Լեզվի ծագման տեսություններ

Լեզվի ծագման հարցը լեզվաբանության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այս հարցը մեծ հետաքրքրություն է առաջացել շատ վաղ ժամանակներից։ Տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր բացատրություններ են տվել լեզվի ծագմանը, սակայն այդ պատասխաններից ոչ մեկը չի կարելի կատարյալ համարել։

Լեզվի ծագման մինչգիտական տեսություն

խմբագրել

Պատմության ընթացքում շատ հասարակություններում հավատում էին, որ լեզուն Աստծո կողմից պարգև է մարդկությանը։ Դրա մասին տարբեր ժողովուրդների նախնական պատկերացումները արտացոլված են առասպելների, հեքիաթների, լեգենդների մեջ։ Լեզուն դիտվել է որպես մոգական երևույթ, այսինքն՝ դրա միջոցով բուժել են, անիծել և այլն։ Լեզվին վերագրվել է աստվածային ծագում, սակայն Աստծաշնչում կա հակասական պատմություն լեզվի ծագման վերաբերյալ։ Ծննդոց գրքի առաջին գլխում ասվում է, որ Աստված ստեղծեց երկիրը խոսքի, բառերի միջոցով։ Երկրորդ գլխում ասվում է, որ արարչագործությունը տեղի է ունենում առանց խոսքի, այսինքն՝ Ադամին ստեղծելուց հետո Աստված բոլոր արարածներին բերում է նրա մոտ, որ նա նրանց անուններ տա, այսինքն՝ ըստ այս տեսակետի՝ Աստված ստեղծում է մարդուն, մարդը՝ լեզուն։ Այսպիսով՝ մի կողմից լեզվի ծագումը դիտարկվում է որպես Աստծո ընծա, մյուս կողմից լեզուն դիտարկվում է որպես մարդու յուրահատուկ հատկություն։

Մ.թ.ա VI դարում արդեն հույները համարձակվում են կասկածել  «ամեն ինչ Աստծով է» սկզբունքի վրա և փորձել են լեզվի ծագմանը տալ այլ բացատրություն։ Դրանց հիման վրա զարգացավ ֆյուսեականների և թեսեականների բանավեճը։ Ֆյուսեն հունարան բառ է, որը նշանակում է բնական, բնույթ, ֆիզիկա։ Թեսեյ բառը ևս հունարեն բառ է և նշանակում է թեզիս, դրույթ, պայման։ Ֆյուսեականները գտնում էին, որ անունը թաքնված է իրի մեջ և բխում է իրի էությունից։ Նրանք զարգացրին ճիշտ և սխալ անունների տեսությունը։ Օրինակ՝ Արխիդամ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է ժողովրդապետ։ Այն սխալ է համարվում, երբ այդ անվան կրողը ստրուկ է։ Ճիշտ բառերը հիմնականում բնաձայնությունները կամ ձայնարկություններն էին համարվում։ Այն բառերը, որտեղ այս կապը չէր երևում, նրանք համարում էին հնացած և օգնության էին կանչում հնչունային սիմվոլիկայի տեսությանը։ Օրինակ՝ կլորություն ունեցող առարկաները պարունակում են «օ» հնչյուն, ինչպես օրինակ՝ կլոր, օղակ և այլն։ Թեսեյականները գտնում էին, որ անվան և առարկայի միջև կապը պայմանական է։ Առարկան կոչվում է այդպես, որովհետև ինչ-որ մեկը այն այդպես է անվանել և ժողովրդի մեջ դա ամրապնդվել է։ Թեսեյ տեսության հինմնադիրներ են համարվում Դեմոկրիտեսը և Արիստոտելը, իսկ Ֆյուսե տեսության հիմանադիրն է համարվում Հերակլիտը։

Լեզվի ծագման գիտական տեսություն

խմբագրել

Լեզվի ծագման հարցը լուրջ հետաքրքրություն է առաջացնում և գիտական մտքի լուրջ ուշադրությանն է արժանանում 18-րդ դարից սկսած։ Լեզվի ծագման մասին ստեղծվում են տարբեր տեսություններ , որոնք կարելի է բաժանել երկու մասի ՝ կենսաբանական և հասարակական։

Լեզվի ծագման կենսաբանական տեսություններ

խմբագրել

Կենսաբանական տեսությունները լեզվի ծագումը կապում են մարդու ձայներ արտահայտելու ֆիզիոլոգիական ունակության հետ։ Կենսաբանական տեսությունները բաժանվում են երկու տեսակի՝

