Կառլոս
արական անձնանուն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլոս (այլ կիրառումներ)
Կառլոս (Charles), թագավորներ Ֆրանսիայում և Անգլիայում։
Ֆրանսիայի թագավորներից առավել հայտնի են.
- Կառլոս III Հասարակ (879-929), թագավոր 898-923-ին։ Կարոլինգների դինաստիայից։ 911 թվականին հարկադրված էր նորմաններին զիջել Նորմանդիայի տերիտորիան, սակայն, օգտվելով Գերմանիայում ֆեոդ, երկպառակություններից, տիրել է Լոթարինգիային։ 922-923 թվականներին ազնվականների խռովության հետևանքով գահընկեց է արվել և ցմահ բանտարկվել։
- Կառլոս V Իմաստուն (1338-1380), թագավոր 1364 թվականից։ Վալուաների դինաստիայից։ 1356-1360 թվականներին և 1364 թվականի սկզբին (թագավոր հոր գերության շրջանում) Ֆրանսիայի ժամանակավոր կառավարիչն էր։ 1357-1358 թվականների Փարիզի ապստամբության օրերին փախել է մայրաքաղաքից։ Ժակերիայի ջախջախման և քաղաքային վերնախավի դավաճանության շնորհիվ 1358 թվականի ամռանը տիրել է Փարիզին։
Կառլոս V ամրապնդել է թագավորական իշխանությունը, կարգավորել հարկային սիստեմը, վերակազմել բանակը։ 1369 թվականին վերսկսել է Հարյուրամյա պատերազմը և 1370-ական թվականներին դուրս քշել անգլիացիներին համարյա ամբողջ Ֆրանսիայից։
- Կառլոս VI Խելագար (1368-1422), թագավոր 1380 թվականից։ Վալուաների դինաստիայից։ Հոգեկան հիվանդ էր, իշխել է սոսկ անվանապես։ Նրա օրոք իշխանության համար պայքարել են ֆեոդալ ազնվականների 2 խմբավորումներ՝ արմանյակներն ու բուրգինյոնները։ 1420 թվականին Կառլոս VI-ին գերել են անգլիացիների դաշնակից բուրգունդական ֆեոդալները և հարկադրել ստորագրել Տրուայի պայմանագիրը, համաձայն որի գահաժառանգ է ճանաչվել Անգլիայի Հենրի V թագավորը։
- Կառլոս VII (1403-1461), թագավոր 1422 թվականից։ Վալուաների դինաստիայից։ Հակառակ Տրուայի պայմանագրի, հոր՝ Կառլոս VI-ի մահից հետո, իրեն թագավոր է հռչակել, սակայն փաստորեն իշխում էր միայն Լուարայից հարավ ընկած տարածքում։ Ժողովրդական ազատագրական շարժման առաջնորդ Ժաննա դ՚Արկի օժանդակությամբ 1429 թվականին թագադրվել է, 1437 թվականին մտել Փարիզ։
Կառլոս VII անցկացրել է թագավորական իշխանությունն ամրապնդող մի շարք բարեփոխումներ, ստեղծել կանոնավոր բանակ, սահմանել մշտական ուղղակի հարկ։
- Կառլոս IX (1550-1574), թագավոր 1560-թվականից։| Վալուաների դինաստիայից։ Մինչև 1570 թվականը փաստորեն իշխում էր մայրը՝ Եկատերինա Մեդիչին։ 1570-թվականից հետո ցուցաբերել է որոշ ինքնուրույնություն։ Սակայն զիջել է մոր ճնշմանը և համաձայնել 1572 թվականի Բարդուղիմեոսյան գիշերվա ծրագրին։
- Կառլոս X (1757-1836), թագավոր 1824-1830 թվականներին։ Բուրբոնների դինաստիայից։ Լյուդովիկոս XVI-ի եղբայրը։ Հեղափոխության ժամանակ, 1789 թվականի հուլիսին, փախել է արտասահման և դարձել հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի կազմակերպիչներից։ Գահ բարձրանալուց հետո վարել է ներքին և արտաքին ծայրահեղ հետադիմական քաղաքականություն։ 1830-թվականի Հուլիսյան հեղափոխության ժամանակ Կառլոս X գահընկեց է արվել և վտարվել երկրից։
Անգլիայի թագավորներ
- Կառլոս I (1600-1649), թագավոր 1625-թվականից։ Ստյուարտների դինաստիայից։ Վարել է հետադիմական ֆեոդալ-բացարձակապետական քաղաքականություն։ Նրա օրոք սկսվեց բուրժուական հեղափոխությունը (տես Անգլիական բուրժուական հեղափոխություն 1640-1660)։ Մահապատժի ենթարկվեց Երկարատև պառլամենտի Գերագույն ատյանի վճռով։
- Կառլոս II (1630-1685), թագավոր 1660-թվականից։ Ստյուարտների դինաստիայից։ Հոր՝ Կառլոս I-ի մահապատժից՝ 1649 թվականից հետո փախել է Ֆրանսիա։ 1650-թվականին հռչակվել է Շոտլանդիայի թագավոր։ 1668 թվականին Անգլիայի գահ բարձրանալով, վերականգնել է Ստյուարտների դինաստիան։ Վարել է ֆեոդալական հետադիմական քաղաքականություն և ջանացել վերականգնել բացարձակ միապետությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 325)։ |