Լուսնի փուլեր, Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ շաբաթ անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույսը, որն առաջանում է Երկրի լուսավոր մասից (լիաերևկիր) ընկած ճառագայթների անդրադարձմամբ։ Լուսնի իրար հաջորդող միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը (սինոդական ամիս) հավասար է 29.5306 օրվա։ Այն օգտագործվել է Լուսնի փուլերի հասակը որոշելու համար և ընկած է լուսնա–արեգակնային օրացույցերի հիմքում։
Պարզվում է՝ մեր հրաշապատում հեքիաթներում առկա են մաթեմատիկական, աստղագիտական ճշգրիտ հաշվարկներ, և հեքիաթային յուրաքանչյուր հերոս իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի տվյալ հեքիաթում։ Հեքիաթների վերլուծությունը բերում է Նախահայկյան օրացույցի բացահայտմանը։ Այսինքն՝ Նախահայկյան օրացույցը, որը գոյություն է ունեցել մեր նախահոր՝ Հայկի կերպարից էլ առաջ, պահպանվել է նաև մեր հրաշապատում հեքիաթներում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 697)։