Կովկասյան ցլիկաձուկ

ձկների տեսակ

Կովկասյան ցլիկաձուկ (լատին․՝ Knipowitschia caucasica), ցլիկաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1999 թ.-ին՝ Մեծամոր գետում։ Տարածված է Արարատյան դաշտի գետերում, ջրանցքներում, լճակներում։ Վարում է մերձհատակային կենսաձև։

Կովկասյան ցլիկաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակներ
Ընտանիք Ցլիկաձկներ
Ցեղ Կովկասյան ցլիկաձուկ
Լատիներեն անվանում
(L. S. Berg, 1916)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կառուցվածք

խմբագրել

Մարմինն իլիկաձև է, երկարկարությունը՝ 2-3 (երբեմն՝ 4) սմ։ Գլուխը խոշոր է (մարմնի բարձրությանը հավասար կամ ավելի մեծ), որի վրա կան լավ զարգացած սեյսմազգայարաններ։ Բերանի կտրվածքը լայն է ու թեք։ Ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից։ Ծնոտները զինված են մանր ատամներով։ Պոչային լողակը կորաեզր է՝ երկկողմ համաչափ։ Թեփուկներն ատամևաեզր են՝ մարմնի վրա 29-34 երկայնական շարքով։ Գլխից մինչև 2-րդ մեջքային լողակի հիմքը, խռիկային կափարիչների վրա, կրծքային լողակների շուրջ և կողագծերում թեփուկները բացակայում են։ Մեջքային լողակները Երկուսն են, 1-ինը՝ 5-6 փշաձև, 2-րդը՝ 1 փշաձև և 7-9 ճյուղավորված ճառագայթներով։ Փորային լողակները սերտաճած են. նրանց հիմքը գտնվում է կրծքային լողակների հիմքից մի փոքր առաջ։ Հետնալողակում ճառագայթները 8-9 են։ Կրծքային լողակները համեմատաբար կարճ են, կլորավուն՝ հասնում են մինչև մեջքային 2-րդ լողակի սկիզբը։ Մարմինը դեղնամոխրագույն է, փորիկը՝ սպիտակավուն, կողքերը՝ գորշ բծերով։ Կրծքային և պոչային լողակների հիմքերի մոտ կան երկարավուն մուգ բծեր։ Կրծքային, փորային լողակները և հետնալողակն անգույն են։ Մեջքային և պոչային լողակները պատված են մանր գորշ պտերի կանոնավոր շարքերով։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է՝ սև բծերով։ Բազմացման շրջանում լավ արտահայտվում է սեռական երկձևությունը, արուների մարմինը դառնում է բաց դարչնագույն, էգերինը՝ ավազագույն։ Արուների մարմնի երկու կողմից վերից վար ձգվում են 10-12 գորշ բծեր։ Մեջքային 1-ին լողակի հետին մասում լավ արտահայտվում է խոշոր, կլորավուն սև բիծ։ Էգերի կողքերին բծերը թույլ են արտահայտված։ Կզակը գորշ է կամ սև։ Մեջքային 1-ին լողակը մուգ գորշ է՝ պատված բազմաթիվ մանր պտերով։ Կենդանակեր տեսակ է. սնվում է ջրային մանր կենդանիներով, հիմնականում՝ մոծակների թրթուրներով։ Սեռահասուն է դառնում 1 տարեկանում (մարմնի 1,5-2 սմ երկարության դեպքում)։ Բազմացումն սկսվում է գարնան սկզբին և որոշակի ընդմիջումներով շարունակվում մինչև ամռան սկիզբը։ Այդ ընթացքում սեռահասուն արուներից յուրաքանչյուրը գրավում է առանձին տարածք։ Էգը ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում՝ մինչև 3 անգամ։ Ընդհանուր բեղունությունը հասնում է մինչև 1000 (սովորաբար՝ 300-700) ձկնկիթի։ Արդյունագործ, նշանակություն չունի։ Կարող է օգտագործվել որպես կենսաբանական պայքարի միջոց՝ մալարիայի մոծակների թրթուրների ոչնչացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան ցլիկաձուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան ցլիկաձուկ» հոդվածին։