Կառլ ֆոն Ֆրիշ
Կառլ Ռիտեր ֆոն Ֆրիշ (գերմ.՝ Karl Ritter von Frisch, նոյեմբերի 20, 1886[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հունիսի 12, 1982[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), ավստրիացի էթոլոգ[11]։ 1973 թվականին դարձել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Կոնրադ Լորենցի և Նիկոլաս Տիմբերգենի հետ) «բացահայտումների համար, որոնք կապված են կենդանիների անհատական ու խմբային վարքի բնագավառում մոդելների ստեղծման ու կիրառման հետ»։ Հիմնականում հայտնի է մեղուների իր ուսումնասիրություններով։ Վճռական դեր է ունեցել մեղուների պարի լեզվի բացահայտման գործում, որը համարվում է ողջ գիտության պատմության մեջ ամենակարևոր բացահայտումներից մեկը[12]։
Կենսագրություն
խմբագրելԿառլ ֆոն Ֆրիշը ծնվել է Վիեննայում, համալսարանական դասախոս Անտոն Ռիտեր ֆոն Ֆրիշի և նրա կնոջ` Մարիայի (ծնունդով` Էքսներ) ընտանիքում։ Սովորել է դպրոցում, այնուհետև ընդունվել է Վիեննայի համալսարանի բժշկության ֆակուլտետ, սակայն առաջին կիսամյակից հետո տեղափոխվել է փիլիսոփայության ֆակուլտետ և սկսել է կենդանաբանություն ուսումնասիրել։ 1910 թվականին Ֆրիշը ստացել է դոկտորական աստիճան և նույն թվականին Մյունխենի համալսարանի Կենդանաբանության ինստիտուտում Ռիխարդ ֆոն Հերտվիգի մոտ օգնական է նշանակվել։ 1921 թվականին Ֆրիշը դարձել է Ռոստոկի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետի դեկան։ 1923 թվականին նա տեղափոխվել է Բրեսլաու, իսկ 1925 թվականին կրկին վերադարձել է Մյունխեն։ 1946 թվականին՝ Կենդանաբանական ինստիտուտի կազմալուծումից հետո Ֆրիշը տեղափոխվել է Գրաց, սակայն չորս տարի անց` Կենդանաբանության ինստիտուտի վերագործակումից հետո, դարձյալ վերադարձել Մյունխեն։ 1958 թվականին Ֆրիշը ստանում է վաստակավոր պրոֆեսորի կոչում և չնայած դրան` շարունակում է իր գիտական գործունեությունը։
Կառլ ֆոն Ֆրիշը «Ապիմոնդիա» միջազգային կազմակերպության անդամ է։
Ծառայությունը Երրորդ ռայխին
խմբագրելԱդոլֆ Հիտլերի` Գերմանիայում իշխանության գլուխ գալուց հետո 1933 թվականին Կառլ ֆեն Ֆրիշը Մյունխենի համալսարանի կենդանաբանության բաժնի պրոֆեսոր էր։ Շուտով նացիստական կառավարությունը պահանջում է պետական բոլոր քաղծառայողներից` ներառյալ պրոֆեսորները, ապացույցներ ներկայացնել իրենց արիական ծագման մասին[13]։
Կառլ ֆոն Ֆրիշը քիչ թշնամիներ չուներ գերմանացի գիտնականների շրջանում։ Նրանցից ոմանք պրոֆեսիոնալ նախանձ էին դրսևորում գիտնականի նկատմամբ, մյուսներն առաջնորդվում էին հակասեմիստական նկատառումներով։ Նրանց թվում էին աստղագետ Վիլհելմ Ֆյուրերը և բուսաբան Էռնստ Բերգդոլտը, ովքեր Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամներ էին[12]։ Վիլհելմ Ֆյուրերը մի քանի տարվա ընթացքում դավեր էր նյութում Ֆրիշի դեմ` պնդելով, որ նա բացասական վերաբերմունք է դրսևորել հակասեմիտիզմի դեմ, իր լաբորատորիայում անսովոր ջերմություն է դրսևորում հրեաների և նրանց կանանց նկատմամբ, ինչպես նաև նա առնվազն քառորդ չափով հրեա է։ Մյունխենի համալսարանի ռեկտոր Լեոպոլդ Քյոլբլը, Ֆյուրերի գործողություններին ի պատասխան, հարցում է ուղարկել կրթութան ու մշակույթի նախարարություն նացիստական գերատեսչություններին, ովքեր պատասխանատու էին գենետիկական հետազոտությունների համար, ֆոն Ֆրիշին ծագումնաբանական հետազոտության ենթարկելու անհրաժեշտության պահանջով[14]։
1940 թվականի վերջին գերատեսչությունը սահմանում է, որ ֆոն Ֆրիշի մորական տատիկը հրեաների դուստր է եղել, ովքեր դավանել են կաթոլիկություն[13]։
Չնայած Գերմանիայի քաղաքացիները, ում երակներով քառորդ չափով հրեական արյուն էր հոսում, նացիստների կողմից չէին ենթարկվում այնպիսի խիստ պատիժների, ինչպես զտարյուն և կիսով չափ հրեաները, սակայն նրանց աստիճանաբար վտարում էին բարձրագույն կրթության, բժշկության և իրավագիտության բնագավառներից։ 1941 թվականի սկզբին Մյունխենի համալսարանի ռեկտորը հայտարարել է ֆոն Ֆրիշի մոտալուտ վտարման մասին։ Դա ծանր հարված էր 54-ամյա գիտնականի համար, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր գիտությանը։ Գերմանացի նշանավոր շատ գիտնականներ փորձում էին օգնել Ֆրիշին` նացիստական աստիճանավորներին դիմելով խնդրանքներով, սակայն ամեն ինչ ապարդյուն էր[15]։
