Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնյակ (այլ կիրառումներ)

Կոնյակ (ֆր.՝ cognac), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։ Այստեղ արտադրությունը հիմնադրվել է 1887 թվական ին, վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Երեւանի ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։

Կոնյակ
Ենթատեսակբրենդի և eau-de-vie?
Ալկոհոլի պարունակություն40 % (V/V)
Ծագման երկիր Ֆրանսիա
Գույնսաթեգույն
cognac.fr(ֆր.) և cognac.fr/en/(անգլ.)
 Cognac (drink) Վիքիպահեստում
Կոնյակի բաժակ
Հայկական կոնյակներ
 
Կոնյակ տարածաշրջանի քարտեզը

Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ (Ֆրանսերեն` Cognac) քաղաքի անունից, որի շրջակայքի և նույն այդ քաղաքի հետ է կապված այդ ոգելից խմիչքի ծագման պատմությունը։

Արտադրության տեխնոլոգիան

խմբագրել
 
Կոնյակ թորելու սարք, Ֆրանսիա

Կոնյակի արտադրության համար որպես հումք ծառայող սպիտակ խաղողներից հիմնական տեսակն է ունյի բլանը (ֆրանսերեն` Ugni Blanc, Իտալիայում հայտնի է Trebbiano տրեբիանո անունով), որն աճում է դանդաղ, ունի բարձր թթվայնություն, բարձր բեքատվություն և հիվանդությունների հանդեպ դիմացկուն է։ Բացի դրանից, օգտագործվում են նաև այլ տեսակներ, որոնց աճեցնելը շատ բարդ է։ Նրանցից ստացվող սպիրտներն ավելի բուրավետ են և ավելի հարուստ համեր ունեն։ Այդ տեսակներից են, մասնավորապես՝ ֆոլ բլանշը, կոլոմբարը և մոնտիլը։

Ճզմում և խմորում

խմբագրել

Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին և անմիջապես սկսվում է հյութը քամելու պրոցեսը։ Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները։ Օրենսդրությամբ արգելվում է Արքիմեդի պարուրակով աշխատող մամլիչների կիրառումը։ Խաղողի հյութն այնուհետև ուղարկվում է խմորման։ Օրենսդրությամբ խմորման ժամանակ չի կարելի ավելացնել ո'չ շաքար և ո'չ ծծումբ[1]։ Խմորումը կարևորագույն պրոցես է և տևում է երեք շաբաթի չափ։

Թորում

խմբագրել

Հաջորդ պրոցեսը ստացված 9% թնդության և բարձր թթվայնության գինու թորումն է։

Թորումը կատարվում է հատուկ պղնձե կաթսաներում՝ երկու փուլով։ Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ (Ֆրանսերեն` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն (Ֆրանսերեն` bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո։ Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը։

Հնեցում

խմբագրել

Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի։ Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո և Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից։ Կոնյակի հնեցման համար տակառները պահում են մառաններում։
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որը ֆրանսիացիներն անվանում են part des anges՝ «հրեշտակների բաժին»։ Տարեկան այն կազմում է ավելի քան քսան միլիոն շշին համարժեք քանակ։ Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են «դամ-ժոն» (ֆրանսերեն` Dames-Jeanne) կոչվող ապակե շշերի մեջ և տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ դրանք կարող են առանց փոխվելու մնալ տասնամյակներով։

Արտադրող ընկերություններ

խմբագրել
 
Martell VS կոնյակ

Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը։ Դրանք են` Courvoisier (Հայերեն` Կուրվուազյե), Hennessy (Հայերեն` Անսի), Martell (Հայերեն` Մարտել) և Rémy Martin (Հայերեն` Ռեմի մարտեն) ընկերությունները։

Հայկական կոնյակ

խմբագրել

1940-ին սկսվեց նոր շենքի կառուցումը, որը հետագայում դարձավ «Երևանի կոնյակի գործարան»։ Դա ժամանակակից ձեռնարկություն էր, որը հագեցած էր լաբորատորիա և հատուկ սենյակներ `ազնիվ ըմպելիքի արտադրության յուրաքանչյուր փուլի համար[2]։

Դասակարգում

խմբագրել

Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (Bureau National Interprofessionnel du Cognac) դասակարգման՝ կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետևյալն են՝

  • V.S. (Very Special), կամ ✯✯✯ (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է։
  • V.S.O.P. (Very Special or Superior Old Pale) կամ Reserve` նվազագույնը՝ չորս տարի։
  • V.V.S.O.P. (Very Very Special or Superior Old Pale) կամ Grand Reserve` նվազագույնը` հինգ տարի։
  • X.O. (Extra Old) կամ Napoleon՝ վեց տարի։

Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առևտուրը, մասնավորապես 18-րդ դարում, կապված է եղել Մեծ Բրիտանիայի հետ[3]։ Բյուրոն արգելում է 6.5 տարուց ավելի պահված կոնյակների դասակարգումը, քանի որ համարում է, որ 6.5 տարուց ավելի ժամկետներում հնարավոր չէ վերահսկել հնեցման պրոցեսները։ Հարկ է նշել, որ «Napoleon» գրությունը կոնյակի տեսակ չէ, այլ դասակարգման աստիճան (համապատասխանում է X.O. կարգին)։

Տե'ս նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Koscica, Milica (April 2004). «TED Case Studies – Number 728». Trade Environment Database. American University, School of International Service. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. ««Դվին» հայկական կոնյակը։ Խորհրդային դարաշրջանի պատմական առասպելները։».
  3. «FAQ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  Ընթերցե՛ք «կոնյակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնյակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 571