Կանատժան Ալիբեկով

գիտնական-մանրէաբան, կենսաբանական պատերազմի փորձագետ

Կանատժան Բայզակի Ալիբեկով (ԱՄՆ-ում հայտնի է որպես Քեն Ալիբեկ կամ Քենեթ Ալիբեկ, ղազ.՝ Әлібеков Қанатжан Байзақұлы, 1950[1][2][3], Q16664633?, Tulkibas District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), գիտնական-մանրէաբան, իմունոլոգիայի, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիական սինթեզի, սուր և քրոնիկ վարակիչ հիվանդությունների, տուլարեմիայի, սիբիրախտի և Մարբուրգի տենդի հիման վրա կենսաբանական զենքի, կենսաբանական զենքից պաշտպանության ոլորտի մասնագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, խորհրդային բանակի պաշտոնաթող գնդապետ։

Կանատժան Ալիբեկով
Դիմանկար
Ծնվել է1950[1][2][3]
ԾննդավայրQ16664633?, Tulkibas District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ղազախստան և  ԱՄՆ
ԿրթությունՍիբիրի պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունկենսաբան և բժիշկ
ԱշխատավայրՍտեպնոգորսկի մանրէաբանության գիտատեխնիկական ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ՂԽՍՀ-ում, մեծացել Ալմա Աթայում` հանրապետության նախկին մայրաքաղաքում։ 1975 թվականին ավարտել է Տոմսկի բժշկական ինստիտուտի ռազմական ֆակուլտետը` «վարակիչ հիվանդություններ և համաճարակաբանություն» մասնագիտությամբ, և գործուղվել է «Բիոպրեպարատ» ՓԲԸ։

1975 թվականից աշխատել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից «Բիոպրեպարատում», որը զբաղվում էր կենսաբանական զենքի մշակմամբ և փորձարկումներով[4][5]։ Այդ ժամանակ էլ «Բիոպրեպարատի» երեք գործարաններում ստեղծվել են գիտական փորձարարական-արտադրական բազաներ։ Ալիբեկովը սկզբում աշխատել է Բերդսկի գործարանի բազայում, իսկ հետո տեղափոխվել է Օմուտնինսկ քաղաք։ Օմուտնինսկի բազայում արագ վեր է բարձրացել` դառնալով դրա տնօրենը։ Աշխատանքի ընթացքում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` 1983 թվականին տուլարեմիայի հիման վրա մշակելով կենսաբանական զենք։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Ստեպնոգորսկ քաղաք` որպես տնօրեն «Ստեպնոգորսկի գիտաարտադրական բազայում» (Ավան 19), որը շատ ավելի մեծ էր, քան Օմուտնինսկինը, ինչպես նաև նախագծվել և կառուցվել էր տեխնիկայի ամենավերջին խոսքով։ Ալիբեկովի նշանակման պահին բազան գտնվում էր գործարկման-կարգաբերման փուլում։ Այնտեղ նա գլխավորել է սիբիրախտի և Մարբուրգի տենդի հիման վրա կենսաբանական զենքի ստեղծման աշխատանքները։ Մի քանի տարվա հաջող տնօրինելուց հետո, որի ընթացքում նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, «Բիոպրեպարատի» ղեկավար Յու. Տ. Կալինինը Ալիբեկովին տեղափոխել է Մոսկվա` որպես «Բիոպրեպարատ» միավորումում իր առաջին տեղակալ, որից հետո Ալիբեկովը դարձել է «Բիոմաշ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն և «Բիոքիմմաշնախագիծ» ինստիտուտի տնօրեն[6]։

1988-1992 թվականներին զբաղեցրել է «Բիոպրեպարատի» գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Գործունեություն ԽՍՀՄ փլուզումից հետո

խմբագրել

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 1992 թվականի սկզբին, հեռացել է կառավարումից։ 1992 թվականի վերջին` մոսկովյան առևտրային բանկում աշխատելուց հետո, արտագաղթել է ԱՄՆ։

1999 թվականին հրատարակել է «Biohazard» (համահեղինակ` լրագրող Սթիվեն Հենդելման) վերնագրով գիրքը, որը հրատարակվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, իսկ ռուսերենով «Biohazard»-ը լույս է տեսել 2003 թվականին՝ «Զգուշացե'ք։ Կենսաբանական զենք» անունով։

Կենսաբանական զենքից պաշտպանության համակարգեր մշակող AFG Biosolutions Inc. ամերիկյան ընկերության նախագահը և համասեփականատերն է, Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր է (George Mason University) և ԱՄՆ կենսաբանական պաշտպանության ազգային կենտրոնի ղեկավար\National Center for Biodefense[7][8]:

