Կորդովայի խալիֆայություն
Կորդովայի խալիֆայություն (արաբ․՝ خلافة قرطبة` խիլաֆաթ կուրտուբա), միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 929-1031 թվականներին[Ն 1]։ Հիմնադրել է Օմայան վերջին ամիրա Աբդ ալ-Ռահման III-ը` Հյուսիսային Աֆրիկայում շիական նոր պետության՝ Ֆաթիմյան խալիֆայության հիմնադրումից որոշ ժամանակ հետո։ Երկիրը կառավարել է Մուհամմադ մարգարեի տոհմին ազգակից Օմայան դինաստիան։ Տարածքը կազմել է առավելագույնը 600 000 քառ. կմ, բնակչությունը՝ 6 000 000 մարդ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կորդովա | |||
Լեզու | արաբերեն, մոսարաբերեն | |||
Ազգություն | արաբներ, բերբերներ, հրեաներ, մոսարաբներ | |||
Կրոն | իսլամ, քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Օմայաններ | |||
Պետության գլուխ | խալիֆ |
Պետության մայրաքաղաքն էր Կորդովան, որն ուներ 450 000 բնակիչ։ Այն ավելի քան երեք դար եղել է արաբական Իսպանիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հիմնադրման շրջանում, երբ թերակղզու առաջին քրիստոնեադավան պետությունը՝ Աստուրիայի թագավորությունը, բաժանվել էր երեք մասի (Կաստիլիա, Գալիցիա և Լեոն), խալիֆայությունը կարողացել էր հարթել ներիշխանական բոլոր տարաձայնությունները, ստեղծել կենտրոնաձիգ պետություն, և նույնիսկ սանձել Պիրենեյներում առաջացած քրիստոնեադավան պետությունների՝ Նավառայի, Արագոնի ոտնձգությունները։
10-րդ դարում Կորդովայի խալիֆայությունը մի քանի անգամ ենթարկվել է հարևան կաթոլիկ պետությունների հարձակումներին, ձեռնարկել արշավանքներ նրանց դեմ։ Արդյունքում եղել են սահմանային որոշ փոփոխություններ, սակայն տարածքը հիմնականում մնացել է նույնը։ 1031 թվականին իշխող արքայատոհմը կորցնում է վերահսկողությունը երկրի վրա, և սահմանափակվում Կորդովայի տայֆայով։ Նմանատիպ տայֆաներ ստեղծվում են երկրի ամբողջ տարածքում. ավատատիրական այդպիսի մասնատվածությունը բնորոշ էր զարգացած միջնադարում գոյություն ունեցած գրեթե բոլոր երկրներին։ Անկախ իշխանություններից առավել կենսունակ եղավ Գրանադայի ամիրայությունը, որը գոյատևեց մինչև Ռեկոնկիստայի ավարտը (1492)։
Կորդովայի խալիֆայությունը արաբական Իսպանիայի առաջին ինքնուրույն պետության՝ Կորդովայի ամիրայության ժառանգորդն ու իրավահաջորդն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո (711)։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Իսպանիայի մշակույթի ու տնտեսության զարգացման մեջ, նպաստել իսպանացիների՝ որպես մեկ միասնական ազգի կազմավորմանը, որը տեղի ունեցավ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարի ընթացքում։
Պատմություն
խմբագրելԱրաբները Իսպանիայում հաստատվել էին 8-րդ դարի սկզբին։ Մի քանի տասնամյակ անց Արաբական խալիֆայության կենտրոնական նահանգներում՝ Սիրիայում, Միջագետքում ու Արաբական թերակղզում, ուժեղանում է պայքարը կենտրոնական իշխանության հաամար։ Օմայանները, ովքեր իշխում էին 661 թվականից, թուլացել էին։ Օգտվելով դրանից՝ արաբական վերնախավը որոշում է օժանդակել Աբբասյաններին, ովքեր Մուհամմադ մարգարեի առավել մերձավոր ազգականներն էին։ Նրանց անունը ծագել է տոհմի հիմնադիր մարգարեի հորեղբայր Աբբասից։ Գահակալական կռիվների գլուխ կանգնեց Աբու ալ-Աբբասը, ով հետագայում խալիֆ դարձավ։
Օմայյան ամիրայություն
խմբագրել750 թվականին Դամասկոսում Օմայանները գահընկեց են արվում, և Արաբական խալիֆայության ղեկավարումն անցնում է Աբբասյաններին (750-1258)։ Սիրիայում Օմայանների բոլոր ներկայացուցիչները՝ բացի Աբդ ալ-Ռահմանից, սպանվում են։ Նրան հաջողվում է փախչել Եգիպտոս, ապա՝ Հյուսիսային Աֆրիկա (Մաղրիբ)։ Այս տարածքներում, սակայն, նա չի կարողանում հաստատվել, և 755 թվականին հեռանում է ալ-Անդալուս։ Իշխանը գրավում է Կորդովան և իրեն ամիրա հռչակում։ Սկզբնական շրջանում նա ձևականորեն ընդունում էր Աբբասյանների գերիշխանությունը, սակայն Աբու ալ-Աբբասին (750-754) հաջորդած երկրորդ խալիֆի՝ Աբու Ջաֆար ալ-Մանսուրի (754-775) ժամանակ՝ 765 թվականին, ալ-Անդալուսն ապստամբում է կենտրոնական իշխանության դեմ և դառնում ինքնուրույն։ Այն կարողանում է հաստատել իր իշխանությունը հաստատել Պիրենեյան թերակղզու տարածքում և շրջակա կղզիների վրա։ 806 թվականին արաբները գրավում են Կորսիկա կղզին։
9-րդ դարում Կորդովայի ամիրայությունը փաստացիորեն բաժանվում է մի քանի ավատատիրական իշխանությունների, թեև ձևականորեն պահպանում իր միասնականությունը։ Կենտրոնաձիգ իշխանության հիմնադիր Աբդ ալ-Ռահման III-ը, ով գահ էր բարձրացել 21 տարեկան հասակում, հաղթելով ներքին ու արտաքին թշնամիներին, հիմնում է ինքնուրույն ամիրայություն։ Այդ ժամանակաշրջանում Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական հատվածներում իրեն խալիֆ էր հռչակել շիադավան Ուբեյդալլահը, ով սերում էր Ալի իբն Աբի Տալիբ խալիֆից (656-661) և Մուհամմադ մարգարեի դստեր Ֆատիմայից։ Նորաստեղծ պետությունը կարճ ժամանակում միավորում է ողջ Հյուսիսային Աֆրիկան՝ մեկը մյուսի հետևից նվաճելով Իդրիսիների (Մարոկկո), Ռուստամիների (Ալժիր) և Աղլաբիների (Թունիս և Սիցիլիա) ամիրայությունները, ավելի ուշ՝ Թուլունիների պետությունը (Եգիպտոս) և հիմնադրում Կահիրե մայրաքաղաքը։ Փաստորեն՝ կենտրոնական Աբբասյան խալիֆայությունից բացի, որի մայրաքաղաքը Բաղդադն էր, ստեղծվում է մեկ այլ կրոնաքաղաքական միավոր՝ Ֆաթիմյան խալիֆայությունը, որը, ի տարբերություն մյուսի, շիադավան էր։ Օգտվելով քաղաքական այս խառնաշփոթից՝ Պիրենեյան թերակղզու մեծ մասը միավորած Աբդ ալ-Ռահմանը 929 թվականին իրեն խալիֆ է հռչակում[1]։
Բարգավաճում
խմբագրել10-րդ դարը խալիֆայության վերելքի շրջանն էր։ Աբդ ալ-Ռահման III-ը միավորում է Իսպանիան՝ քրիստոնյաներին թողնելով թերակղզու հյուսիսը։ Կասեցվում է նաև դեպի Մարոկկո Ֆաթիմյանների առաջընթացը։ Կորդովան դառնում է ժամանակի առաջավոր եվրոպական պետությունը։ Այն ուներ մշտական մարտունակ բանակ, կենտրոնացված կառավարում և բարգավաճող տնտեսություն։ Գյուղատնտեսության ու արհեստագործության մեջ շարունակում էին օգտագործել ստրկական ուժը։ Կարևոր տեղ էին զբաղեցնում լեռնային արդյունաբերությունն ու նավաշինարարությունը։ 10-րդ դարում հարկահանությունը սկսեցին կատարել ոչ թե բնամթերքով, այլ գումարով, ինչը խթանում է առևտրի զարգացումը։
Աբդ ալ-Ռահմանի արշավանքների դեմ կարողանում է դիմակայել միայն Լեոնի արքա Ռամիրո II-ը (931-951)։ 939 թվականին խալիֆի 100 հազարանոց բանակը Վալյադոլիդից հարավ գտնվող Սիմանկագ վայրում հանդիպում է Ռամիրոյի զորքերին, որոնց միացել էին նաև նավառացիները։ Արաբները պարտություն են կրում և ժամանակավորապես հրաժարվում նվաճողական քաղաքականությունից, սակայն Ռամիրոյի մահից հետո սկսած գահակալական կռիվներից հետո կրկին հարձակվում քրիստոնյաների վրա։ Խալիֆի գերիշխանությունն ընդունում են Լեոնի նոր արքա Օրդոնյո III-ը (951-956), Նավառայի թագուհին, Բարսելոնի և Կաստիլիայի կոմսերը։ Նրանք պարտավորվում են հարկ վճարել խալիֆին, իսկ քրիստոնյա բնակչությունը դառնում է անդալուսցիների զիմմին (արաբ․՝ ذمي)՝ հարկատու հպատակը։
Կորդովայի խալիֆը ոչ միայն չի ենթարկվում Հյուսիսային Աֆրիկայում ինքնահռչակ իմամի՝ Ուբեյդալլահ մահդիի գերիշխանությանը և նրա հիմնադրած Ֆաթիմյան խալիֆայությանը, այլև անցնում է հարձակման և գրավում Միջերկրական ծովի հարավային մի քանի գավառներ՝ ժամանակակից Մարոկկոյի և Ալժիրի տարածքում։ Մի քանի տարի անց, երբ գահ է բարձրանում Ֆաթիմյան ալ-Մուիզ խալիֆը (953-975), ով հիմնադրել էր մայրաքաղաք Կահիրեն, կարողանում է հաղթել Աբդ ալ-Ռահմանին։ Վերջինիս իշխանությունը սահմափակվում է Տանժեր և Սեուտա քաղաքներով։ Խալիֆայության ռազմական հզորացումը շարունակվում է տնտեսական ու մշակութային բարգավաճմամբ, որը շարունակվում է խալիֆի որդու՝ ալ-Հաքամի օրոք։
Կորդովայի խալիֆայության հզորացումը հանգեցնում է եվրոպական հարևանների հետ միջազգային հարաբերությունների խորացմանը։ Պատմության մեջ պահպանվել են դեպի Բյուզանդական կայսրություն (945,955) և Գերմանիա ուղարկված դեսպանությունների (955, 969) մասին հուշեր։ Միջերկրական ծովի ավազանում Կորդովայի խալիֆայությունը կարողանում է բարձր դիրք գրավել զարգացած ծովային առևտրի շնորհիվ[2]։ Կրոնական ու ազգային բազմազանության պայմաններում զարգանում է ներիսպանական հանդուրժողականություն, և հասարակ բնակչության շրջանում էական տարբերություններ չեն դրվում անդալուսցիների միջև։ Դրա շնորհիվ բարգավաճում են ինչպես մուսուլմանների, այնպես էլ ոչ մուսուլմանների՝ քրիստոնյաների ու հրեաների մշակույթը, գիտությունը և արվեստները։ Մայրաքաղաք Կորդովայում իրականացվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ։ Հատկապես հանրաճանաչ էր խալիֆ ալ-Հաքամ II-ի գրադարանը, որում հաշվվում էր մինչև 400 հազար կտոր գիրք։
Անկում
խմբագրելՀաքամ II-ի մահից հետո (976) սկսում է խալիֆայության անկումը։ Մահից առաջ Հաքիմը գահը ժառանգում է իր տասնամյա որդուն՝ Հիշամ II-ին (976-1008)։ Մուհամմադ իբն Աբու ալ-Մանսուրը (միջնադարյան եվրոպական աղբյուրներում՝ Ալմանսոր) Հաքամ խալիֆի օրոք զբաղեցնում էր հաջիբի պաշտոնը, դառնում է պետության փաստացի ղեկավարը։ Նա մի քանի խոշոր հաղթանակներ է տանում քրիստոնեադավան պետությունների դեմ։ Իր քաղաքականությունը շարունակում է որդին՝ Աբդ ալ-Մալիքը, ով ստանում է ալ-Մուզաֆֆար («հաղթանակած») տիտղոսը։ Վերջինս 998 թվականին Մաղրեբի մայրաքաղաք Ֆեսում դարձավ թագավորի աջ ձեռքը։ 1001 թվականին՝ հոր մահից հետո, նա տեղափոխվում է Կորդովա։
Ալ-Մանսուրի կողմից իշխանության գրավման հետևանքով խալիֆի պաշտոնը ձևական է դառնում։ 11-րդ դարում խալիֆայությունում քաղաքական խառնաշփոթ է սկսում։ Կենտրոնաձիգ իշխանության թուլացմանը զուգորդում է խալիֆների արագ հաջորդումը. 1009-1031 թվականներին Կորդովայում իշխել են 6 ղեկավարներ։ Նրանցից երեքը բարեկամական կապեր ունեին բերբերական ծագումով Համմուդիների հետ։ Անդալուսում սկսում են նաև քաղաքացիական բախումներ. էթնոկոնֆենսիոնալ խմբերից առավել ակտիվորեն հանդես են գալիս սլավոնները։ Առանձին քաղաքներում՝ Բադախոսում, Սարագոսայում, Մուրսիայում, Սևիլյայում և այլուր, տեղացի իշխանները դառնում են ավելի անկախ և հանդես բերում կենտրոնախույս ձգտումներ։ Մայրաքաղաք Կորդովային հակակշիռ՝ պետության հյուսիսում որպես ուժեղ քաղաք-պետություն՝ զարգանում է Տոլեդոն։ Այն խալիֆայությունից նվաճում է մեծ տարածքներ և հրաժարվում ճանաչել խալիֆի գերիշխանությունը։ Մայրաքաղաք Կորդովայում ձևավորված աշխարհիկ ու հոգևոր ավագանին, ինչպես նաև կայացած վաճառականներից ու արհեստավորներից ձևավորված վերնախավը, հրաժարվում է ճանաչել խալիֆի իշխանությունը և առաջնությունը տալիս երկրի հաջիբին։
1031 թվականին Հիշամ III-ը գահընկեց է արվում և հեռացվում մայրաքաղաքից, իսկ խալիֆայությունը բաշանվում է մի քանի ամիրայությունների (արաբ․՝ طائفة` տայֆաներ)։ Դա տեղի է ունենում նախարարներից բաղկացած ավագանու խորհրդի նիստի ժամանակ, երբ անդալուսյան վերնախավը պետությունը հռչակում է համադաշնություն, իսկ բարձրագույն ղեկավար մարմին՝ ավատատեր ամիրաների խորհուրդը։
Ներքին կյանք
խմբագրելԶարգացած միջնադարի Եվրոպայում կյանքի միջին տևողությունը մոտ 30 տարի էր, իսկ մուսուլմանական երկրներում, այդ թվում` ալ-Անդալուսում` 38-42 տարի։ Կաստիլիացիները (իսպանացիներ) և արագոնցիները անդալուսցիներին նախատում էին «չափից ավելի» երկարակեցության համար։
Պետական կարգ
խմբագրելԿորդովայի խալիֆայությունը բնույթով միջնադարյան ավտոկրատիա էր։ Բարձրագույն իշխանությունը գտնվում էր խալիֆի ձեռքում, ով զորքերի գերագույն հրամանատարն էր, պետության առաջին դեմքը՝ ներքին և արտաքին բոլոր հարցերում։ Ղեկավարն անսահմանափակ իրավունքներ ուներ երկրի բնակչության հանդեպ՝ ընդհուպ մինչև տեղացիների կյանքի ու մահվան հարցի տնօրինում։ Նրան էին ենթարկվում պետական գանձարանը, բոլոր դատարանները ու մզկիթները։ Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տրվում էր ոչ թե Բաղդադի Աբբասյան խալիֆի, այլ իր անունը։
