Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանդին Դ (այլ կիրառումներ)

Կոստանդին Դ (ապրիլի 17, 1313 - դեկտեմբերի 21, 1362 կամ հունվարի 3, 1363(1363-01-03)), Հայոց թագավոր Կիլիկիայում 1345 թվականից։ Կիլիկիան Հայաստանի վերջին հզոր արքան։ Հաջորդել է Կոստանդին Գ Լուսինյանին։ Կիլիկիահայոց Նղրյանների իշխանական տոհմից՝ Հեթումյանների ազգականը (մայրը՝ Մարիունեն, Սմբատ գունդստաբլի թոռն էր), հայ իշխաններից՝ մեծ մարաջախտ և Նղր բերդի տեր Բաղդինի որդին։ Համախմբելով հայրենասեր իշխաններին՝ 1346 թվականին ետ մղեց մամլուքների ու թուրքմենների հարձակումը, ազատագրեց Կապան կարևոր բերդը։ 1347 թվականի ամռանը ջախջախեց Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթանության առաջապահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նավատորմիղի աջակցությամբ ազատագրեց Այաս նավահանգստային կենտրոնը։ Օգտագործելով իր ռազմական հաջողություննեևը Կոստանդինը փորձեց հաշտություն հաստատել Եգիպտոսի հետ։ Սակայն Եգիպտոսի սուլթանը, մերժելով Կոստանդնի առաջարկը՝ Հալեպի ամիրայության և Իկոնիայի թուրքմենների զինակցությամբ վերսկցեց պատերազմը։ Եգիպտոսը գրավեց Այասը, թուրքմենները՝ Պապեռոն բերդը, Հալեպի ամիրան՝ երկրի արևելյան շրջանները։ Օգտվելով 1348-1349 թվականներին Եգիպտոսում ծավալված գահակալական կռիվներից՝ Կոստանդինը Հռոդոսի Սուրբ Հովհաննես օրդենի ասպետների օգնությամբ ջախջախեց Հալեպի ամիրայի ասպատակիչ զորամասը և հասավ մինչև Ալեքսանդրետի ծովը։ Պապի և Արևմուտքի պետությունների օգնությամբ սին խոստումներից հիասթափված Կոստանդնի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1361 թվականին Սսում գումարված ժողովը չեղյալ հայտարարեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միության վերաբերյալ նախկին ժողովների որոշումները, դատապարտեց պապականության վարքագիծը։ Կոստանդնի անունով հատվել է ոսկյա դրամ։

Կոստանդին Դ
Իշխանություն1345 - 1362
Թագադրում1345
Ծնվել է՝ապրիլի 17, 1313
Մահացել է՝դեկտեմբերի 21, 1362 (49 տարեկան) կամ հունվարի 3, 1363(1363-01-03) (49 տարեկան) բնական մահով
Ազգությունհայ
ՀաջորդողԿոստանդին Ե
ՈւղեկիցՄարիա Կոռիկոսցի
ՏոհմՀեթումյաններ
գերիշխան
ՀայրԲալդուին Հեթումյան
ՄայրՄարիանե Հեթումյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 613