Գործունեություն Ուկրաինայում

խմբագրել

Ուկրաինայում նա հայտնի է 2006 թվականին «Max-Well» դեղագործական գործարանի բացմամբ, որը հանդիսանում էր ամերիկյան MaxWell Biocorporation բազմազգ ընկերության դուստր ձեռնարկությունը, եղել է նախագահը և գլխավոր տնօրենը։ Սկզբնապես հաղորդվում էր, որ գործարանում կատարվել է ավելի քան 100 մլն ամերիկյան դոլարի ներդրում[9]։ Ավելի ուշ պարզվել է, որ դեղագործական գործարանն օգտագործվել է ղազախական «ԲՏԱ» բանկի նախկին սեփականատեր Մուխտար Աբլյազովի կողմից` հափշտակված միջոցների օրինականացման համար[10]։ Այդ կոմբինատի կառուցման համար միջոցների աղբյուրը «ԲՏԱ» բանկն էր, բայց այս օբյեկտի սեփականությունը վերապահված էր Աբլյազովին[11]։ Այս դեղագործական գործարանը բացումից հետո արտադրության ամբողջական ցիկլային գործարան չի եղել, սպիտակուցի պատրաստի փոշի նյութերն Ուկրաինա են առաքվել ԱՄՆ-ից, որոնք արտադրվել են AFG Biosolutions Inc. ընկերության գործարանում, որի գլխավոր տնօրենը նույնպես Ալիբեկովն է եղել[12]։ Հայտնի է, որ MaxWell Biocorporation ընկերության փոխնախագահն է Գաուհար Կուսաինովան` Աբլյազովի քույրը, որը Ալիբեկովի ամենահավատարիմ համախոհներից էր[13]։ 2010 թվականին գործարանը վաճառվել է նոր տերերին, իսկ Ալիբեկովը մեկնել է Ղազախստան աշխատելու[14]։

Գործունեություն Ղազախստանում

խմբագրել

2005 թվականին ԱՄՆ-ը դադարել է Ալիբեկովի ծառայությունների կարիքն ունենալ, որից հետո նա առաջարկել է իր օգնությունը Ղազախստանի կառավարությանը կենսատեխնոլոգիական գիտության կառուցման գործում[15]։

2010 թվականին տեղափոխվել է Աստանա` Ղազախստանի մայրաքաղաք, որտեղ որոշ ժամանակ ղեկավարել է «Նազարբաև համալսարանի» գիտությունների և տեխնոլոգիաների դպրոցի քիմիայի և կենսաբանության ամբիոնը, որտեղ, այդ թվում զբաղվել է կյանքի երկարացման հակաքաղցկեղային դեղամիջոցների և դեղորայքի մշակումներով, ինչպես նաև եղել է անհետաձգելի բժշկական օգնության հանրապետական գիտական կենտրոնի վարչության նախագահ և գլխավորել ուռուցքաբանության և փոխպատվաստման ազգային գիտական կենտրոնը։ Պահպանել է ԱՄՆ քաղաքացիությունը։ 7 տարի անց Ալիբեկովի աշխատանքից ոչ մի գիտական արդյունք չի եղել։ Իր գործունեության ընթացքում Քեն Ալիբեկը ստացել է ավելի քան 1 միլիարդ տենգե բյուջետային միջոցներ իր կողմից իրականացվող «Չարորակ ուռուցքների նոր համակարգային թերապիա» նախագծի համար։ Խոստումնալից շվեդական տեխնիկան այդպես էլ մնացել է ընդհանուր հայեցակարգ, և քաղցկեղի բուժման համադարման այդպես էլ չի հայտնվել։ Ալիբեկովի կողմից ներկայացված գյուտերի գրանցման երեք հայտերը մերժվել են Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Մտավոր սեփականության ազգային ինստիտուտի» կողմից` որպես նորություն չունեցող[16]։

Աշխատանքի անցնելով Ղազախստանում` Քեն Ալիբեկն առանձնապես չի էլ թաքցրել այն փաստը, որ առաջին հերթին իրեն առաջնորդել են նյութական շահերը։

  «Ես անկեղծ կլինեմ։ Ինձ անհրաժեշտ է ազնիվ ճանապարհով նորմալ գումար վաստակել, որպեսզի Ամերիկայում ընտանիքս կարողանա վճարել իր ծախսերը»,- ասել է նա հարցազրույցներից մեկում[17]։  

2014 թվականի հունվարին Ալիբեկովը, մամուլի ասուլիս հրավիրելով, որտեղ շահարկելով քաղցկեղով հիվանդ երգչուհի Ժաննա Ֆրիսկեին, հայտարարել է, որ ինքը միակն է, ով կարող է ինչ-որ բան անել, որպեսզի օգնի նրան ապրել[18] և որ իրեն օգնության համար դիմել է Ֆրիսկեի հայրը։ Սակայն քաղցկեղով հիվանդ ռուս երգչուհու հայրը հայտնել է, որ ղազախստանցի բժիշկների հետ երբեք չի քննարկել նրա բուժման հնարավորությունը[19]։

