Կոնստանդին Ա Բարձրաբերդցի
Կոստանդին Ա Բարձրաբերդցի (Բարձրբերդցի, Մավռիանցի, Վահրամի) (1180-ականներ[1], Բարձրաբերդ, Կիլիկիայի Հայկական Իշխանություն[1] - ապրիլի 9, 1267[1], Հռոմկլա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս (1221-1267)։ Հաջորդել է Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին։
Կոնստանդին Ա Բարձրաբերդցի | |
---|---|
Ծնվել է | 1180-ականներ[1] |
Ծննդավայր | Բարձրաբերդ, Կիլիկիայի Հայկական Իշխանություն[1] |
Մահացել է | ապրիլի 9, 1267[1] |
Մահվան վայր | Հռոմկլա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Սկզբնական կրթությունն ստացել է Տարսոնի մոտակայքի Մլիճ վանքում, որը նշանավոր գրչավայր էր, ապա նաև Հռոմկլայի կաթողիկոսարանում։ Եղել է Մլիճի, հավանաբար, նաև Բարձարբերդի եպիսկոպոս։ Կաթողիկոս է առաջադրվել Կոստանդին պայլի կողմից։ 1252-ին հունվարի 22-ին հայրապետը գլխավորել է Զապել թագուհու հուղարկավորության թափորը։ Նրա օրոք՝ 1220-ականներին, ավարտվել է Սսի թագավորական Սուրբ Սոֆիա եկեղեցու կառուցումը։ 1247-ին բանագնաց Թեոդոս վարդապետին հայրապետն ուղարկել է մոնղոլ զորապետի մոտ և նրա համաձայնությունը ձեռք բերելով՝ վերակառուցել Արտազի Սուրբ Թադեի վանքը և հիմնել միաբանություն։
Վարել է երկրի ամրապնդման ու հզորացման, Հայոց եկեղեցու միաբանության, ինքնուրույնության և անկախության քաղաքականություն։ Օգնել է Կոստանդին պայլին՝ Կիլիկիայից վտարելու բոլոր լատինադավաններին։ Զբաղվել է հոգեոր մշակութային գործունեությամբ, բացել է նոր դպրոցներ, հիմնել միաբանություններ, զարկ տվել գրչության կենտրոններին են։ Մասնակցել է 1242 թվականի հայ-մոնղոլական բանակցություններին։ 1243 թվականին Վարդան Արևելցու հետ Սսում հրավիրել է Կիլիկիայի աշխարհիկ ու հոգևոր ներկայացուցիչների ժողով, որի ընդունած կանոններն ու սահմանումներն ընդարձակ շրջաբերականով հղել է (1246 թվականին) Հայոց արևելքի նշանավոր վարդապետներին՝ հաստատելու։ Այնուհետև, իր պատվիրակ բանագնաց Թեոդոս Վարդապետի միջոցով ստանալով մոնղոլ զորավար Անագուրակնոյնի (Անգուն) համաձայնությունը՝ նպաստավորել ու վերաշինել է տվել Արտազի Սբ. Թադեոսի վանքը, հիմնել միաբանություն և այն դարձրել (1247 թվականին) թեմական կենտրոն։ Հակոբ վարդապետ Կլայեցու միջոցով 1254 թվականին քաղաքական բանակցություններ է վարել հունական կայսր Հովհաննես Վադակեսի ու Մանվել պատրիարքի հետ և առժամյա հանդարտություն հաստատել Կիլիկիայի ու Բյուզանդիայի միջև։ 1259 թվականին Հեթումի հետ մեկնել է Եդեսիա, հանդիպել Հուլավու խանի հետ և նպաստել հայ-մոնղոլական դաշինքի ամրապնդմանը։ 1264 թվականի սկզբին Կոստանդին Ա Բարձրբերդձին և Հեթումը մերժել են Հռոմի պապի նվիրակի հարուցած դավանաբանական վիճաբանությունների խնդիրները։ Նույնպիսի խնդիրներ է հարուցել նաև Կղեմես IV պապը 1265-1266 թվականներին
Կոնստանդին Ա Բարձրաբերդցին միշտ հավատարիմ է մնացել հայոց մշակութային արժեքներին. Թորոս Ռոսլինին, Հովհաննես Գրչին և ուրիշներին ընդօրինակել է տվել բազմաթիվ ձեռագրեր։ Հովանավորել է գրիչներին, ծաղկողներին, հիմնել է Անբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով և նվիրատվություններ կատարել Հովհաննավանքին (1243), Խորանաշատի վանքին (1246), Արցախի Տիրամայր վանքին (1246) և այլն։ Կաթողիկոսական գահին Կոնստանդին Ա Բարձրբերդցուն հաջորդել է Հակոբ Ա Կլայեցին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 613)։ |
Նախորդող՝ Հովհաննես Զ Սսեցի |
Կաթողիկոս 1221–1267 |
Հաջորդող՝ Հակոբ Ա Կլայեցի |