Խաղաղության Նոբելյան մրցանակ
Խաղաղության նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobels fredspris), հինգ Նոբելյան մրցանակներից մեկը, քիմիայի, ֆիզիկայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության և գրականության Նոբելյան մրցանակների հետ միասին սահմանված շվեդ արդյունաբերող, գյուտարար Ալֆրեդ Նոբելի կողմից։ 1901 թվականից ի վեր ամեն տարի այն շնորհվում է նրանց, «ովքեր կատարել են ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»։ Ալֆրեդ Նոբելի կամքով՝ մրցանակակիրը ընտրվում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի (հանձնաժողովը ունի հինգ անդամներ՝ Նորվեգիայի խորհրդարանի կողմից նշանակված) կողմից։ 1990 թվականից ի վեր ամեն տարի մրցանակը հանձնվում է դեկտեմբերի 10-ին, Օսլոյի քաղաքապետարանում[1]։
Խաղաղության նոբելյան մրցանակ | |
---|---|
Շնորհելու հիմք | Հանուն Խաղաղության գերազանց ներդրման համար |
Վայր | Օսլո |
Երկիր | Նորվեգիա |
Պարգևատրող | Նորվեգայի Նոբելյան հանձնաժողովն ի դեմս Ալֆրեդ Նոբելի |
Առաջին շնորհում | 1901 |
Վեբկայք | Nobelprize.org |
Պատմություն
խմբագրելԱլֆրեդ Նոբելի ցանկութան համաձայն Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»[2]։ Ալֆրեդ Նոբելն ավելի ուշ հստակեցրեց, որ մրցանակը կշնորհվի 5 հոգուց բաղկացած հանձնաժողովի կողմից։ Նոբելը մահացել է 1896 թվականին և չի մեկնաբանել խաղաղությունը որպես մրցանակային բնագավառ ընտրելու պատճառը։ Նրա ինժեներ-քիմիկոս լինելու փաստը պարզ է դարձնում քիմիա և ֆիզիկա բնագավառների ընտրության պատճառը, մինչդեռ խաղաղության պարագայում, այդ պատճառն ավելի անորոշ է։ Ըստ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի, Ալֆրեդ Նոբելի և խաղաղության ակտիվիստ, ավելի ուշ նոբելյան մրցանակակիր Բերթա վոն Սաթների մտերմությունը խորապես ազդել է Նոբելի այս որոշման վրա։ Նոբելի գործունեությունը ուսումնասիրող որոշ գիտնականներ էլ պնդում են, որ Նոբելը այս կերպ փորձել է փոխհատուցել իր՝ զանգվածային ոչնչացման միջոցները զարգացնելը։ Նա է հայտնագործել դինամիտը (1867 թ.) և բալիստիկ վառոդը (1888 թ.), որոնք երկուսն էլ նրա կենդանության օրոք լայնորեն օգտագործվել են։ Բալիստիկ վառոդը օգտագործվում էր պատերազմի ժամանակ, իսկ «Իռլանդական հանրապետական եղբայրությունը» (իռլանդական ազգայնական կազմակերպություն) դինամիտը 1880-ականներին օգտագործում էր գրոհներ կազմակերպելու համար[3]։
Առաջադրում և ընտրություն
խմբագրելԱռաջադրում
խմբագրելԱմեն տարի, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հատուկ հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող մարդկանց Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածություն առաջադրելու[4]։ Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ով կարող է դառնալ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր։ Թեկնածու կարող են լինել[5]՝
- Ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամները և միջխորհրդարանային միությունների անդամները
- Արբիտրաժային դատարանի մշտական անդամները և Հաագայի միջազգային դատարանի անդամները
- Institut de Droit International-ի անդամները
- Պատմության, հասարակական գիտությունների, փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության դասախոսները, խաղաղությանը վերաբերող հարցեր և միջազգային հարաբերություններ ուսումնասիրող ընկերությունների տնօրենները
- Նախկին դափնեկիրները, այդ թվում՝ խորհրդի անդամ կազմակերպությունները, որոնք նախկինում ստացել են մրցանակը
- Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի այժմյան և նախկին անդամները
- Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի նախկին մշտական խորհրդականները
Առաջադրումները սովորաբար պետք է հաստատվեն հանձնաժողովի կողմից փետրվարի սկզբին։ 2009 թվականին ռեկորդային 205 թեկնածություն էր առաջադրվել[6], սակայն ռեկորդը գերազանցվեց 2010 թվականին, երբ առաջադրվեց 237 թեկնածություն[7], ապա 2011 թվականին՝ 241 թեկնածուով։ Նոբելյան հիմնադրամը արգելում է ինֆորմացիա տարածել թեկնածուների, պարգևատրման հետ կապված հետազոտությունների մասին մրցանակը շնորհելուց հետո առաջիկա 50 տարվա ընթացքում[8]։
Ընտրություն
խմբագրելԱռաջադրումները ուսումնասիրվում են Նոբելյան կոմիտեի հանդիպման ժամանակ, որտեղ կազմվում է թեկնածուների մի կարճ ցուցակ՝ հետագայում վերանայելու համար։ Այս կարճ ցուցակը հետագայում ուսումնասիրում են Նոբելյան ինստիտուտի մշտական անդամները։ Խորհրդականներին սովորաբար մի քանի ամիս ժամանակ է տրվում հաշվետվություններ կազմելու համար։ Այդ հաշվետությունները ավելի ուշ քննարկում է կոմիտեն՝ մրցանակակրին ընտրելու համար։ Կոմիտեն փորձում է հասնել միասնական որոշման, սակայն միշտ չէ, որ սա հնարավոր է։ Նոբելյան կոմիտեն, որպես կանոն, եզրակացության է հանգում սեպտեմբերի կեսերին, սակայն երբեմն վերջնական որոշումը կայացվում է հոկտեմբերի սկզբին՝ պաշտոնական հայտարարություն տարածելուց առաջ՝ վերջին ժողովի ընթացքում[9]։