Այն բանից հետո, երբ Ղազախստանում հասկացան, որ գերպրոգրեսիվ տեխնոլոգիաների քողի տակ Ալիբեկովը առաջ է քաշում վաղուց արդեն հայտնի արտասահմանյան մեթոդներ, նա պայմանագիր խզելու մասին դիմում է գրել և մեկնել Ամերիկա[17]։

2017 թվականին Ալիբեկովը ֆեյսբուքում հաղորդագրություն է հրապարակել, որում դժգոհություն է հայտնել Ղազախստանում աշխատանքի կապակցությամբ։ Մասնավորապես հայտարարել է, որ ԱՄՆ մեկնելուց առաջ հասկացել է` Ղազախստանում վախենում է պետական աուդիտից, բյուջեի միջոցների օգտագործման ստուգումներից, գիտական հետազոտությունների ստուգումներից։ Օրինակ բերելով Միացյալ Նահանգները` պատմել է, որ այնտեղ իբր ոչ ոք և երբեք որևէ մեկին չի ստուգում` միաժամանակ լռելով, որ ստուգումները չեն վերաբերում միայն մասնավոր ընկերություններին, որոնք աշխատում են իրենց անձնական միջոցներով, ոչ թե պետական ֆինանսավորման հաշվին[20]։

Աուտիզմի հետազոտություն

խմբագրել

2007 թվականից ի վեր Քեն Ալիբեկը, ի լրումն իր մեկ այլ նախագծի, սկսել է զբաղվել աուտիզմի հետազոտություններով։ Նա կարծում է, որ հիվանդությունը արդյունք է նախածննդյան վիրուսային և բակտերիալ վարակների։ 2019 թվականին Ալիբեկը հինգ հոդված է հրապարակել աուտիզմի մասին։ Օգտագործելով հակավիրուսային, հակաբակտերիալ և իմունոմոդուլացիոն մեթոդներ` նա անվճար բուժում է տարբեր երկրներից ժամանած երեխաներին` օգտագործելով հեռաբժշկության մոտեցումը։ Իր հետազոտություններում նա նկարագրում է վարակների եւ բորբոքումների հաջող բուժման դեպքերը, որոնք հանգեցնում են աուտիզմի ախտանիշների բարելավմանը[21]։

«Լոս Անջելես Թայմսի» հետաքննություն

խմբագրել

1992 թվականի աշնանը Կանատժան Ալիբեկովը արտագաղթել է ԱՄՆ` բացահայտելով մանրամասն և վախեցնող տվյալներ, որոնք նկարագրում են նրա դերը Խորհրդային Միության համար կենսաբանական զենք ստեղծելու գործում։ Որպես միկրոկենսաբանության բժիշկ և խորհրդային բանակի նախկին գնդապետ` նա մասնակցել է խորհրդային հետազոտություններին և հայտնել ԱՄՆ հատուկ ծառայություններին, որ ԽՍՀՄ-ում աշխատել են առնվազն 30 000 գիտնական տասնյակ գաղտնի լաբորատորիաներում` մշակելով կենսաբանական զենք, չնայած միջազգային գործող արգելքին, որն ընդունվել է 1972 թվականին։ Նա հայտարարել է, որ արտագաղթած ռուս գիտնականները անխուսափելի սպառնալիքի աղբյուր են, և Խորհրդային Միության փլուզումից հետո մի քանի մասնագետներ, հնարավոր է, մեկնել են Իրաք և Հյուսիսային Կորեա։ Երկու երկրներն էլ, հավանաբար, ստացել են սիբիրախտի և ջրծաղիկի սպորներ։ Ջրծաղիկի փոխանցումը հատկապես վտանգավոր կլիներ, քանի որ ռուսները կարող էին գենետիկորեն ձևափոխել վիրուսը` այդպիսով մահացու վտանգ ստեղծելով նույնիսկ նախկինում պատվաստված մարդկանց համար։ Փորձը, զուգորդված կանխատեսումներով, ամրապնդել է նրա քաղաքական կշիռը Վաշինգտոնում։ Նա իր անունը պարզեցրել է որպես Քեն Ալիբեկ, և դարձել է ականավոր դեմք Կապիտոլիումի բլուրում, ինչպես նաև որոշումներ կայացնող ամենակարևոր ձայներից մեկը` միլիարդավոր դոլարներ արժողությամբ` ուղղված կենսաբանական ահաբեկչության հավանական գործակալներին հակազդելուն։