Գործնականում իր գիտական կարիերային վտանգ սպառնալու հետ միաժամանակ մեծ սպառնալիք է հասնում և նրա գիտական հետազոտությունների առարկային` մեղուներին։ 1940-1941 թվականներին միաբջիջ աղիքային մակաբույծ Nosema apis-ը ոչնչացնող ազդեցություն է թողնում միջատների պոպուլյացիայի վրա Գերմանիայում։ Երկու տարիների ընթացքում ոչնչացված մեղուների թիվը հասնում էր մի քանի հարյուր հազարի։ Այդ աղետի պատճառը այդպես էլ անբացատրելի մնաց, սակայն ակնհայտ էր, որ այն վտանգի տակ էր դնում Գերմանիայի գյուղառնտեսությունը, քանի որ մեղուները գյուղատնտեսական մշակաբույսերի փոշոտման գլխավոր միջոցն էին[16]։
1941 թվականի ձմռանը հիտլերյան զորքերի ղեկավարությունն արդեն հասկանում էր, որ կայծակնային պատերազմը անհաջողության է դատապարտվել, և այդ իսկ պատճառով գերմանական ազգը պետք է իր բոլոր ջանքերը կենտրոնացնի զորքին պարենով ու զինամթերքով ապահովելու համար։ Այդ պայմաններում Կառլ ֆոն Ֆրիշը պահանջված մասնագետ էր մեղուների հարցով, չնայած քիչ բան գիտեր դրանց մակաբույծների և առավել քիչ` գյուղատնտեսության մասին[17]։ Հարավային Բավարիայի Մեղվագործների ընկերության նախագահը դիմում է գրում Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության գլխավոր գրասենյակ, որով խնդրում էր չհեռացնել «աշխարհում մեղուների հետազոտությամբ զբաղվող ամենաառաջավոր մասնագետին», որպեսզի նրա գիտելիքներն օգտագործեն ծայրահեղ իրավիճակների հաղթահարման ժամանակ։ Իր դիմումում նա նույնիսկ հղում էր կատարում գյուղատնտեսության խնդիրներին, որ մատնանշել էր Հիտլերը, և որի հայրը նույնպես մեղվագործ էր։ 1942 թվականին Հայնրիխ Հիմլերը հաստատում է ինստիտուտ միջատների մակաբույծների դեմ պայքարելու համար։ Ի վերջո Գերմանիայի գյուղատնտեսության ու արդյունաբերության նախարարության ճնշմամբ, որը հայտարարել էր ոչնչացված մեղուների 800.000 թվաքանակի մասին, նացիստական կառավարությունը որոշում է թույլ տալ ֆոն Ֆրիշին շարունակել իր գիտական գործունեությունը Nosema apis մակաբույծի դեմ պայքարելու ուղղությամբ[15]։
Մեղուների ուսումնասիրություն
խմբագրելԿառլ ֆոն Ֆրիշը զբաղվել էր մեղրակիր մեղուների հաղորդակցման մեխանիզմների ուսումնասիրությամբ, բացահայտել է նրանց զգայունակությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման և ալիքների բևեռացման հանդեպ։ Նա բացահայտել է մեղուների, այսպես կոչված, շրջանաձև պարի լեզուն, ուսումնասիրել է մեղուների հաղորդակցման քիմիական մակարդակը, մասնավորապես` նրան է պատկանում ֆերոմոնների հայտնաբերումը, որն արտադրում է մայրը, և որը հանդիսանում է մեղուների խմբում աստիճանավորված հարաբերությունների կարգավորիչը։
Հրատարակություններ
խմբագրելՌուսերեն
խմբագրել- Фриш К. Из жизни пчёл / Халифман И. А. (отв.ред.). — Москва: Мир, 1980. — 216 с. — 50 000 экз.
- Карл Фриш. Десять маленьких непрошеных гостей. М.: Детская литература, 1970.
Անգլերեն
խմբագրել- Tania Munz The Dancing Bees: Karl von Frisch and the Discovery of the Honeybee Language. — Chicago and London: The University of Chicago Press, 2016. — 304 p. — ISBN 978-0-226-02105-8
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118693670 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1973 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Kalinga Prize for the Popularization of Science — Kalinga Prize.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 130.
- ↑ https://www.biodiversitylibrary.org/item/48812#page/113/mode/1up
- ↑ Риттер — один из младших дворянских титулов в Австро-Венгрии
- ↑ 12,0 12,1 Mark L. Winston Ethology: Intrepid translator of the hive // Nature. — 05 May 2016. — Vol. 533. — P. 32–33. —
- ↑ 13,0 13,1 Munz, 2016, էջ 3
- ↑ Munz, 2016, էջ 86
- ↑ 15,0 15,1 Martha Kearney Bees, Nazis and the Nobel prize: the amazing life of Karl von Frisch // The Spectator. — 25 June 2016.
- ↑ Munz, 2016, էջ 4
- ↑ Munz, 2016, էջ 5
Արտաքին հղումներ
խմբագրել- Կառլ ֆոն Ֆրիշը Կրուգոսվետ հանրագիտարանում
- Կառլ Ֆրիշը Գիտական Ռուսաստան պորտալում
- Կառլ ֆոն Ֆրիշի կենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում
- Կառլ ֆոն Ֆրիշի Նոբելյան դասախոսությունը
- Կառլ ֆոն Ֆրիշ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ ֆոն Ֆրիշ» հոդվածին։ |