  • բնաձայնական տեսություն, ըստ որի լեզուն ծագել է բնության ձայները, հատկապես կենդանիների ձայները նմանակելու միջոցով։ Այսինքն ՝ ըստ այս տեսության՝ առաջին բառերը եղել են հաչել, կչկչալ, մռմռալ և այլն։ Այս տեսության կողմնակիցներ են Լայբնիցը և Հուբոլդտը։ Այս տեսությունը չի կարող համարվել ճիշտ, քանի որ այդպիսի բառերը այնքան էլ շատ չեն լեզվում և ամենակարևոր բառերը չեն մարդու կենցաղի համար։ Բնության մեջ էլ կան այնպիսի առարկաներ օրինակ՝ արև, լուսին, երկինք, քար, որոնք ձայն չեն հանում, համր են, և այս տեսությամբ հնարավոր չէ բացատել, թե ինչպես են այդ առարկաները անվանում ստացել։ Ինչպես նաև նույն բնաձայնական բառերը տարբեր լեզուներում տարբեր ձևով են հնչում, ինչն էլ կախված է տվյալ լեզվի հնչյունական համակարգից։ Օրինակ՝ հայերենում՝ «ծուղրուղու» ռուսերենում «кукареку» և այլն[1]։
  • ձայնարկությունների տեսություն, ըստ որի առաջին բառերն առաջացել են այն ձայներից, որոնք մարդն արձակել է տարբեր զգացմունքներից։ Սա գուցե մոտ է ճշմարտությանը, սակայն այս դեպքում էլ կնաշանակի, որ լեզուն առաջացել է ոչ թե որպես հաղորդակցման միջոց, այլ միայն որպես ինքնաարտահայտման միջոց։ Բացի այդ, ձայնարկություններ ևս ցանկացած լեզվի բառապաշարի շատ փոքր մասն են կազմում և նույնպես կախված են տվյալ լեզվի հնչյունային համակարգից։ Ինչպես օրինակ ցավ արտահայտելու ամար հայերը օգտագործում են «ախ՜» կան «վախ՜», անգլիացիները «ouch!» ռուսները «ой»:

Կենսաբանական տեսությունները չնայած չեն կարող գիտականորեն ճշգրիտ ձևով բացատրել լեզվի ծագման գործընթացը, բայց մեծ արժեք ունեն, քանզի հնչյունային լեզվի ծագումը կապում են մարդու ֆիզիոլոգիական ունակության հետ։

Լեզվի ծագման հասարակական տեսություններ

խմբագրել

Հասարակական տեսությունները լեզվի ծագումը կապում են մարդկային միջավայրում, աշխատանքի ընթացքում հաղորդակցման անհրաժեշտության հետ, այսինքն՝ մարդն արդեն դիտվում է որպես հասարակական էակ։ Հասարակական տեսությունները նույնպես բաժանվում են երկու խմբի.

  • աշխատանքային ճիչերի տեսություն , որը մշակվել է գերմանացի գիտնական Լյուդվիգ Նուարեի կողմից։ Ըստ այս տեսության ՝ առաջին բառերն առաջացել են բնազդային ճիչերից, որոնք մարդն արտաբերել է աշխատանքի ընթացքում, որոնք հետագայում դարձել են բայեր։ Սակայն հարց է ծագում , թե ինչպես է տվյալ գաղափարը կապվել տվյալ հնչյունական կազմի հետ, ինչպես են ճիչերը բառեր և հետագայում բայեր դարձել։
  • հասարակական դաշինքի տեսությունը՝ մշակած մեկ այլ ֆրանսիացի մտածող Ժան-Ժակ Ռուսոյի կողմից։ Նա մարդկության պատմության մեջ առանձնացնում է երկու շրջան՝ բնական և քաղաքակիրթ։ Բնական շրջանում մարդը դեռ չէր խոսում, նա երգում էր։ Այդ շրջանում նա հարում է ձայնարկությունների տեսությանը, իսկ քաղաքակրթության շրջանում մարդիկ պայմանավորվում են, թե այս կամ այն իրը ինչպես անվանել։ Սակայն այստեղ ծագում է մեկ այլ խնդիր , չէ’ որ պայմանավովելու համար էլ պետք է լեզու ունենալ։ Այսպիսով լեզվի ծագման մասին վերը նշված տեսությունները թերի են, քանի որ միակողմանի մոտեցում են ցուցաբերում։

Տվյալ խնդրի լուծման առավել հաջող տարբերակ է առաջարկել Ֆրիդրիխ Էնգելսը՝ կապելով լեզվի ծագումը մարդու հասարակական և ֆիզիոլոգիական ծագման հետ։ Ըստ նրա այդ զարգացումը անցնում է հետևյալ փուլերը.

  • Նախնական հոտերից աշխատանքի միջոցով մարդկային հասարակության ստեղծումը
  • Մարդու առջևի վերջույթներից ազատվելը և ուղիղ կեցվածք ընդունելը, որի արդյունքում մեծանում է նրա տեսադաշտը, ինչպես նաև մեծ թվով հնչյուններ արտաբերելու կարողությունը
  • Նյարդային համակարգի , ուղեղի և մկանների զարգացումը։

Այսպիսով, ի տարբերություն նախորդ տեսությունների՝ Էնգելսը հաշվի է առնում լեզվի ծագման և՛ կենսաբանական, և՛ հասարակական նախադրյալները։ Նրա այդ աշխատությունը կոչվում է «Աշխատանքի դերը մարդու փոխակերպվելու ընթացքում»։

Ենթադրվում է, որ նախնական լեզուն եղել է շատ պրիմիտիվ և մարդիկ հաղորդակցվել են բառ-նախադասություններով, ինչպես մարդկանց խոսքն է եղել սկզբնական շրջանում։

Գրականություն

խմբագրել
  • Լեզվաբանության հիմունքներ չորրորդ վերամշակված հրատարակչություն, Երևան 1987թ, Է. Բ. Աղայան

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.