Կարլ Ռոջերս
Կարլ Ռոջերսն (անգլ.՝ Carl Ransom Rogers, հունվարի 8, 1902[1][2][3][…], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - փետրվարի 4, 1987[1][2][3][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան է, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից մեկը։
Կարլ Ռոջերս Carl Rogers | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1902[1][2][3][…] Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 4, 1987[1][2][3][…] (85 տարեկան) Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեթերապևտ, հոգեբան, ոչ գեղարվեստական գրող և կինոպրոդյուսեր |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն և հոգեթերապիա |
Պաշտոն(ներ) | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա |
Ալմա մատեր | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ և Union Theological Seminary? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][4] |
Ազդվել է | Օտտո Ռանկ |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Natalie Rogers?[7] |
Կայք | nrogers.com/index.html |
Carl Rogers Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1902 թ. հունվարի 8-ին, Իլինոյս նահանգում։ Ավարտել է Վիսկոնսինի համալսարանը և հրաժարվելով հոգևորականի կարիերայից, որին նրան նախապատրաստում էին ծնողները, սկսեց հետաքրքրվել հոգեբանությամբ։ Որպես անձի «միջուկ-էություն» դիտում էր «Ես» հայեցակարգը, որը ներկայանում է իրական «Ես»-ի և իդեալական «Ես»-ի փոխհարաբերությունների դինամիկայի տեսքով։ Ըստ նրա պատկերացումների՝ մարդու մեջ գոյակցում են երկու աստիճաններ (ինստանցիաներ), որոնք պետք է գործեն համաձայնեցված. իրական «Ես»-ը, որն իրենից ներկայացնում է իր մասին ունեցած գնահատականների ու պատկերացումների ամբողջություն, կախված է մարդու անհատական փորձից և շրջապատողների իրական գնահատականներից, և իդեալական «Ես»-ը, որն իրենից ներկայացնում է այն, թե ինչպիսին է ուզում լինել մարդը։ Մշակել է ոչ դիրեկտիվ (չղեկավարվող) հոգեթերապիան, որը կենտրոնացած է այցելուի վրա, և որի հիմքում ընկած է այցելուին խորհուրդներ չտալու կանոնն ու նրա վարքագծի գնահատումներից խուսափելը, ինչպես նաև նրա ստեղծագործական ընդունակությունների ակտիվացումը, ինչը հանգեցնում է նրա խնդիրների, դժվարությունների ինքնուրույն լուծմանը։
Գործունեությունն ու հայացքներ
խմբագրելԱշխատանքի անցնելով մանակական կենտրոնում ու այստեղ մեծ քանակությամբ հետաքրքիր նյութեր հավաքելով՝ 1939 թ. գրում է «Կլինիկական աշխատանք դժվար երեխաների հետ» գիրքը, որն ունեցավ մեծ հաջողություն, ինչի շնորհիվ նրան հրավիրում են Օհայոյի համալսարան, պրոֆեսորի պաշտոն զբաղեցնելու համար։ Այսպես սկսվում է նրա ակադեմիական գործունեությունը։ 1945 թ. Չիկագյան համալսարանը նրան հնարավորություն է տալիս հիմնել խորհրդատվական կենտրոն, որտեղ Ռոջերսը ձևավորում է ինդուկտիվ կամ «այցելուակենտրոն» թերապիայի հիմքերը։ Նա հեղինակել է նաև «Այցելուի վրա կենտրոնացված թերապիա» գիրքը (1954), իսկ 1963 թ. նրա գործունեությունը կապվում է անձի ուսումնասիրման կենտրոնի հետ։ Ինչպես հումանիստական հոգեբանության մյուս ներկայացուցիչների, այնպես էլ Ռոջերսի համար կենտրոնական է հանդիսանում մարդու բացառիկության և արժեքավորության գաղափարը։ Ռոջերսի բոլոր աշխատանքների ելակետային գաղափարն այն էր, որ մարդը, դիտարկելով ու գնահատելով սեփական փորձը, ճանաչում է ինքն իրեն, ընդ որում մարդու կենսափորձը նրա «Ես»-ի անքակտելի մասն է կազմում։ Այդ փորձը, որը Ռոջերսն անվանում է «ֆենոմենալ դաշտ», յուրահատուկ է և անհատական։ Մարդու կողմից ստեղծված աշխարհը կարող է համընկել կամ չհամընկնել իրականությանը։ Տվյալ դաշտի և իրականության համապատասխանության աստիճանը Ռոջերսն անվանում էր կոնգրուենտություն։ Կոնգրուենտության խախտումը բերում է նրան, որ մարդը կա՛մ չի գիտակցում իրականությունը, կա՛մ չի արտահայտում այն, ինչն իսկապես ուզում է անել կամ ասել։ Սա բերում է լարվածության աճին, տագնապայնությանը և կարող է հանգեցնել մարդու նևրոտիզացիայի։ Նևրոտիզացիայի է բերում նաև փախուստը սեփական անհատականությունից, որը, ինչպես Մասլոուն, այնպես էլ Ռոջերսը համարում էին անձի կարևորագույն պահանջմունքներից մեկը։ «Ես»-ը (self) գտնվում է փորձի դաշտում։ Այն անկայուն և մշտապես փոփոխվող էություն