Կենտրոնական շրջան (Սինգապուր)
Կենտրոնական շրջան, Սինգապուր քաղաք-պետության հինգ շրջաններից մեկն է և Կենտրոնը շրջապատող հիմնական մետրոպոլիայի շրջանը։ Ընդգրկելով 13,150 հեկտար հողատարածք[1]` այն ներառում է 11 զարգացող տարածք Կենտրոնում, ինչպես նաև ևս 11-ը դրանից դուրս։ Սինգապուրի բազմաթիվ ազգային հուշարձաններ գտնվում են այստեղ, քանի որ պատմականորեն եղել է այն վայրը, որտեղ առաջին անգամ հիմնադրվել է քաղաքը։ Երկրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության միակ օբյեկտը՝ Սինգապուրի բուսաբանական այգին, ինչպես նաև 164-ամյա արևադարձային այգին գտնվում են այս շրջանում։
Չնայած Կենտրոնը բնույթով հիմնականում առևտրային է, հատկապես Կենտրոնական Քոր շրջանը (անգլ.՝ Downtown Core), այն նաև ներառում է 335,400 տարբեր տեսակի բնակելի տներ[1]՝ սկսած Բնակարանային և զարգացման խորհուրդի (անգլ.՝ Housing and Development Board) կողմից կառուցված բնակարաններից մինչև մասնավոր բնակարանների առավելի առաջնակարգ ձևեր, ինչպիսիք են բունգալոները։ Կա նաև 1000 հեկտարի չափով կանաչ տարածք, այդ թվում՝ զբոսայգիներ, այգիներ և հանգստի այլ տարածքներ՝ կապված 19 կմ երկարությամբ ճանապարհացանցերով, որոնք կառուցվել են այս տարածքը գեղագիտորեն հաճելի դարձնելու համար։
Պատմություն
խմբագրելԶարգացման ռազմավարություններ
խմբագրելՔաղաքային վերակառուցման մարմնի (անգլ.՝ Urban Redevelopment Authority) 2003 թվականի Գլխավոր նախագծի (անգլ.՝ Master Plan) պլանավորումներում, որոնք ներառում էին Կենտրոնական շրջանը, հաշվի են առնվել շրջանի առկա ուժեղ կողմերը։ Քաղաքի բիզնեսի և զվարճանքի հիմնական տարածքը լինելով հանդերձ՝ այն ունի պատմությամբ հարուստ թաղամասեր, տարբեր տեսակի բնակարանային կառույցներ և բազմաթիվ ուսումնական և համայնքային հաստատություններ։ Չնայած նրան, որ տարածքն ունի բարձր կառուցապատման մակարդակ, այն դեռ հիանալու առիթներ է ստեղծում իր զբոսայգիների, բացօթյա տարածքների և հանգստի այլ գոտիների հարուստ բազմազանությամբ։ Այն քաղաքի մյուս մասերի հետ կապված է խոշոր ճանապարհային և երկաթուղային ցանցերով, իսկ դրսի աշխարհի հետ՝ միջազգային ծովային նավահանգիստների միջոցով։
Քաղաքային վերակառուցման մարմինը նախատեսում էր ավելացնել տարատեսակ տների թիվն այդ տարածքում, մասնավորապես Կենտրոնական Քոր շրջանում, որը վերջին տասնամյակների ընթացքում մեծամասամբ առևտրային էր։ Կից հաստատությունները և տրանսպորտային ցանցերը արդիականացվել կամ ներդրվել են՝ այդ տարածքում աճող բնակչությանը սպասարկելու համար։
Բիզնեսի տեսանկյունից դիտարժան է Նոր Կենտրոնական Մարինա Բեյի (անգլ.՝ New Downtown Marina Bay) ընդարձակումը՝ որպես գործող կենտրոնական բիզնես շրջան։ Հողօգտագործման ավելի ճկուն համակարգի գաղափարը խրախուսելու համար ներդրվել են նաև նոր բիզնես գոտիներ և սպիտակ գոտիներ։ Բիզնես և հետազոտական գործունեությունը զարգանում է նորաստեղծ «մեկ հյուսիս» կոչվող (անգլ.՝ one-north), բժշկական զբոսայգում, որը գտնվում է Սինգապուրի գլխավոր հիվանդանոցի տարածքում՝ Աուտրամ Պարկում։
Ինչ վերաբերում է հանգստի ոլորտին, ապա ծրագրեր են մշակվել հետագայում ընդլայնելու զբոսայգիները միմյանց կապող գոտիները, որոնք տարածաշրջանի նոր և արդեն իսկ գոյություն ունեցող զբոսայգիները կմիացնեն իրար։ Ներդրվել են նաև նոր սպորտային հարմարություններ, ինչպիսին է Կալանգ սպորտային կենտրոնի (անգլ.՝ Kallang Sports Hub) վերակառուցումը։ Շենք-շինությունների պահպանությունը կշարունակվի իրականացվել, ինչպես օրինակ՝ Օրչարդ Ռոուդի (անգլ.՝ Orchard Road) մերձակայքում երիտասարդական միջոցառումների համար նախատեսված տարածքների նախագծերը։
Աշխարհագրություն
խմբագրել132,7 կմ2 (51,2 քառակուսի մղոն) տարածքով Կենտրոնական շրջանը գտնվում է Սինգապուր կղզու հարավային մասում՝ ընդգրկելով ընդհանուր 21 զարգացող տարածք։ Այն միակն է, որը սահմանակից է մյուս բոլոր շրջաններին, իսկ հարավում՝ նաև Սինգապուրի նեղուցին։ Տարածաշրջանում է գտնվում 3,2 կիլոմետր երկարությամբ Սինգապուր գետը[2], որը սկիզբ է առնում Կիմ Սենգ կամրջից և թափվում Մարինա Բեյը։ Այստեղ կարող ենք տեսնել նաև Սինգապուրի ամենաբարձր բնական կետը՝ Բուկիտ Տիմահ բլուրը, որն ունի 163,63 մետր (537 ոտն․) բացարձակ բարձրություն։
Զարգացող տարածքներ
խմբագրել- Բիշան
- Բուկիտ Մերահ
- Բուկիտ Տիմահ
- Կենտրոնի 11 զարգացող տարածքներ
- Գեյլանգ
- Կալանգ
- Մըրին Փերեյդ
- Նովենա
- Քուինստաուն
- Հարավային կղզիներ
- Տանգլին
- Տոա Պայո
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Draft Master Plan 2008 - Central Region». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Leary, Michael E.; McCarthy, John (2013 թ․ հոկտեմբերի 30). The Routledge Companion to Urban Regeneration (անգլերեն). Routledge. էջ 132. ISBN 9781136266546.