Լեռնանցք (գյուղ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Լեռնանցք, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Լեռնանցք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՍպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1]
Մակերես16.39 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1221 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Լեռնանցք (գյուղ) (Հայաստան)##
Լեռնանցք (գյուղ) (Հայաստան)
Լեռնանցք (գյուղ) (Լոռու մարզ)##
Լեռնանցք (գյուղ) (Լոռու մարզ)

Գտնվում է Սպիտակ քաղաքից 1 կմ հարավ։ Լեռնանցք է վերանվանվել 1950 թվականի ապրիլի 19-ին[3]։

Պատմություն

խմբագրել

Գյուղը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային թեքության ճյուղավորություններից մեկի հովտում, որտեղով ժամանակին անցել է ռազմավարական նշանակություն ունեցող խճուղային ճանապարհը, որով անցել են առևտրական քարավանները և ռազմական գումակն ու ռազմամթերքը տեղափոխող սայլերը։

Ճանապարհը կառուցվել է ցարական Ռուսաստանի միջոցներով և ղեկավարությամբ, ծառայել է որպես կապի միջոց Թիֆլիս-Երևան անխախտ կապն ապահովելու համար։ Այդ ճանապարհի մասին դեռևս տեղեկություններ են մեզ հասել անգամ 1804-1805 թթ. ռուս-պարսկական պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակներից։

Համամլու-Ալագյազ ճանապարհը կտրել անցել է 2115 մ բարձրություն ունեցող Սպիտակի լեռնանցքով, որի պատճառով էլ գյուղը ստացավ Լեռնանցք անվանումը։ Գյուղի անունը մինչև 1950-ական թթ. Սպիտակ էր, 1950-ական թթ. գյուղի անունը փոխվեց Լեռնանցքի, իսկ Սպիտակ անունը տրվեց Համամլուին։

Անվան ծագումնաբանություն

խմբագրել

Գյուղի հին անվան՝ Սպիտակի ծագման վերաբերյալ կան մի քանի պաստեր ու ստուգաբանություններ.

  1. Գյուղից մոտ 3 կմ հարավ անցնող ռազմական ճանապարհի վրա, որը ավելի կարճ Սպիտակը Քրդի Փամբ, Ալագյազով կապում է Երևանի հետ, գտնվում է հորդահոս և սառնորակ աղբյուր (այժմ էլ կա և կառուցված է հուշարձան–աղբյուր նույն տեղում), որի ակունքները սպիտակ կրային ապարներից են կազմված և սպիտակ գույնի են։ Աղբյուրի ջուրը շատ պարզ ու զուլալ է, սպիտակ երանգ ունի և կոչվում է «Սպիտակ աղբյուր» նաև «Սառն աղբյուր»։ Երևի հենց այս աղբյուրի անունով էլ գյուղն ստացել է Սպիտակ անունը։
  2. Գյուղի հարավ–արևմտյան կողմում է գտնվում Պալլու–Ղարա քարափը, որի անմատչելի խոռոչներից մեկում սրբատեղի կա Թուխ–Մանուկ անունով։ Հավանական է, որ առաջին բնակիչների համար նշված սուրբը իր հովանու տակ պիտի առնի բնակատեղին և գյուղին տվել են Սրբի տակ, իսկ հետագայում հնչյունափոխության հետևանքով Սրբի տակը դարձել է Սպիտակ։ Վերջին տարբերակը ավելի հավանական է։

Լեռնանցքի կլիման բարեխառն է։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը գտնվում է կանաչապատ բարեբեր ու ալիքավորված լեռնահովտում։ Շրջկենտրոնից հեռու է մոտ 4 կմ դեպի հարավ։ Ունի հյուսիսային թեքություն, բարձրությունը ծովի մակարդակից 1650–1750 մետր է։ Գյուղը երիզող լեռները Փամբակի լեռնաշղթայի ճյուղերն են, որոնք ձգվում են արևելյան, արևմտյան ու հարավային կողմերում, հարթ տարածք է միայն հյուսիսային մասը, որը հասնում է մինչև Սպիտակ քաղաք։ Գյուղից մոտ 2 կմ հեռու կա գյուղատեղի, որտեղ նշմարվում են տների և գերեզմանների հետքեր։

