), üçgen (եռանկյուն), dörtgen (քառանկյուն), beşgen (հնգանկյուն), köşegen (անկյունագիծ), eşkenar (հավասարակողմ), ikizkenar (հավասարասրուն), paralelkenar (զուգահեռագիծ), yamuk (սեղան), artı (գումարած), eksi (հանած), çarpı (բազմապատկած), bölü (բաժանած), eşit (հավասար), toplam (ընդամենը), orantı (հարաբերակցություն), türev (ածանցյալ), varsayı (հիպոթեզ), gerekçe (հիմնավորում)[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Geoffrey Lewis, the Turkish Language Reform: A Catastrophic Success, 2002, Oxford University Press
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  3. Bernard Lewis - The emergence of modern Turkey  Royal Institute of International Affairs London 1961 sayfa 433 (Religion and Culture) " The work was planned like a military operation, and a series of committees appointed to organize and direct the assault on the various sectors—linguistics, etymology, grammar, terminology, lexicography, and the like. "
  4. Bernard Lewis - The emergence of modern Turkey  Royal Institute of International Affairs London 1961 sayfa 434 (Religion and Culture) "It is significant that the hue and cry after alien words affected only Arabic and Persian—the Islamic. Oriental languages. Words of European origin, equally alien, were exempt, and a number of new ones were even imported, to fill the gaps left by the departed."
  5. Atatürk'ün geometri kitabı

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել