Կրասնոսելսկի շրջան (ՀԽՍՀ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրասնոսելսկի շրջան (այլ կիրառումներ)
Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչական միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևելքում։ Սահմանակցում էր Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 697 քառ. կմ էր, բնակչությունը՝ 28 000 մարդ (1987), խտությունը՝ 40,6 մարդ։
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Կրասնոսելսկ |
Խոշորագույն քաղաք | Կրասնոսելսկ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 28 000 |
Խտություն | 40,6 |
Ազգային կազմ | Հայեր |
Տարածք | 697 (2,3 %) |
Հիմնադրված է | 1937-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Սյունիք |
Բնակավայրեր
խմբագրելԿրասնոսելսկի շրջանի կենտրոնը Կրասնոսելսկ քաղաքն էր։ Ուներ 1 քտա (Կրասնոսելսկ), 1 ավանային և 11 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
Պատմություն
խմբագրելԿրասնոսելսկի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Կրասնոսելսկի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ մտել է Երևանի կուսակալության, ապա՝ 17-18-րդ դարերում մտել է Երևանի խանության Գյոգչայի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Կրասնոսելսկը կազմել է Հայկական մարզի, ապա՝ Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Կրասնոսելսկի շրջանը Դիլիջանի գավառի Կրասնոսելսկի գավառամասն էր, 1930-37 թվականներին՝ Իջևանի շրջանի մասը։
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Ճամբարակի սուրբ Աստվածածին եկեղեցին, կիկլոպյան ամրոցը և այլն։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1938 թվականին։ 1987 թվականին կար 68 սկզբնական կուսակցական և 89 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Բարեկամություն» շրջանային թերթը։
Ռելիեֆ և կլիմա
խմբագրելԿրասնոսելսկի շրջանը գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևելքում, 1500-2800 մ բարձրության վրա, Միափորի, Արեգունու, մասամբ Սևանի լեռնաշղթաների արմ․ լանջերին։ Ընդգրկում է նաև Գետիկի հովիտը։ Տարածքի մի մասը (Արծվաշեն գյուղ) գտնվել է Ադրբեջանական ԽՍՀ սահմանում։ Մակերևույթը լեռնային է՝ կտրտված Գետիկ գետով ու նրա վտակներով։ Առավելագույն բարձրությունը 2993 մ է (Մուրղուզ լեռ)։ Կան քրոմի, գրանիտի, բազալտի, հրակայուն կավի հանքավայրեր։ Լանդշաֆտը լեռնաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է։
Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4 °C-ից մինչև -10 °C, հուլիսինը՝ 11- 17 °C, տարեկան տեղումները՝ 450-650 մմ, վեգետացիայի շրջանը՝ 100-130 օր։ Տարածքում են Գետիկի արգելավայրը և Արծվաշենի ջրամբարը։ Գործում են Ջիլի, Արծվաշենի, Գյոլքենդի, Գետիկի ջրհան կայանները։
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունը, կարտոֆիլագործությունը, ծխախոտի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակումը, գյուղատնտեսական հումքը մշակող և թեթև արդյունաբերությունը։ Կար 16 սովետական, 2 անտառային տնտեսություն, անասունների բտման 2 միջտնտեսային և 5 արդ․ ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Կրասնոսելսկի գլխավորող պանրագործարանը, տեղական արդյունաբերության ձեռնարկությունները, Շորժայի հրակայուն աղյուսի գործարանը, «Հայգորգ» արտադրական միավորման Արծվաշենի մասնաճյուղը։ Ավտոճանապարհների երկարությունը 165 կմ էր, երկաթուղին՝ 35 կմ։ Ուներ կապի հանգույց՝ 17 բաժանմունքով։
1986-87 ուսումնական տարում գործում էր 17 միջնակարգ, 5 ութամյա, 1 երաժշտական, 1 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին կար 2 հիվանդանոց, 3 ամբուլատորիա, 24 մշակույթի տուն և ակումբ, 24 գրադարան։ Կրասնոսելսկում գործում է Բորյան եղբայրների տուն-թանգարանը։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 680)։ |