Լեզվի ոճ
Լեզվի ոճ, հաղորդակցման պայմաններին, իրադրությանը և նպատակին համապատասխան լեզվական միջոցների ընտրության և խոսքի կառուցման յուրօրինակություն։ Լեզվաբանության մեջ գործածվում է երեք նշանակությամբ.
1․ Լեզվական համակարգի պատմականորեն ձևավորված շեշտ, տարբերակ, որ կապված է հասարակական կյանքի որոշակի բնագավառի հետ (գործառական ոճ)։ Օգտագործելով գրական լեզվի ընդհանուր բաոապաշարն ու քերականությունը՝ գործառական ոճերը միաժամանակ առանձնանում են իրենց բառապաշարային հատուկ ենթաշերտերով, խոսքի կառուցման հնարանքներով, արտահայտչամիջոցներով։
2․ Լեզվական միջոցների օգտագործման և խոսքի արտահայտչական կառուցվածքի յուրօրինակություն, որ պայմանավորված է խոսքի նպատակադրումով և իրականացման պայմաններով (իրադրական ոճ)։ Ի տարբերություն լեզվի գործառական ոճերի, իրադրական ոճերը խոսքի ոճեր են։ Լինում են՝ հանդիսավոր (վերամբարձ), պաշտոնական (չոր), հորդորական, մտերմական, փաղաքշական, կատակաբան են։
3․ Գրական լեզվի օգտագործման յուրօրինակոլթյուն, որ պայմանավորված է խոսողի մտավոր գարգացմամբ, աշխարհայացքով, խառնվածքով ու ճաշակով (անհատական ոճ)։ Գեղարվեստական ոճի շրջանակներում այս կամ այն գրողի ոճային անհատական ոճի դրսևորումն է։
Գործառական ոճերի տեսակները
խմբագրել- Առօրյա խոսակցական․ գործադրվում է առօրյա կյանքում, հասարակական և արտադրական հարաբերություններից դուրս՝ ընտանքում, կենցաղում, փողոցում, շուկայում։ Նրան բնորոշ է բարբառաբանությունների և հասարակաբանությունների բառապաշարային ենթաշերտը։
- Վարչական, գործադրվում է պետական-պաշտոնական, հասարակական-քաղաքական գործունեության ոլորտում, գրասենյակային գրագրություններում, դատական գործում, ունի պաշտոնական և գրասենյակային ենթաոճեր, բնորոշվում է յուրահատուկ բառապաշարային ենթաշերտի՝ վարչաբանությունների (կաղապարաբանությունների) առատ օգտագործումով։
- Գիտական, գործադրվում է գիտահետազոտական աշխատանքի ոլորտում՝ գիտական աշխատություններում, դասախոսություններում, զեկուցումներում, ունի գիտատեխնիկական և գիտահանրամատչելի ենթաոճեր, բնորոշվում է տերմինների լայն գործածությամբ։
- Հրապարակախոսական․ գործադրվում է պարբերական մամուլում և հրապարակային ելույթներում․ դրսևորվում է երկու տարբերակով՝ հրապարակախոսություն (բանավոր) և հրապարակագրություն (գրավոր)։
- Գեղարվեստական․ գործադրվում է գեղարվեստական գրականության և բանահյուսության մեջ։ Կարող է ընդգրկել գրական լեզվի այլ ոճերին հատուկ, ինչպես նաև ոչ գրական և այլալեզվյան տարրեր։
Ոճավորում
խմբագրելԳեղարվեստական ոճային բնորոշ հնարանքներից է ոճավորումը՝ պատումը որևէ անձնավորության, խավի, ազգության, աշխարհագրական վայրի կամ պատմական ժամանակաշրջանի հատուկ լեզվամտածողության տեսանկյունից վարելը, պատմողի խոսքը նրանց խոսքին նմանեցնելը՝ բնորոշ լեզվական տարրերի միտումնավոր օգտագործման միջոցով։ Ըստ այդմ ոճավորումը կարող է լինել սոցիալական, տեղական, պատմական, երգիծական (պարոդիա), ազգային։
Գեղարվեստական ոճի հիմնական հատկանիշներ
խմբագրելԴրանք են պատկերավորությունն ու արտահայտչականությունը, որոնք դրսևորվում են դարձույթների՝ փոխաբերական գործածության վրա հիմնված և առարկաները, երևույթները նրանց հատկանիշների համադրման ու հակադրման միջոցով արտահայտչորեն բնութագրող արտահայտությունների համեմատություն, մակդիր, փոխաբերություն, փոխանունություն, համըմբռնում (սինեկդոխա), խորհրդանիշ, հեգնանք, չափազանցություն, նվազաբերություն (լիտոտա), շրջասույթ, անձնավորում, դիմառնություն ու բանադարձումների՝ խոսքի արտահայտչականությունն ուժեղացնող յուրահատուկ շարահյուսական կառույցների անհետևողականություն (անակոլութ), անձնավորում, անշաղկապություն, աստիճանավորում, բազմաշաղկապություն, բացթողում, զուգադրություն, զեղչում, ժխտում, խաչաձևում, կրկնաբերություն, հակադրություն, հանգույց, հարանունություն, ճարտասանական հարց, ճարտասանական բացականչություն, նրբաբանություն (օքսիմորոն), շեղում, շրջադասություն ձևով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 617)։ |