Խալիֆին երկրի կառավարման հարցում օգնում էր հաջիբը, ով ուներ նույն դերակատարումը, ինչ արևելքում՝ վեզիրը։ Նրա պաշտոնը նշանակովի էր, խալիֆը հաջիբ էր ընտրում ազդեցիկ ու հզոր ամիրաներից։ Անդալուսը բաղկացած էր 21 նահանգներից, որոնցից յուրաքանչյուրում գործում էր կենտրոնական վարչական համակարգի տեղական տարբերակը՝ բաղկացած ամիրայից, նրա օգնականներից ու զորքից։ Երկիրն ուներ մշտական բանակ, որից բացի, ռազմական արտակարգ դրության պայմաններում, հավաքվում էր նաև աշխարհազոր։ Օրենսդրության գլխավոր օրգանը շարիաթն էր։ Այն գործում էր միայն հասարակ բնակչության համար. շարիաթով սահմանված օրենքներն ու պարտականությունները չէին վերաբերում իշխող վերնախավին։
Բերդերում ու մայրաքաղաքում զարգացած էր զինագործությունը։ Քաղաքային տնտեսության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում արհեստագործությունը՝ մետաղի մշակումը, թղթի, կավե ու ապակյա իրերի արտադրությունը, մետաքսագործությունը, ոսկերչությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գյուղի և քաղաքի միջև գոյություն ուներ աշխույժ առևտուր, որը կատարվում էր ոսկե դինարի ու արծաթե դիրհամի միջոցով։ Գլխավոր շուկաները սովորաբար գտնվում էին խոշոր մզկիթների մոտ։ Տնտեսական զարգացմանը զուգընթաց աճում է հարկահավաքությունը։
Հասարակություն
խմբագրելՄուսուլմանական Իսպանիայում հողը պատկանում էր պետությանը։ Հողի հիմնական մասը (մեծ մասամբ՝ 4/б) տրվում էր զինվորներին, իսկ մնացածը, որ կոչվում էր «խումս», գտնվում էր պետության անմիջական տնօրինության տակ։ Արաբները գլխավորապես ապրում էին քաղաքներում ու զբաղվում էին արհեստագործությամբ ու առևտրով, իսկ բերբերները` անասնապահությամբ ու երկրագործությամբ։
Իսպանաբնակ քրիստոնյաները, ովքեր երկարադարյա շփման արդյունքում ընդունում են արաբների սովորույթներն ու կենցաղը, կոչվում էին «մոսարաբներ» (արաբ․՝ مستعرب` մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ արաբ)։ Նրանք վճարում էին խարաջ և ջիզիա, ապրում առանձին համայնքներով` գյուղերում ու քաղաքներում։ Հատկապես հայտնի էին Տոլեդո, Կորդովա, Սևիլյա և Մերիդա քաղաքների քրիստոնեական թաղամասերը։ Նրանք պահպանում են իրենց եկեղեցին։ Կորդովայի խալիֆայությունում աշխույժ դերակատարում ունեին հրեաները։ Վեստոգոթական իշխանություններից բազմիցս հալածվելով՝ նրանք բարեկամաբար են տրամադրվում արաբների հանդեպ։ Նրանք նույնպես ստեղծում են իրենց համայնքները, զբաղվում քաղաքային տնտեսությամբ, մասնակցում երկրի մշակութային ու վարչաքաղաքական կյանքին։
Անդալուսի բնակչությունը շարունակում էր մնալ եռաշերտ՝ արիստոկրատիա, միջին խավ և ստրուկներ։ Խալիֆայության տարածքում իշխող դիրք է ձեռք բերում կալվածատեր վերնախավը, որը հայտնի էր որպես «հատուկ խավ» (արաբ․՝ خاصة)։ Դրանում հիմնական մասը կազմում էին Օմայյանները և նրանց մոտ կանգնած բարձրաստիճան զինվորականները։ Երբեմն պետական համակարգում կարևոր պաշտոններ կարող էին զբաղեցնել ոչ մուսուլման իսպանաբնակներ (մոսարաբներ և հրեաներ)։ Հրեաները Իսպանիայում կազմում էին բնակչության տասը տոկոսը, այսինքն՝ այնքան, որքան բերբերները։ Այդքանով հանդերձ, քրիստոնյաները և հրեաները պարտավոր էին պետությանը վճարել գլխահարկ՝ ջիզիա։ Նրանց իրավունքները ավելի քիչ էին, քան իսլամադավան արաբներինը կամ բերբերներինը։ Ստրուկների շարքերը համալրում էին մի քանի սլավոնական ցեղեր, որոնք Իսպանիա էին տեղափոխվել դեռևս վաղ միջնադարում՝ գոթերի հետ միասին։ Նրանց անվանումը՝ սլավոն (անգլ.՝ slave), ինքնին «ստրուկ» էր նշանակում։ Անդալուսում նրանք հայտնի էին որպես սակալիբա (գերմաներեն Sklave բառից՝ արաբ․՝ سقالبة)։ Նրանց էին դասվում նաև ֆրանկները և Աֆրիկայից տեղափոխված սևամորթները։ Այլ կերպ ասած՝ այդ խմբում էին ոչ տեղաբնիկ, ոչ էլ իշխող վերնախավի ներկայացուցիչ նորաբնակները։ Խալիֆի թիկնապահ գունդը բաղկացած էր այսպիսի սակալիբներից։
Մշակույթ և գիտություն
խմբագրելԿորդովան ալ-Անդալուսի ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև մշակութային ու գիտական կենտրոնն էր։ Խալիֆի ապարանքը գտնվում էր մայրաքաղաքի ծայրամասում։ Այն կառուցված էր արևելյան ճոխությամբ։ Կորդովայում գտնվում էր նշանավոր համալսարանը, որը առաջինն էր Եվրոպայում։ Այնտեղ դասավանդվում էին արաբերեն, լատիներեն, հին եբրայերեն։ Ուսանում էին աստվածաբանական, փիլիսոփայական ու պատմական տեքստեր, աշխարհագրություն, լեզվաբանություն ու բնական գիտություններ։ Այսօր պահպանվել է Կորդովայի մեծ մզկիթը։
Անդալուսյան պոեզիան ծաղկեց 10-րդ դարում՝ կապված Կորդովայի խալիֆայության տնտեսական և մշակութային վերելքի հետ։ Աբդ ալ-Ռահման III-ը հովանավորում էր գիտությունն ու մշակույթը, կառուցում բազմաթիվ դպրոցներ։ Հայտնի դարձան Կորդովայի համալսարանն ու խալիֆի գրադարանը։ Այս շրջանի ամենանշանավոր դեմքն է համարվում իբն աբդ-Ռաբբիհին, նաև ալ-Մութանաբբիի հետ համեմատվող Իբն Խանին, որին պատկանում են մոտ 60 կասիդաներ, հիմնականում սովորական ժանրային սխեմայով գրված մադհեր։ 11-րդ դարում Կորդովայի խալիֆայության անկումն ու Անդալուսում տայֆաների ձևավորման հետ մեկտեղ գրական կյանքի կենտրոններ են դառնում նաև Սևիլյան, Գրանադան և այլն։ Անդալուսյան գրականությունը հեռանում էր արաբական ավանդական ձևերից ու սյուժեներից և հակվում դեպի տեղական «իսպանական թեմաները»։
Խալիֆայության տնտեսությունը բազմաբնույթ էր և զարգացած։ Դրանում ուրույն տեղն ուներ առևտուրը։ Հյուսիսային Աֆրիկայի իսլամադավան պետությունները ալ-Անդալուսի հետ կապվում էին Միջերկրական ծովով։ Արտադրվում էին տեքստիլ, կերամիկա, ապակե ու մետաղե իրեր։ Արաբները Պիրենեյան թերակղզի են բերում բազմաթիվ մշակաբույսեր, ինչպիսիք էին ձմերուկը, բանանը, բադրջանը, ցորենի կոշտ ցեղատեսակներ։ Ոռոգումն իրականացվում էր ջրանիվներով։
Տնտեսություն
խմբագրելԱնդալուսի բնակչության ավելի քան մեկ երրորդն ապրում էր քաղաքներում և բերդերի շուրջ։ Նրանց խայտաբղետ կազմը չէր սահմանափակվում միան արաբներով ու բերբերներով. մեծ տոկոս էին կազմում քրիստոնեադավան հռոմեացիների ժառանգները և հուդայադավան իսպանացիները։ Նշանավոր քաղաքներից էին Մալագան (արաբ․՝ مالقة), Խաենը (արաբ․՝ خاين), Տոլեդոն (արաբ․՝ طليطلة), Սևիլյան (արաբ․՝ إشبيلية), Սարագոսան (արաբ․՝ سرقسطة), Վալենսիան (արաբ․՝ بلنسية), Մուրսիան (արաբ․՝ مرسية) և այլն։
Արաբական Իսպանիայի տնտեսության շարժիչ ուժը արհեստագործությունն ու առևտուրն էին։ Քաղաքներում զարգացող արհեստների համար անհրաժեշտ հումքը ձեռք էր բերվում շրջակա գյուղերից, իսկ գյուղերում անհրաժեշտ էր քաղաքային արհեստագործական արտադրանքը։ Այդպես գյուղի ու քաղաքի միջև ձևավորվում էր աշխույժ առևտուր։ Խոշոր քաղաքներում բացվում էին կավագործական ու մետաքսագործական, ջուլհակների ու դարբինների և այլ արհեստանոցներ։ Մետաղամշակությունից առանձնանում են զինագործությունը և ոսկերչությունը, կիրառական արվեստներից՝ քանդակագործությունը և մանրանկարչությունը։ Անդալուսյան արտադրանքը մտնում է միջազգային շուկա։
Միջերկրական ծովին հարող շրջաններում իրականացվող առևտևում արաբներն ունեին որոշիչ դեր. նրանք կարողանում էին կապել քրիստոնեաբնակ Եվրոպան (Ֆրանկական թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն) Հյուսիսային Աֆրիկայի (Ֆաթիմյան խալիֆայություն) հետ։ Առևտուրն իրականացվում էր ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային ճանապարհներով։ Դրան օգնում էր նաև այն հանգամանքը, որ արաբների ձեռքում էին գտնվում ոչ միայն Բալեարյան, այլև Սիցիլիա, Սարդինիա և Կորսիկա կղզիները։ Վաճառականության գործում մեծ դեր ուներ հարկայաին համակարգը՝ դիվանը։ Դա խթանում է հարկահանությունը. հարստացող խալիֆները իրենց գումարների մի մասն ուղղում էին գիտության ու մշակույթի զարգացմանը։
Կորդովայի խալիֆներ
խմբագրելՍտորև ներկայացվում է Կորդովայի Օմայան խալիֆների ցանկը՝ հիմնադրումից մինչև անկում։
- Աբու Մուտարրիֆ Աբդ ալ-Ռահման III իբն Մուհամմադ ալ-Նասիր, ծ. 891 (912-961), 929 թվականին դարձավ խալիֆ
- Աբու ալ-Ղազի Հաքամ II իբն Աբդ ալ-Ռահման ալ-Մուսթանսիր, ծ. 914 (961-976)
- Աբու ալ-Վալիդ Հիշամ II իբն Հաքամ ալ-Մուայադ, ծ. 965 (976-1009, 1010-1013)
- Աբու ալ-Վալիդ Մուհամմադ II իբն Հիշամ ալ-Մահդի (1009 և 1010)
- Աբու Այյուբ Սուլեյման իբն Հաքամ ալ-Մուսթային (1009-1010 և 1013-1016)
- Ալի ալ-Նասիր (1016-1018)
- Աբդ ալ-Ռահման IV իբն Մուհամմադ ալ-Մուրթադա (1018)
- ալ-Կասիմ իբն Համմուդ ալ-Մամուն (1018-1021 և 1022-1023)
- Յահյա իբն Ալի ալ-Մութալի (1021-1022 և 1025-1027)