Հյուսիսային կողմում ձգվում են Բազումի լեռները։ Գյուղի միջին բարձրությունը ծովի մակարդակից շուրջ 1700 մ է։ Գյուղը հարավային, արևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է հյուսիսային թեքության ունեցող լեռներով, որոնք պատած են ալպիական բուսականությամբ և հարուստ են սառնորակ աղբյուրներով։ Դրանց ջրերով գոյանում է առուն, որը հոսում է գյուղի միջով ու հասնում Սպիտակի միջով հոսող Չիչխան գետի, ապա Փամբակ գետի ջրերին։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնանցքի մշտական բնակչությունը կազմել է 1221, առկա բնակչությունը՝ 1062 մարդ[4]։ Գյուղը հիմնադրվել է 1830–1840–ական թվականներին, որի առաջին բնակիչները եղել են Կարսից, Բիթլիսի և Մուշի գավառների գյուղերից, Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից՝ 1828-1829 թթ. ռուս–պարսկական պատերազմի հետևանքով։ Եկվորները նախ ժամանակավորապես տեղավորվել և բնակվել են այժմյան Լեռնանցք գյուղում։

Լեռնանցքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1873 316 մարդ [5]
1897 604 մարդ [5]
1926 880 մարդ [5]
1931 847 մարդ [5]
1959 880 մարդ [5]
1970 1043 մարդ [5]
1979 1131 մարդ [5]
1989 930 մարդ [6]
2001 1305 մարդ [5]
2011 1221 մարդ [2]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հիմնական մշակաբույսերն են կարտոֆիլը, կաղամբը, այլ բանջարաբույսեր, հացահատիկային՝ ցորենը, գարին, նաև անասնակերերի նպատակով՝ կորնգան, առվույտ ու խոտաբույսեր։ Մինչև երկրաշարժը, խորհրդային շրջանում, երբ Սպիտակում գործում էր շաքարի գործարանը, գյուղի կոլտնտեսությունը մշակում էր շաքարի ճակնդեղ, որի հումքը հանձնվում էր գործարանին։ Անասնապահության (կովեր, ոչխարներ, այծեր, խոզեր) շնորհիվ մարդիկ հոգում են իրենց առօրյա հոգսերը։ Ծառատեսակներից են (տանձը, խնձորը, բալը, կեռասը, սալորը)։ Իսկ սարերում ու անտառներում աճում են հատապտուղներ ու տարբեր բանջարաբույսեր։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Գյուղից 2 կմ հեռու կա գյուղատեղի Բակեր անունով, իսկ գյուղում՝ Սբ. Մինաս եկեղեցի (1910 թ.), Մարիամ Աստվածածին և Թուխ Մանուկ մատուռները։

Գյուղի կենտրոնում է գտնվում բնական սառնորակ աղբյուր, որ «Ժամի աղբյուր» է կոչվում և գտնվում է «Սուրբ Մինաս» եկեղեցու հարևանությամբ։ Ըստ լեռնանցքցիների նախնիների վկայության, հենց այս աղբյուրն էլ հիմք է դարձել այս տեղանքում բնակատեղի հիմնելու գործին։ Այդ աղբյուրը միաժամանակ համարվում է 1988 թ.–ի երկրաշարժի զոհերի և Ղարաբաղյան ազատամարտում զոհված համագյուղացիներ Փայլակ Վարդանյանի և Հենզել Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ համապատասխան խաչքարով և ազատամարտիկների պատկերներով։ Երկրաշարժի հետևանքով գյուղը հիմնահատակ ավերվեց՝ խլելով 65 մարդու կյանք։ Գյուղի միջով է հոսում լեռնային աղբյուրներից գոյացած առուն, որը ամռան տապին ջուր է տալիս դաշտերին ու այգիներին։

Գյուղապետարանի ու համագյուղացի ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանի միջոցներով կառուցվել է երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար–հուշարձան համալիրը։ Իսկ 1975 թ. կառուցվել է հուշարձան–կոթող՝ նվիրված 1941-1945 թթ. գյուղից Հայրենական պատերազմում զոհված 75 մարդկանց։ Գյուղի եկեղեցին՝ Սուրբ Մինասը կառուցվել է 1850–ական թվականներին, իսկ գմբեթ–զանգակատունը 1910 թ.–ին։ Այս տվյալները պահպանվել են եկեղեցու սյունագագաթների բաձիկներին և գմբեթի կամարին։ Եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես կոլտնտեսության հացահատիկի պահեստ 1988 թ. երկրաշարժի հետևանքով ամբողջ գյուղը, այդ թվում նաև եկեղեցին հիմնահատակ ավերվեց։ Բնակիչների հանգանակություններով վերականգնեցին եկեղեցու պատերն ու տանիքը, իսկ ներքին հարդարման աշխատանքները անավարտ են։ Եկեղեցին այդ վիճակով այժմ ծառայում է համայնքի բնակչության հոգևոր պահանջների համար։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Լեռնանցքն ունի դպրոց, մշակույթի տուն և գրադարան, բուժկետ, որոնք գործում են ժամանակավոր կառույցներում։

Ծանոթագրություններ

խմբագրել