Լիզոգենիա
Լիզոգենիա բակտերիաների լիզիսի ենթարկվելու ընդունակություն, որն ուղեկցվում է բակտերիոֆագի անջատումով։ Լիզոգենիաի տեսությունը մշակել են ֆրանսիացի գիտնականներ Ա. Լվովը և Ա. Հուտմանը (1950)։ Նրանք բացահայտեցին, որ լիզոգեն վիճակը կապված է բակտերիաների բջիջներում առկա պրոֆագի հետ։ Լիզոգեն բակտերիաների յուրաքանչյուր սերունդում լիզիսի են ենթարկվում բջիջների աննշան մասը (1 միլիոն բջջից մոտ 1-ը), և ազատվում է չափավոր ֆազերի 70— 150 մասնիկ։ Պրոֆագի վարակիչ վիճակի անցնելու հաճախականությունը կարող է մեծանալ մի շարք գործոններով (օրինակ, ուլտրամանուշակագույն ճառագայթներով) ազդելիս։ Բջջի վիճակը որոշվում է վարակի սկզբնական փուլում և հիմնականում կախված է իմունիտետի առաջացման ժամանակից։ Եթե իմունիտետը առաջանում է ավելի վաղ, քան վարակի ցարգացումը կհասնի ոչ դարձելի լիզիսի փուլին, ապա կարող է տեղի ունենալ լիզոգենիզացում։ Բակտերիաների գենոմում միաժամանակ կարող են պարունակվել տարբեր ֆագերի պրոֆագեր (պոլիլիզոգենիա)։ Նշված դեպքում բջիջը իմունիտետ է ունենում բոլոր ֆագերի դեմ։ Արհեստականորեն ստացվել են լիզոգեն բակտերիաներ, որոնք իրենց հատկություններով չեն տարբերվում բնական պայմաններում հայտնաբերված լիզոգեն բակտերիաներից։ Լիզոգենիան բակտերիաների վիրուսային վարակի բարդ ձևն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 613)։ |