Տեղեկացնելով այն հեռանկարի մասին, որ Իրաքը հնարավորություն է ստացել ջրծաղիկ կամ սիբիրախտ ձեռք բերել, Ալիբեկը 2003 թվականի պատերազմի գլխավոր պատճառներից մեկն էր` ասելով, որ «կասկած չկա Սադամ Հուսեյնի մոտ զանգվածային ոչնչացման զենքի առկայության մեջ»։ Սակայն հետագայում Իրաքում ոչ մի կենսաբանական զենք չի հայտնաբերվել։ Նրա հետազոտությունների առավել սենսացիոն արդյունքները չեն դիմացել ամերիկացի գիտնականների ոչ մի քննադատությանը։ Իսկ համացանցի միջոցով վաճառվող ոչ դեղատոմսային հաբերի անձնական առաջխաղացումը «իմունային համակարգի ամրապնդման» համար ծաղրվել է գիտնականների կողմից։ Նա հեռացել է Վիրջինիայի համալսարանի Կենսապահովության կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնից 2006 թվականին՝ իր ղեկավարությամբ տեղի ունեցած ներքին հակամարտությունների պատճառով։

ԱՄՆ-ում կենսաբանական ահաբեկչության հանդեպ վախը մեծացնելով` Ալիբեկը նախ և առաջ ձգտում էր օգուտ քաղել այդ վախից։ Ըստ որոշ գնահատականների` նա շահել է մոտ 28 մլն դոլար դաշնային դրամաշնորհներ կամ պայմանագրեր իր և իրեն վարձող գործատուների համար։ Ներկայումս նա զբաղված է նոր կառավարական պայմանագրերի որոնմամբ` կենսաբանական ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված, որոնք գնահատվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Հավատարիմ է ոչ ավանդական գիտական մոտեցման` մշակելով մի արտադրանք, որը կպաշտպանի մահացու վիրուսների և բակտերիաների զանգվածից` մի քանի դեղերի խառնուրդի տեսքով։ Նա նաև գումար է փնտրում Ուկրաինայում դեղորայքային արտադրության գործարան կառուցելու համար։ Այնտեղից նրա ընկերությունը ձգտելու է վաճառել իր հակավիրուսային միջոցները և հակաբիոտիկները ԱՄՆ կառավարության համար ռազմավարական ազգային ուղիներով։

Լոս Անջելես Թայմսը հետաքննել է Ալիբեկի հրապարակային ելույթները, գիտահետազոտական և բիզնես գործունեությունը` որպես ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պատերազմի մի մաս։

Հետաքրքիր է

խմբագրել
  • ԱՄՆ-ում նախկին ԽՍՀՄ-ից ամենաազդեցիկ ներգաղթյալների երկրորդ ամենամյա վարկանիշի արդյունքներով Քեն Ալիբեկը զբաղեցրել է երկրորդ տեղը 2004 թվականի դեկտեմբերի 28-ին «Գիտություն, տեխնոլոգիաներ և կրթություն», «Տեխնոլոգիա և կրթություն» անվանակարգերում։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. Фёдоров Л. А. Советское биологическое оружие: Раздел 2.3. Биологи в штатском («Биопрепарат»)
  5. Форум военных химиков. Завод «Биопрепарат», Степногорск, Казахстан Արխիվացված 2014-02-02 Wayback Machine
  6. «Митюшёв В. Записки обыкновенного человека. Том третий. Глава 75. В Институте прикладной биохимии». mybio.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  7. Век биологического терроризма Արխիվացված 2015-07-21 Wayback Machine
  8. Наиболее влиятельные в США выходцы из бывшего СССР
  9. «В Украине заработал новый фармацевтический завод, объединяющий производство лекарств и науку». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  10. «Прокуратура обвиняет в отмывании 1,3 миллиарда гривен экс-руководителя фармзавода в Борисполе». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  11. «Харьковчане купили фармацевтический завод "Макс-Велл"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  12. «Компания «MaxWell»: когда слова не расходятся с делами». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  13. «Для чего используют сестру Аблязова в США?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  14. «Чем небезызвестный Кен Алибек "купил" казахстанские власти?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  15. Кен Алибек: «Я сделал всё, чтобы люди узнали правду о биологическом оружии»
  16. «Чем занимался подозреваемый в пособничеству Аблязову Кеннет Алибек после эмиграции в США». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  17. 17,0 17,1 «Чем занимался подозреваемый в пособничеству Аблязову Кеннет Алибек после эмиграции в США». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  18. «Казахстанские врачи могут помочь Жанне Фриске победить рак». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  19. «Отец Жанны Фриске: «Я ни у кого ничего не прошу!»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  20. «Учёный Кеннет Алибек объяснил отъезд из Казахстана в США». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին.
  21. «"Treatment of Chronic and Latent Infections Combined with Nutritional Supplementation Positively Affects Quality of Life of ASD Children: Series of 30 Cases"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել