Կարապետ Քացախյան
Կարապետ Քացախյան (սեպտեմբերի 1, 1919 - փետրվարի 10, 1996), Հայաստանի ազգային գրադարանի երկարամյա աշխատող գրադարանագետ և մատենագետ, գրադարանային բաշխիչ կենտրոնում որպես համալրման բաժնի վարիչ։ Դասավանդել է հայոց լեզու և գրականություն Թիֆլիսի 33-րդ և 89-րդ հայկական միջնակարգ դպրոցներում[1]։
Կարապետ Քացախյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1-ին, 1919 |
Ծննդավայր | Ջավախք, Ախալցիխե |
Մահացել է | փետրվարի 10-ին, 1996 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բանասեր, մատենագետ, գրադարանավար |
Աշխատավայր | ՀՀ ազգային գրադարան |
Կենսագրություն
խմբագրելՀանրային գրադարանի երկարամյա աշխատող գրադարանագետ և մատենագետ Կարապետ Գևորգի Քացախյանը ծնվել է 1919 թվականին սեպտեմբերի 1-ին Ջավախքի Ախալցիխե գյուղաքաղաքում։ Սակայն նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Թիֆլիսում[1]։
Նա սովորել և ավարտել է 70-րդ հայկական միջնակարգ դպրոցը։ Քանի որ մանկավարժների մեծ կարիք կար, նրան գործուղել են Ախալքալաքի շրջանի Կարծախ (Ջիվանու ծննդավայրը) գյուղը, ուր դասավանդել է հայոց լեզու և գրականություն[1]
1936-1937 ուսումնական տարում ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետ, 1941 թվականին ավարտել է և իր նման հազարավորների հետ մեկնում ռազմաճակատ։ Մի քանի անգամ վիրավորվելուց հետո վերջապես 1945 թվականին վերադարձել է Թիֆլիս։ Դասավանդել է 33-րդ և 89-րդ հայկական միջնակարգ դպրոցներում[1]։
1953 թվականին հաստատվել է Երևանում և սկսել աշխատել գրաղարանային բաշխիչ կենտրոնում որպես համալրման բաժնի վարիչ։ 1967 թվականին աշխատանքի է անցել Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի համալրման բաժնում, ապա մատենագիտության բաժնում[1]։
Կարապետ Գևորգի Քացախյանը մահացել է 1996 թվականին փետրվարի 10-ին Երևանում[1]։
Գործունեություն
խմբագրելԿարապետ Քացախյանը զբաղվել է մատենագիտությամբ և կարճ ժամանակի ընթացքում տպագրել մեկ տասնյակից ավելի մատենագիտություններ։ Դրանցից են «Մուրճ», «Լումա», «Փորձ», «Էմինյան ազգագրական ժողովածու», «Ազգագրան կան ժողովածու», «Ազգագրական հանդես» և այլն։ «Ժողովրդագիտությունը հայ պարբերականներում» մատենաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ պրակներում տեղ են գտել ժողովրդագիտության վերաբերող ամենալայն առումով, բոլոր նյութերը, որոնք նա ծաղկաքաղ է արել հետևյալ աղբյուրներից. «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» (1921-1922), «Նորք» (1924-1927), «ՀՍԽՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-1930), «Բանբեր Երևանի համալսարանի» (1967-1980), «Բանբեր մատենադարանի» (1956-1980), «Բանբեր Հայաստանի արխիվների» (1950-1980) և այդ ժամանակի մի շարք նման պարբերականներից։ Նա պատրաստել և Հայաստանի ազգային թանգարանին է հանձնել նույն այդ մատենաշարի 4.5 և 6-րդ պրակները, որոնք «Լրաբեր հասարակական գիտությունների» «Պատմաբանասիրական հանդեսի» և այլ պարբերականներում տեղ գրած նյութերն են։ Կ.Քացախյանը մասնակցել է նաև «Ավետիք Իսահակյան» կենսամատենագիտության առաջին պրակի կազմելուն[1]։