Լոբբինգ, ազդեցություն գործելն է այն որոշումների վրա, որոնք կայացվել են կառավարությունում պաշտոնյաների՝ շատ հաճախ կարգավորող գործակալությունների անդամների կողմից։ Լոբբինգի հայրենիքը համարվում է ԱՄՆ-ն, որտեղ էլ 19-րդ դարում ձևավորվել է քաղաքական ազդեցության այս հզոր միջոցը։ Լոբբինգ տերմինը առաջին անգամ հրապարակվել է 1820-ական թթ.։ Լոբբի անվանում էին հյուրանոցի նախասրահին և հենց Վաշինգտոնի հյուրանոցի նախասրահում էին ԱՄՆ նախագահը և սենատորները հանդիպում շահառու խմբերի ներկյցուցիչների հետ և լսում վերջիններիս առաջ քաշած խնդրանքներն ու առաջարկությունները, որոնք վերաբերում էին պետության վարած քաղաքականությանը։ Հավաքվածները փորձում էին համոզել պետական գործիչներին ընդունել կամ մերժել որևէ որոշում։ Լոբբինգն իրականացվում է տարբեր տեսակի մարդկանց և խմբերի՝ ներառյալ հանրային ոլորտի անհատների և շահառու խմբերի կողմից։ Անհատները և շահույթ չհետապնդող կազմակերպությունները նույնպես կարող են լոբբինգ իրականացնել կամավորության տեսքով։

Լոբբիստներ

խմբագրել

Լոբբիստները, որպես կանոն, քաջատեղյակ են օրենսդրական գործընթացներին։ Լոբբիստների գլխավոր գործիքը ինֆորմացիան է, և նրանք հակված են դեմ առ դեմ հանդիպումներին Կոնգրեսի անդամների, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ։ Այս ամենը հետապնդում է մի նպատակ՝ ունենալ դրական ազդեցություն որոշում կայացնողների վրա։ Լոբբիստի հաջողությունը մասամբ պայմանավորված է վերջինիս համբավով։ Լոբբիստները հանդիպում են իրենց կողմնակիցների հետ, քննարկում բոլոր հնարավոր տարբերակները, միասին աշխատում՝ վատ օրենսդրությունը բարելավելու նպատակով։ Մինչդեռ շատերը կարծում են, որ լոբբիստները միայն վարձատրվող մասնագետներն են, այնինչ կան նաև անկախ, կամավոր լոբբիստներ։ Լոբբիստը ակտիվիստ է, ով փորձում է կառավարության անդամներին համոզել կիրառել այն օրենսդրությունը, որը համապատասխանում է իր խմբի շահերին։ Օրինակ՝ ԱՄՆ-ում լոբբիստները ներկայացնում են ամերիկյան գրեթե յուրաքանչյուր հաստատություն և շահառու խումբ՝ արհմիություններ, զանազան կազմակերպություններ, քոլեջներ, համալսարաններ, ինչպես նաև բարեգործական ընկերություններ, եկեղեցիներ, նույնիսկ՝ պետական և տեղական մարմիններ։ Լոբբիստները պետք է ունենան ուժեղ հաղորդակցական հմտություններ և օրենդրական գործընթացների մասին գիտելիքներ։ Երկար ժամանակ ԱՄՆ-ում լոբբիստի մասնագիտությունը վարկազուրկ էր, քանի որ լոբբիստների և պետական գործիչների փոխհարաբերությունների հիմքում այսպես կոչված «կոռուպցիա»-ն էր։ Շատ հաճախ լոբբիստները պաշտոնյաների համար ընթրիքներ էին կազմակերպում և դրանով փորձում ընթացք տալ այս կամ այն հարցին։ Իրավիճակն էականորեն այլ է այսօր. լոբբինգը համարվում է ԱՄՆ ժողովրդավարության գլխավոր ցուցիչ, իսկ լոբբիստի մասնագիտությունը՝ ամենաբարձր վարձատրվողներից մեկը։

Հայկական լոբբինգ

խմբագրել

Հայկական լոբբինգն ունի համեմատաբար կարճ պատմություն, որը թափ է առել վերջին տարիներին։ Այն այսօր լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում և համարվում է թվով երրորդ արդյունավետ լոբբինգը հրեականից և հունականից հետո։ Հայկական լոբբինգի առաջնային հարցը ցեղասպանության ճանաչումն է հնարավորինս մեծ թվով պետությունների կողմից։ Սակայն այն չի սահմանափակվում միայն այս հարցով։ Հայ լոբբիստները ջանք չեն խնայում տարբեր երկրներում հայանպաստ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ ԻՆչպես և կանխատեսելի էր, վերջին ժամանակներում հայկական լոբբինգին զուգահեռ սկսել են զարգանալ թուրքական և ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները։ Ներկայումս հայկական լոբբինգի գլխավոր նպատակը ավելի մեծ թվով երկրներում գործունեություն իրականացնելն է, քանզի մի շարք երկրներում թուրքական և ադրբեջանական լոբբիզմը ակտիվություն է ցուցաբերում, մինչդեռ այդ երկրներում հայկական լոբբինգը բացակայում է։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբբինգ» հոդվածին։