Կոսովոյի ազգային բալետ
Կոսովոյի ազգային բալետ (ալբ․՝ Baleti Kombëtar i Kosovës), Կոսովոյի բալետային կոլեկտիվ, որը կազմավորվել է 1972 թվականին։ Առանձնացվում է երկու սերունդ. առաջինին են պատկանում կոլեկտիվի հիմնադիրները, որոնք հանդես են եկել թատերախմբի հետ մինչև նրա հարկադիր լուծարումը։ Երկրորդ սերնդի (նաև կոչվում է նոր) ներկայացուցիչներն են մի խումբ պարողներ, որոնք սովորել են Ահմեդ Բրահիմայի ղեկավարությամբ և վերակենդանացրել են բալետը Հարավսլավական պատերազմներից հետո։
Առաջին սերունդ
խմբագրելԿոսովոյի ազգային բալետի առաջին սերնդի բալետի արտիստները Սկոպիեի միջնակարգ բալետի դպրոցում են սովորել Տատյանա Պետկովսկայայի ղեկավարությամբ[1]։ Այդ դպրոցն ավարտելուց հետո 25 պարող վերադարձել է Պրիշտինա, որտեղ նրանք Կոսովոյի ազգային թատրոնի կազմում պաշտոնապես ձևավորել են Կոսովոյի բալետի առաջին թատերախումբը[2]։ Նա շրջագայել է ողջ Հարավսլավիայի տարածքում՝ ելույթ ունենալով Լյուբլյանայի բալետային բիենալեում և Դուբրովնիկի ամառային խաղերում։ Խումբը բռնի կերպով կազմալուծվել է 1991 թվականին Կոսովոյում շարունակվող բռնության և հարավսլավական պատերազմների ընթացքում էթնիկ զտումների սպառնալիքի պատճառով։
Երկրորդ սերունդ
խմբագրել2001 թվականին՝ Հարավսլավական պատերազմների ավարտից հետո, Ահմեդ Բրահիման որոշում է կայացրել վերականգնել բալետային խումբը[3][4]։ Իր ծրագրի իրականացման շրջանակներում նա հիմնադրել է և՛ Բալետային բարձրագույն դպրոց՝ Պրենկո Յակոբի հետ համագործակցելով, և՛ միջնակարգ երաժշտական դպրոց ու սկսել է հավաքագրել երիտասարդներին[5]։ Այս դպրոցի առաջին շրջանավարտները, որոնք այն ավարտել են 2006 թվականին, այժմ կազմում են Կոսովոյի ազգային բալետի թատերախմբի հիմքը և հայտնի են որպես երկրորդ կամ նոր սերունդ։
Թատերախումբն ակտիվորեն համագործակցում է ալբանացի պարուսույց Գերգեմ Պրևազիի հետ` բեմադրելով նրա ժամանակակից պարային չորս ստեղծագործություններ` «Անցում II» (ալբ․՝ Tranzicioni II), «Չեմ լսում կոչնազանգը» (ալբ․՝ S'po dëgjohet gong), «Հակադրություն» (ալբ․՝ Kontrast) և «Պերֆոմանս» (ալբ․՝ Performance): Թատերախումբը նաև աշխատում է Էլթոն Ցեֆայի հետ դասական բալետի բեմադրությունների վրա։ Նրա ղեկավարությամբ թատերախումբը կատարել է հատվածներ «Դոն Կիխոտից», «Ժիզելից», «Կորսարից» և «Կարապի լճից»։ Բուլղարիայի պրիմա-բալերինա Սիլվիա Տոմովայի հետ հաջող համագործակցության պատմությունը սկիզբ է դրել դասական լիարժեք բալետների, այդ թվում՝ Չայկովսկու «Քնած գեղեցկուհու» բեմադրությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Conference "Dance as an expression of cultural diversities"
- ↑ Baleti i Kosovës. «About». Baleti i Kosovës. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Kosovo's Ballet, no institutional ties with Albania's Ballet». www.balkaneu.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Darby, Seyward (2012 թ․ հուլիսի 24). «Setting The Stage: The Kosovo National Ballet (PHOTOS)». Huffington Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Teatri Kombëtar. «Historiku i Baletit». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.