է, այսինքն՝ ի տարբերություն շատ հեղինակների՝ որոնք «Ես»-ը դիտարկում էին որպես կայուն ու անփոփոխ անձնային տարր, Ռոջերսի համար «Ես»-ը գործընթաց է, համակարգ, որը մշտապես փոփոխվում է։ Խոսելով «Ես»-ի կառուցվածքի մասին՝ Ռոջերսը գալիս է այն եզրակացության, որ մարդու ներքին էությունը՝ ինքնությունը, դրսևորվում է նրա ինքնագնահատականի մեջ։ Փոքր երեխաների այդ ինքնագնահատականը չգիտակցված է, սակայն արդեն վաղ տարիքային փուլում այն ղեկավարում է մարդու վարքը՝ օգնելով հասկանալ ու ընտրել շրջապատից այն, ինչը հատուկ է հենց տվյալ անհատին՝ հետաքրքրությունները, մասնագիտությունը, շփումները որոշ մարդկանց հետ։ Երբ վարքը կառուցվում է ինքնագնահատականից ելնելով, այն արտահայտում է անձի բուն էությունը, նրա կարողությունները, ընդունակությունները և հետևաբար անձին հաջողություն է բերում։ Այսինքն՝ այս դեպքում անձի կարծիքն իր մասին, մյուսների կարծիքն իր մասին և ինքնությունը համապատասխանում են՝ հանգեցնելով կոնգրուենտության։ Սակայն արդեն վաղ մանկության ժամանակ երեխան կարող է օտարանալ սեփական իրական ինքնագնահատականից։ Հիմնականում դա տեղի է ունենում մեծահասակների ճնշման տակ, որոնք սովորաբար ունենում են սեփական պատկերացումները երեխայի ընդունակությունների ու ներուժի վերաբերյալ։ Այդ գնահատականը նրանք պարտադրում են երեխային, որպեսզի վերջինս այն ներքնայնացնի։ Որոշ երեխաներ դիմադրում են դրան, ինչը հանգեցնում է շրջապատի հետ բախումների, ինչպես նաև նեգատիվիզմի ու ագրեսիայի։ Երբեմն նեգատիվիզմի մեջ երեխան դիմադրում է նույնիսկ այն բանին, ինչն իսկապես համընկնում է իր հետաքրքրություններին։ Սակայն ավելի հաճախ երեխաները համաձայնվում են մեծահասակների հետ, քանի որ երեխան մեծահասակների կողմից ընդունվելու կարիք ունի։ Շրջապատի սիրուն արժանանալու այդպիսի ցանկությունը Ռոջերսն անվանում է «արժեքայնության պայման»։ Այն խոչընդոտում է անձնային աճին, քանի որ աղավաղում է իրական «Ես»-ի գիտակցումը, այն փոխարինելով այնպիսի պատվերով, որը հաճելի է ուրիշներին։ Խնդիրն այն է, որ զբաղվելով պարտադրված գործունեությամբ մարդը չի կարող հաջողակ լինել։ Ռոջերսի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու արդյունավետ սոցիալականացումը, նրա բավարարվածությունը աշխատանքով և ինքն իրենով ուղիղ ձևով կոռելյացվում են նրա ինքնագիտակցության մակարդակի հետ։ Ռոջերսը պնդում էր նաև, որ ինքնագիտակցությունը պետք է լինի ոչ միայն համարժեք, այլև ճկուն և կարողանա փոփոխվել՝ կախված իրավիճակից։ Ի տարբերություն այլ հայեցկարգերի, որոնք մատնանշում են ապագայի արժեքը (Ադլեր) կամ անցյալի ներգործությունը (Յունգ, Ֆրոյդ), Ռոջերսը նշում է ներկայի նշանակությունը՝ խոսելով այն մասին, որ մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայով, գնահատել սեփական կյանքի ամեն մի պահը։ Ռոջերսի բացահայտումները կապված են ոչ միայն ինքնաիրացման և ինքնագնահատականի վերաբերյալ նոր հայացքների հետ, այլև վերաբերում են հոգեշտկմանը։ Նա ելնում էր այն մտքից, որ հոգեթերապևտը սեփական կարծիքը չպետք է պարտադրի այցելուին, այլ պետք է հանգեցնի ճիշտ որոշման, որը նա ինքը պետք է կայացնի։ Թերապիայի ընթացքում մարդը սովորում է ավելի շատ վստահել ինքն իրեն, սեփական զգայություններին, ներըմբռնողությանը, ավելի լավ հասկանալ ինքն իրեն, ապա նաև այլոց։ Սա բերում է ինքնագնահատականի վերակառուցմանը, ինչը բարձրացնում է կոնգուենտությունը, և իջեցնում լարվածությունն ու տագնապայնությունը։ Ռոջերսը պնդում էր, որ բոլոր մարդիկ օժտված են բնածին թերապևտիկ ընդունակություններով, և երբեմն այդպիսի թերապիան անցնում էր խմբային տարբերակով։ Այս մոտեցումը թույլ տվեց Ռոջերսին ձևավորել հանդիպող խմբերի գաղափարը։ Կ. Ռոջերսը գրել է 16 գիրք և 200-ից ավելի հոդված։ Նրա աշխատանքները թարգմանվել են 60 լեզուներով ու մինչ օրս մնում են արդիական՝ հուզելով գիտական հանրությանը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
- ↑ https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
- ↑ https://www.nrogers.com/Biographies.html
- ↑ Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմ. Ս.Վ. Հովհաննիսյան, Հ.Ռ. Հովհաննիսյան, Է.Վ. Ասրիյան, խմբ. Հ.Մ. Ավանեսյան - Եր.: ԵՊՀ հրատ., 2010 թ. - 142-145 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ռոջերս» հոդվածին։ |