Էլեկտրական շղթայի մասերի միջև անմիջական կամ հողանցումով ոչ սովորական (աշխատանքի նորմալ պայմաններով չնախատեսված) էլեկտրական միացում, որը տեղի է ունենում փոքր դիմադրության միջոցով։ Կարճ միացման պատճառ կարող են լինել էլեկտրատեղակայանքների մեկուսացման խախտումը՝ մաշվելու, հնանալու, էլեկտրական ծակման հետևանքով, ինչպես նաև հոսանքակիր լարերի մերկ մասերի պատահական հպումը։ Հոսանքի փոփոխությունը Կարճ միացման դեպքում բարդ բնույթ ունի։ Հոսանքը նախ արագ աճում է և մոտավորապես կես պարբերության ընթացքում (փոփոխական հոսանքի շղթաների համար) հասնում իր առավելագույն արժեքին (հարվածային հոսանք), այնուհետև աստիճանաբար վերածվում է կայուն ռեժիմի սինուսոիդային հոսանքի։ Հոսանքի կտրուկ աճը, որը ժամանակակից հզոր էլեկտրական շղթաներում հասնում է հարյուր հազարավոր ամպերի, էլեկտրական սարքերում ամենավտանգավոր երևույթներից մեկն է և կարող է ավերիչ բնույթ ունենալ։

Այսպես, Կարճ միացման հոսանքների հետևանքով երկու հաղորդիչների միջև առաջանում են հզոր մեխանիկական ուժեր (դինամիկ ազդեցություն), հաղորդիչներում մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում (ջերմային ազդեցություն)։ Կարճ միացման վտանգավոր հետևանքները կանխելու համար հատուկ միջոցներ են ձեռնարկվում (Կարճ միացման հոսանքների սահմանափակիչներ, ռեչեային պաշտպանություն, ապահովիչ էչեկտրական)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 328