Կապուտաչյա հայրենիք
Կապուտաչյա հայրենիք, անավարտ պոեմ, Եղիշե Չարենցի՝ 1915թ․ գրված ստեղծագործություն։
Կապուտաչյա հայրենիք | |
---|---|
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Եղիշե Չարենց |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | Հայերեն |
Գրվել է | 1915թ․ |
Կազմի հեղինակ | Ռ․ Մ․ Մուրադյան |
Հրատարակչություն | Սովետական գրող |
Վիքիդարան | Կապուտաչյա հայրենիք |
Տպագրման պատմություն
խմբագրելԵղեռնի նախնական՝ ինչ-որ չափով մշուշոտ պատմությունը սկսվում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմով[1]։ Պոեմը նա գրել է 1915թ․ փետրվարին, երբ դեռ որպես զինվոր ոտք չէր դրել Արևմտյան Հայաստան։ Մի քանի ամիս հետո, երբ նա մտավ այդ երկիրը որպես զինվոր և ականատես եղավ ամեն ինչին։ Ուստի բնական էին առաջին տարբերակի տխրության մշուշը և ավելի մեծ տեղ գրավող միֆերի վերածնության հույսը, ապա հետագա մշակված տարբերակում նկատելի են դրամատիկ շերտերի զարգացում[2]։
Սիմվոլիզմի դրսևորումը պոեմում
խմբագրելՀայրենիքի փրկության դեռևս անորոշ, բայց մշուշոտ պատկերացումներում արևմտահայության ազատագրության երազը սկսվում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմով։ Պոեմում «կապուտաչյա» մակդիրն ըստ սիմվոլիզմի գունային գեղագիտության, միանգամայն համապատասխանում է երազի, կարոտի ըմբռնման հետ[1]։ Այստեղ կարելի է տեսնել, սիմվոլիզմի որոշ երանգներ, որոնք վերաիմաստավորվում և յուրովի են մասնակցում ողբերգության պատկերմանը[2]։
Սյուժե
խմբագրելԿապուտաչյա հայրենիքը Հայաստանն է։ Թերևս այդ գույնը՝ կապույտը, բանաստեղծական այդ երանգը հոգեբանական առումով բնորոշ է հայրենիքին, որը գնալով երազ է դառնում իր զավակների համար։ Երբեմն վիշտը ստանում է բնական գույներ, դառնում կործանված եզերքի նրբին պատկեր․ «Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս․- Հովիտների մեջ փրփրուն գետն էր հոսում Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս Դու գգվանքներ ու զրկզնքներ սիրուն[3]»։ Չարենցը երգում է տունը, ծեր մորը, թթենին, գետափի տխրամած երազը, հովտի միջով հոսող փրփրուն գետը, հարազատ եզերքը և մեծ հայրենիքը, որն այլևս չկար։ Խորունկ է այն խոհը, թե սերը ծնվել է կարոտից հետո, հայրենիքի կործանումից հետո։ Չէ՞ որ առաջ հողը, երկինքը, տունն ու եզերքը, ամեն ինչ թվում էր այնքան հավիտենական, որքան իրերի բնական ընթացքը։ Չարենցը երգում է կապուտաչյա սիրուհու, իր որբ երկրի բախտը․ «Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ»։ Ցնցող տպավորություն է թողնում հատկապես հնձվորների՝ երկրի կորած, սրի մատնված զավակների թեման։ Հայոց հնձվորները արյունոտ դաշտերից տուն չեն դարձել, նրանք հնձում են հեռուներում, երկիրը մնացել է անտեր։ Պոեմի վերջին հատվածը մի լուսե տեսիլ է, թախծալի նկարագրություն՝ գալիք Հայաստանի, ծաղկուն հովիտների, հարսանեկան նվագների մասին․ «Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն»։ «Կապուտաչյա հայրենիքը» ձուլված է տեսիլներից, տխուր պատկերներից ու լուսե երազներից[4]։
Հեթանոսությունը պոեմում
խմբագրելԱյս մթնոլորտում էլ Չարենցը դառնում է հեթանոս աստվածներին, հինավուրց առասպելներին, մասնավորապես քաջության, հրդեհի ու արևի աստված Վահագնին ու սիրո աստվածուհի Աստղիկին՝ սերն ու քաջությունը համարելով կյանքի վերածնության հիմքը։ Այդ հեթանոսությունը բնավ նման չէ արևմտահայ հեթանոսական շարժմանը և մտածողությանը։ Հեթանոսությունն այս դեպքում որոշ լիցքեր և սիմվոլներ է տալիս նրա քաղաքական մտածողությանը[5]։
Գաղափարական բովանդակություն
խմբագրելՊոեմը կիսատ է, բայց ունի հուզական ամբողջություն, բանաստեղծական տրամադրությունը ծավալվում է՝ ստեղծելով կորստյան ցավի, անծայր սիրո և կարոտի մթնոլորտ։ Այնտեղ բարձրանում է հույզի ալիքը և սիրո մշուշը, հայոց նորագույն պատմությունը դառնում է դառը մորմոքի, սիրտ կեղեքող վերհուշ, կարոտի կանչ և հեռացող կյանքի համառ տագնապի ձայն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Քալանթարյան, Ժենյա (2012). Եղիշե Չարենց. Երևան: ԵՊՀ. էջեր 178։.
- ↑ 2,0 2,1 Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 101։.
- ↑ Եղիշե Չարենց Երկեր. Երևան: Սովետական գրող. 1983. էջեր 107։.
- ↑ Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 101-102։.
- ↑ Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 106։.
- ↑ Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 107։.