Կոնստանտին Սարաջև
Կոնստանտին Սողոմոնի Սարաջև (Սարաջյան), (սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1877[1], Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 22, 1954[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ խորհրդային դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)։ Աշխատանքի հերոս (1921)։
Կոնստանտին Սարաջև | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1877[1] Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[2][1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 22, 1954[2][1] (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1898)[1] |
Պարգևներ |
Կյանքը և գործուներությունը
խմբագրել1898 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ի․ Վ․ Գրժիմալիի ջութակի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է Ս․ Ի․ Տանեևի մոտ)։ 1900 թվականից՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայի նվագախմբի կոնցերտմայստեր։ 1905-1906 թվականներին Լայպցիգում պարապել է Արթուր Նիկիշի մոտ (դիրիժորություն)։ 1908 թվականից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերա-գործիքային անսամբլներում, ժողովրդական կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժշտական գրագիտության դասեր, ղեկավարել է հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում (1908, 1910, 1911), օպերային ներկայացումներ Սերգիևո Ալեքսեևյանի տանը (1911-1912), գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտության մասը (1913-1914)։ Սարաջևը դասական երաժշտության խոր գիտակ և լուրջ մեկնաբան էր, ժամանակակից երաժշտության անխոնջ պրոպագանդող։ Նրա ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Ն․ Մյասկովսկու, Ս․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Սարաջևը ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտական կյանքին։ 1918-1919 թվականներին Սարատովում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել Սովետական օպերայի թատրոնը, դասավանդել կոնսերվատորիայում։ Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել է կամերա-գործիքային անսամբլ։ 1922 թվականին Ա․ Վ․ Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա։ 1922-1935 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (վարել է նվագախմբային, խմբավարական, օպերային դասարանները, դասավանդել երաժշտա-տեսական առարկաներ, պարտիտուրի ընթերցում)։ Հատկապես մեծ դեր է խաղացել դիրիժորական կադրերի պատրաստման գործում։ Աշակերտներից են Գ․ Բուդաղյանը, Լ․ Գինզբուրգը, Մ․ Պավերմանը, Բ․ Խայկինը, Ցու․ Տիմոֆեևը և ուրիշներ։ Ղեկավարել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը (1922-1924, ռեկտոր), սիրողական սիմֆոնիկ նվագախումբ (1924-1935, 1926 թվականից՝ Սարաջևի անվան)։ Սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել Վիեննայում և Պրահայում (1927)։ Սարաջևի դիրիժորական արվեստն աչքի է ընկել վառ Կ․ Ս․ Սարաջև արտիստականությամբ, դասական խստությամբ, կատարվող ստեղծագործության գաղափարա-գեղարվեստական մտահղացման բացահայտման խորությամբ։ 1935 թվականից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական և կազմակերպչական գործունեություն․ 1935-1939-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, մասնակցել է Ա․ Դարգոմիժսկու «Ջրահարսը» (1938) օպերայի, Բ․Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1939), Ա․ Խաչատրյանի «Երջանկություն» (1939) և «Գայանե» (1947) բալետների բեմադրություններին։ 1941 թվականից՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Լայնորեն պրոպագանդել է հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը։ 1936-1954 թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1936-1937 թվականներին և 1940-1954 թվականներին՝ տնօրեն)։ Սաներից են՝ Արամ Քաթանյանը, Յուրի Դավթյանը, Հակոբ Ոսկանյան[3][4]։ Սարաջևի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց։
Կոնստանտին Սարաջևի որդին է երաժշտության տեսաբան, կոմպոզիտոր Կոնստանտին Սարաջևը (Սարաջյան)։
Մրցանակներ
խմբագրել- Լենինի 2 շքանշաններ
- Աշխատանքի հերոսի կոչում, 1921
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1945
- ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործչիչ
Մեջբերումներ Կոստանտին Սարաջևի մասին
խմբագրելԻր արժեքավոր խորհուրդներով Կոստանդին Սարաջևը վայելում էր երաժիշտների մեծ սերն ու հարգանքը։ |
Գրականություն
խմբագրել- Գևորգ Տիգրանյան, «Հայ երաժիշտ կատարողներ», Կոնստանդին Սողոմոնի Սարաջյան(Սարաջև) -- 1877-1954 | Երաժշտություն | Հայ անվանի երաժիշտներ, 1961, Հայպետհրատ, Երևան[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 212—213.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Сараджев Константин Соломонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Կոնստանդին Սարաջյան (1877-1954)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II, Սարաջև Կոստանդին
- ↑ «Հայ երաժիշտ կատարողներ», Կոնստանդին Սարաջյան(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 212)։ |