Մրցանակի հանձնում
խմբագրելՆորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահը ամեն տարի՝ դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան տարելիցին, Նորվեգիայի թագավորի ներկայությամբ ներկայացնում է Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Խաղաղության Նոբելյան մրցանակը միակ մրցանակն է, որը Ստոկհոլմում չի հանձնվում։ Նոբելյան մրցանակի դափնեկիրն ստանում է դիպլոմ, մեդալ և փաստաթուղթ, որը հաստատում է մրցանակի չափը[10]։ 2013 թվականի տվյալներով՝ մրցանակը մոտ 1,5 միլիոն դոլար էր։ 1990 թվականից ի վեր Խաղաղության նոբելյան մրցանակի հանձման արարողությունը տեղի է ունենում Օսլոյի քաղաքապետարանում։
Շնորհված մրցանակներ
խմբագրել1901 թվականից ի վեր հանձնվել են 95 Խաղաղության Նոբելյան մրցանակներ։ 19 անգամ մրցանակ չի շնորհվել. 1914-1916 թթ., 1918 թ., 1923 թ., 1924 թ., 1928 թ., 1932 թ., 1939-1943 թթ., 1948 թ., 1955-1956 թթ., 1966-1967 թթ. և 1972 թվականներին։ Այս թվականներին մրցանակ չի շնորհվել, որովհետև Նոբելյան հիմնադրամի կանոնադրության մեջ նշվում է․ «Եթե քննված աշխատանքներից ոչ մեկն առաջին պարագրաֆում նշված կարևորությունը չունի, մրցանակային ֆոնդը կպահպանվի մինչև հաջորդ տարի։ Եթե այդ ժամանակ ևս մրցանակը չի գտնի իր տիրոջը, գումարը կփոխանցվի հիմնադրամի ֆոնդին։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ավելի քիչ թվով մրցանակներ են շնորհվել։ Խաղաղության 64 Նոբելյան մրցանակ տրվել է միայն մեկ դափնեկրի, 29 մրցանակ կիսել են երկու դափնեկիրներ, երկու մրցանակ՝ երեք դափնեկիր։ Մրցանակը կիսելու դեպքում կիսվում է նաև տրվող գումարը։ Մրցանակային գումարը ոչ մի դեպքում չի կարող բաժանվել երեքից ավելի մրցանակակիրների միջև։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Գերմանացի խաղաղասեր և լրագրող Կառլ վոն Օսիեցկին, բիրմացի քաղաքական գործիչ Աունգ Սան Սու Կին, չինացի մարդու իրավունքների պաշտպան Լիու Խիաոբոն մրցանակակիր դառնալու ժամանակ գտնվում էին կալանքի տակ։
- Յուրաքանչյուր Նոբելյան դիպլոմ մի յուրօրինակ արվեստի գործ է՝ ստեղծված նորվեգացի և շվեդ արվեստագետների կողմից։
- Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը Մալալա Յուսաֆզին է։ Նա մրցանակը ստացել է 17 տարեկանում (2014 թվականին)։
- Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Ժոսեֆ Ռոթբլաթն է։ Նա մրցանակը ստացել է 87 տարեկան հասակում՝1995 թվականին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ "Nobel Peace Prize", The Oxford Dictionary of Twentieth Century World History
- ↑ «Excerpt from the Will of Alfred Nobel». Nobel Foundation. Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
- ↑ BBC History – 1916 Easter Rising – Profiles – The Irish Republican Brotherhood BBC
- ↑ «Nomination for the Nobel Peace Prize». Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Who may submit nominations?». The Norwegian Nobel Committee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «President Barack Obama wins Nobel Peace Prize». Associated Press on yahoo.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Nominations for the 2011 Nobel Peace Prize». Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Nominations for the 2009 Nobel Peace Prize». The Norwegian Nobel Committee. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «How are Laureates selected?». The Norwegian Nobel Committee. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ What the Nobel Laureates Receive Արխիվացված 2007-10-30 Wayback Machine. nobelprize.org.
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1491 Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
- Նոբելյան Մրցանակի պաշտոնական կայք
- Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետները - ԱրմԷկո.am
- Նոբելյան Մրցանակի ավանդույթները (հոդված)
- "All Nobel Laureates in Peace"
- "The Nobel Prize Award Ceremonies"
- World Summit of Nobel Peace Laureates Արխիվացված 2012-06-15 Wayback Machine, official site with information on annual summits beginning in 1999
- "National Peace Nobel Prize shares 1901–2009 by citizenship (or home of organization) at the time of the award." – From J. Schmidhuber (2010)։ Evolution of National Nobel Prize Shares in the 20th Century at arXiv:1009.2634v1
- "South Africa is one of the most unequal societies in the world Արխիվացված 2013-12-14 Wayback Machine", article published in Global Education Magazine Արխիվացված 2015-05-27 Wayback Machine, by Mr. Frederik Willem de Klerk, Nobel Peace Prize 1993, in the special edition of International Day for the Eradication of Poverty Արխիվացված 2013-08-25 Wayback Machine (17 October 2012).
- Martin Luther King, Jr.'s Nobel Peace Prize Արխիվացված 2014-05-24 Wayback Machine, Civil Rights Digital Library