Կաչաղակաբերդ
Կաչաղակաբերդ, բերդ Արցախի Հանրապետության Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև, պատմական Հայաստանի հնագույն և ճարտարապետական հուշարձաններով հարուստ վայր։ Գտնվում է լեռան գագաթին։ Հատկապես տեսանելի է Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհով անցնելիս։
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց և ամրոց |
Տեղագրություն | Արցախ |
Վարչական միավոր | Մարտակերտի շրջան և Թարթառի շրջան |
Երկիր | Արցախ |
Կառուցված | հնագույն ժամանակներ |
Kachaghakaberd Վիքիպահեստում |
Անվանում
խմբագրելԿաչաղակաբերդը բազմիցս պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին։ Համաձայն Մովսես Կաղանկատվացու՝ 9-րդ դարում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած դստերը, հաղթահարում է երկար գիշերային ուղին և պաշտպանվում Խաչենի ամրոցում»։
Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի։ Պատահական չէ, որ ժողովուրդն ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի։ Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։
Պատմությունը փոխանցել է նաև բերդի անվանման մեկ այլ ծագում։
Մի զավթիչ պաշարել է Կաչաղակաբերդը։ Երբ նա տեսել է ամրոցի անառիկությունը, հրաժարվել է այն հարձակումով գրավելու մտքից։ Որոշել է սպասե,լ մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեին։ Անցել է մի քանի ամիս։ Զավթիչը համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս։ Երբ արդեն հնչել է նահանջի հրամանը, զավթիչին զարմացրել է մի տարօրինակ երևույթ... Այդ տեղանքում շատ էին կաչաղակները, որոնց հաճախ կարելի էր տեսնել բերդի մոտ թռչելիս։ Սակայն այդ օրը՝ վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվել է կաչաղակների չափազանց մեծ բազմություն։ Տեսնելով դա՝ զավթիչը ամրոց է ուղարկել մի քանի զինվորի, որոնք դժվարությամբ են մտել բերդ։ Նրանց ներկայությունից կաչաղակները փախել են, իսկ թռչունների տակ պառկած մնացել են մեռյալները։ Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն՝ հայերը սովամահ են եղել, սակայն չեն հանձնվել։
Այսպիսով կաչաղակները իմաց են տվել թշնամուն, որ գագաթում այլևս կենդանի պաշտպան չկա, և զավթիչը առանց դիմադրության վերցրել է գրեթե ազատագրված ամրոցը։
Երկար տարիներ մարդիկ նայելով գագաթին հիշում էին այն կենդանիներին, որոնք մի ժամանակ հանձնել են բերդը։ Կաչաղակների անունով էլ ամրոցը մնացել է ժողովրդի հիշողության մեջ։
Պատմություն
խմբագրելՊահպանվել են մի շարք շինություններ, որոնք ունեն գիտամշակութային մեծ արժեք։ Ամրոցների և ռազմապատմական այլ շինությունների կառուցմանը նպաստել են Խաչենագետի հովտում պատմական և բնական պայմանները։ Դրանցից մեկն է Կաչաղակաբերդ ամրոցը։ Այն տարբեր ժամանակաշրջաներում ուներ տարբեր անվանումներ։
Կառույցը պատկանում է 8-րդ դարին։ Արաբական արշավանքների ժամանակ ժայռեղեն կղզին կառուցապատվել է և վերածվել ամրոցի։ Որոշ աղբյուրներում այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով։ Բացի բնական-ժայռեղեն ամրություններից, ամրոցի պաշտպանական համակարգում կարևոր դեր են խաղացել ամրոցը լիովին անմատույց դարձնող պարսպապատերը՝ արհեստական կառուցվածքները, որոնք իրենց դիրքի շնորհիվ բավական լավ են պահպանվել։ Պարսպահատվածներ են կառուցվել այն տեղերում, որոնք պաշտպանական առումով խոցելի էին՝ բացի վերոհիշյալ ուղղությամբ անցկացված պարսպից։
Մինչև 10-րդ դարը բերդը կոչվում էր Խաչենի բերդ՝ ինչից էլ ստացել է Խաչենի իշխանություն անվանումը։ 13-րդ դարի ձեռագիր հիշատակարանում ամրոցը կոչվում էր Սխսաղանա Հավքախաղաց բերդ։ Պատմահնագիտական առումով Կաչաղակաբերդը սպառիչ ուսումնասիրության չի ենթարկվել։ Ս․ Ջալալյանցը, Մ․ Բարխուտարյանցը, Բ․ Ուլուբաբայանը, Շ․ Մկրտչյանը և ուրիշները այն ներկայացրել են համառոտ պատումով, որոնցից ամենավաղ հիշատակագիրը Մովսես Կաղանկատվացին է։ Իր հիշատակագրում ամրոցի մասին ակնարկում է հայոց Առանշահիկ և պարսից Միհրական տոհմերի մրցակցության դրվագում։ Ներսեհ անունով իշխանը Խորաձորում սպանում է Միհրական տոհմից Վարազ-Տրդատ իշխանին և նրա որդուն՝ Ստեփանոսին, որը նպատակադրված էր ոչնչացնել այդ տոհմի արական սերունդը, երբ այս տոհմերի միջև բորբոքվել էր ժառանգական մրցությունը։
Խաչենի իշխանությունը 11-րդ դարի կեսից գտնվում էր սելջուկյան տիրապետության տակ։ Եվ արդեն 13-րդ դարում Կաչաղակաբերդը անցել է Ջալալյան իշխաններին։ Իր ճկուն քաղաքականությամբ ու նվերներով մոնղոլական տիրապետության սկզբնական շրջանում Ներքին Խաչենի տեր Հասան Ջալալը կարողացել է նվաճել մոնղոլ զորապետների վստահությունը։ Քաղաքական այսպիսի պայմաններում, նկատի ունենալով ամրոցին վերաբերող աղբյուրների վկայությունը, 1246 թվականին Կաչաղակաբերդը կորցրել է իր պատմական դերն ու նշանակությունը[1]։
Աշխարհագրություն
խմբագրելԼեռնագագաթը արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից շրջապատված է ուղղաձիգ հարթ ժայռերով՝ 50-60 մ բարձրությամբ։ Համեմատաբար թույլ կողմը հարավայինն է, որտեղ և գտնվում է մուտքը։ Սակայն չափազանց դժվար է մտնել ամրոց, քանի որ մուտք որպես այդպիսին չկա. առանց մագլցման անհնար է հասնել պարսպին։ Ծածկված է զանազան շենքերի ավերակներով, որոնց մի մասը հողի տակն է, իսկ մյուսը՝ գետնի երեսին։
Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքը փոքր է թվում, բայց իրականում այն բավականաչափ մեծ է։ Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ՝ քար նետելու համար։ Ուշադրություն էր հատկացված նաև ջրամատակարարմանը։ Բերդի կենտրոնական մասում պահպանվել է երկու ժայռափոր ջրամբար, որոնք լցվում էին անձրևաջրով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Սարգսյան, Ս. Ա. (1990) Կաչաղակաբերդ. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 41-48. ISSN 0320-8117