- Աբու Մուտարրիֆ Աբդ ալ-Ռահման V իբն Հիշամ ալ-Մուսթազհիր (1023-1024)
- Մուհամմադ III իբն Աբդ ալ-Ռահման ալ-Մուսթակֆի (1024-1025)
- Աբու Բաքր Հիշամ իբն Աբդ ալ-Ռահմանա ալ-Մութադդ, ծ. 975 (1027-1031)
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Մուսուլմանական Իսպանիան՝ որպես Արաբական խալիֆայության մաս (718-756), ինքնուրույն ամիրայություն (756-929), ավելի ուշ՝ ինքնիշխան խալիֆայություն (929-1031) հայտնի է նաև «ալ-Անդալուս» անվամբ։ Անդալուսիա բառը «վանդալիսիա» բառի աղավաղված տարբերակն էր, որով արաբները անվանում էին Պիրենեյան թերակղզին՝ այն համարելով վանդալների (բարբարոսների) տարածք։ 11-15-րդ դարերում մուսուլմանները կարողանում են իրենց իշխանությունը պահպանել միայն թերակղզու հարավային մասում, ապա՝ 1492 թվականից վերջնակապես արտաքսվում են։ Իսպանիայի հարավը այժմ միավորված է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը նույնպես կոչվում է ալ-Անդալուս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Reilly, Bernard F. (1993). The Medieval Spains. Cambridge: Cambridge University Press. էջ 84. ISBN 0521394368.
- ↑ Кордовский Халифат / Л. E. Куббель // Советская историческая энциклопедия։ в 16 т. / под ред. Е. М. Жукова. — М. ։ Советская энциклопедия, 1961-1976.
Գրականություն
խմբագրել- Айдын Ариф оглы Али-заде. Хроника мусульманских государств I-VII вв. Хиджры. — 2-е, испр. и доп. — М.։ Умма, 2004. — 445 с. — 5000 экз. — ISBN 5-94824-111-4.
- Альтамира-и-Кревеа Р. История Испании. Т. I. Сокр. перевод с исп. Е. А. Вадковской и О. М. Гармсен. Под ред. С. Д. Сказкина и Я. М. Света. Предисл. Я. М. Света. М., изд. Иностранной литературы, 1951.
- Крачковский И. Ю. Арабская культура в Испании. М.-Л., АН СССР, 1937.
- Куделин А. Б. Классическая арабо-испанская поэзия (конец X — середина XII веков). М., «Наука», 1973.
- Ланда Р. Г. В стране аль-Андалус через тысячу лет. М., «Наука», изд. фирма «Восточная литература», 1993.
- Леви-Провансаль Э. Арабская культура в Испании. Общий обзор Пер. с фр. Предисл. Н. А. Иванова. М., «Наука», 1967.
- Рыжов К. Все монархи мира. Мусульманский Восток VII-XV вв. — М.։ Вече, 2004. — 544 с. — 3000 экз. — ISBN 5-94538-301-5.
- Уотт У.М., Какиа П. Мусульманская Испания — М.։ Наука, 1976. — 199 с
Արտաքին հղումներ
խմբագրել- «Muslim Spain (711-1492)» ((անգլերեն)). BBC. 2016 թ․ մայիսի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Корсунский А, История Испании IX-XIII веков, Մոսկվա, «Высш. школа», 1976 — 239 էջ։
- Ислам в Испании и мусульманская наука Արխիվացված 2016-08-22 Wayback Machine
- Мусульманская Испания
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդովայի խալիֆայություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 645)։ |