Հարդ ռոք
Հարդ ռոք (անգլ.՝ hard rock կամ heavy rock, բառացի՝ ծանր ռոք), ռոք երաժշտության ենթաժանր, որի հիմքում ընկած են 1960-ականների կեսերից գարաժ ռոքը, բլյուզ-ռոքը և փսիխոդելիկ ռոքը։ Հարդ ռոքը համարվում է ավելի ծանր, քան մինչ այդ հայտնի ռոք երաժշտությունը։ Դրան բնորոշ է Էլեկտրակիթառների, բասս կիթառի, հարվածայինների, դաշնամուրի և ստեղնաշարային գործիքների առատ օգտագործումը։ Ծանրությունը, մասնավորապես, ստացվում է էլեկտրոկիթառի առանձնահատուկ հնչողության (օրինակ՝ այնպիսի էֆֆեկտների, ինչպիսին են դիստորշնը և օվերդրայվը) և ռիթմ-սեկցիայի աշխատանքի շնորհիվ։
Հարդ ռոք Hard rock | |
---|---|
Ոճային հիմքեր | Բլյուզ-ռոք, գարաժ ռոք, փսիխոդելիկ ռոք, ռոք-ըն-ռոլլ, փոփ-ռոք |
Մշակութային հիմքեր | 1960-ականների կես, Մեծ Բրիտանիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Ծագման ժամանակ | 1967 |
Ծագման երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Ճանաչում | 1970-ականներին, 80-ականներին և վաղ 90-ականներին։ Մասսայականության գագաթնակետը 1980-ականներին էր։ |
Ենթաժանրեր | |
Հևի մետալ, պրոգրեսիվ ռոք |
Պատմություն
խմբագրելՍկիզբը (1960-ականներ)
խմբագրելՀարդ ռոքի ձևավորման վրա իր խորագույն ներգործությունն է ունեցել բլյուզ երաժշտությունը։ Ամերիկյան և բրիտանական ռոք խմբերը սկսեցին ձևափոխել ռոք-ըն-ռոլլը՝ ստանդարտ ժանրին ավելացնելով ավելի ծանր հնչյուններ, կիթառային ռիֆֆեր, փքուն թմբկահարում և ավելի բարձր վոկալ։ Այս հնչողությունը դրեց հարդ ռոքի հիմքը։ Դրա վաղ ձևերը կարելի է լսել The Kinks-ի “You Really Got Me”, The Beatles-ի “Paperback Writer”, The Who-ի “My Generation”, The Animals-ի “See See Rider”, The Yardbirds-ի “Happenings Ten Years Time Ago” երգերում։
Ավելի ուշ Ջիմի Հենդրիքսը (անգլ. Jimi Hendrix) ստեղծեց բլյուզային հիմքով փսիխոդելիկ ռոքը, որը պարունակում էր ջազի, բլյուզի և ռոք-ըն-ռոնլլի էլեմենտներ։ Նա, ինչպես նաև Դեյվ Դեյվիսը (անգլ. Dave Davies) The Kinks-ից, Հիլթոն Վալենթայնը (անգլ. Hilton Valentine) The Animals-ից, Փիթ Թաունզենդը (անգլ. Pete Townshend) The Who-ից, Էրիկ Քլեպտոնը (անգլ. Eric Clapton) Cream-ից և Ջեֆֆ Բեքը (անգլ. Jeff Beck) The Yardbirds-ից, առաջին կիթառահարներից էին, որ փորձում էին կիթառային այնպիսի նոր էֆֆեկտներ, ինչպիսին են ֆեյզերը, ֆիդբեքը և դիստորշնը։
Հարդ ռոքն առաջ է գալիս 1960-ականների վերջին՝ այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են՝ The Who, Deep Purple, Iron Butterfly, Blue Cheer և Led Zeppelin։ Նրանք վաղ շրջանի ռոք խմբերի երաժշտությունը համադրում էին բլյուզ ռոքի և էյսիդ ռոքի ավելի ծանր ձևերի հետ։ Deep Purple խումբը հարդ ռոքի պիոներներից մեկը դարձավ իր Shades of Deep Purple (1968), The Book of Taliesyn (1968) և Deep Purple (1969) ալբոմներով, սակայն նրանց կողմից մեծագույն առաջընթաց գրանցվեց 4-րդ և հատկանշականորեն ծանր ալբոմով՝ In Rock (1970)։ Հարդ ռոքի սկզբնական շրջանը բնութագրող ալբոմների օրինակներ են Led Zeppelin-ի առաջին նույնանուն ալբոմը՝ Led Zeppelin (1969) և The Who-ի Live at Leeds-ը (1970)[1]։ Այդ ալբոմների բլյուզային ակունքներն ակնհայտ են, դրանցում ներառված են նաև հայտնի բլյուզ երաժիշտների մի քանի երգերի ադապտացված տարբերակներ։