Կրկնակի աստղ
Կրկնակի աստղեր, փոխադարձ ձգողության ուժերի ազդեցությամբ ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը էլիպսային ուղեծրերով պտտվող դինամիկական համակարգեր, որոնք կոչվում են ֆիզիկական կրկնակի աստղեր։ Իրարից տարածականորեն հեռու գտնվող, բայց պատահականորեն (և ժամանակավորապես) երկնքում իրար մոտ գտնվող աստղերը կոչվում են օպտիկական կրկնակի աստղեր և որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում։ Ֆիզիկական կրկնակի աստղերը ըստ հայտնաբերման եղանակի բաժանվում են երեք դասի՝ վիզուալ, խավարուն, սպեկտրային։
Վիզուալ կրկնակի աստղերի ուղեծրի հարթությունը գրեթե ուղղահայաց է տեսագծին։ Երկարատև դիտումների հիման վրա կառուցվում են դրանց հարաբերական ուղեծրերը։ Որոշվում են ուղեծրերի տարբեր պարամետրերը, այդ թվում մեծ կիսառանցքը, սեղմվածությունը, ուղեծրի հարթության թեքվածությունը տեսագծի նկատմամբ։
Խավարուն կրկնակի աստղերի ուղեծրի հարթությունը գրեթե համընկնում է տեսագծի հետ։ Ուղեծրային շարժման հետևանքով դիտվում է բաղադրիչների մեկընդմեջ խավարում՝ մեկը մյուսին ծածկելու միջոցով։ Բաղադրիչների գումարային պայծառության մեջ ժամանակի ընթացքում դիտվում են մաքսիմումներ (երբ բաղադրիչներն իրար չեն ծածկում) և տարբեր խորության մինիմումներ (երբ տարբեր պայծառության բաղադրիչները հաջորդաբար ծածկվում են մեկը մյուսով)։ Խավարուն կրկնակի աստղերի դիտումների հիման վրա հնարավոր է որոշել բաղադրիչների հարաբերական չափերը, նրանց էֆեկտիվ ջերմաստիճանների հարաբերությունը, իսկ երբեմն նույնիսկ բաղադրիչների ձևերը։
Սպեկտրային կրկնակի աստղերը հայտնաբերվում են դրանց սպեկտրներում դիտվող սպեկտրային գծերի պարբերական տատանումներով կամ երկատմամբ։ Բաղադրիչների ուղեծրային շարժման (որի ընթացքում բաղադրիչներից մեկը մոտենում է մեզ, իսկ մյուսը հեռանում) և Դոպլերի էֆեկտի շնորհիվ սպեկտրային գծերը շեղվում են դեպի սպեկտրի մերթ կարճալիք, մերթ երկարալիք մասը։ Եթե ստացվում են և՛ մեկ, և՛ մյուս բաղադրիչ աստղերի սպեկտրները, ապա փոփոխվում են դրանցում դիտվող միևնույն սպեկտրային գծերի փոխադարձ հեռավորությունները։ Իսկ եթե ցածր պայծառության պատճառով բաղադրիչներից մեկի սպեկտրը չի դիտվում, ապա իրենց անշարժ դիրքի նկատմամբ տատանումներ են կատարում պայծառ (գլխավոր) բաղադրիչի սպեկտրային գծերը։ Այն դեպքում, երբ սպեկտրային կրկնակի աստղը միաժամանակ խավարուն կրկնակի է (տեսագծի հետ ուղեծրի հարթության կազմած անկյունը շատ փոքր է), սպեկտրային գծերի տատանումները տեղի են ունենում այն նույն պարբերությամբ, ինչ պայծառության փոփոխությունները։ Տեսագծային արագությունների ժամանակից կախված փոփոխությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշել բաղադրիչների շրջապտույտի պարբերությունները, ուղեծրերի ձևը։ Երբ ուղեծրի հարթության և տեսագծի կազմած անկյունը հավասար է զրոյի, սպեկտրային գծերի ամենամեծ շեղման միջոցով ուղեծրի երկու տրամագծորեն հակադիր կետերում որոշվում է զանգվածների կենտրոնի նկատմամբ բաղադրիչների շարժման լրիվ արագությունը։
Կրկնակի աստղերի բաղադրիչների շարժումները նկարագրվում են Կեպլերի օրենքներով։ Դիտումներից որոշելով բաղադրիչների հարաբերական շարժման ուղեծիրը՝ Կեպլերի երրորդ ընդհանրացրած օրենքի հիման վրա որոշվում է բաղադրիչների զանգվածների գումարը։ Եթե հայտնի է նաև զանգվածների կենտրոնի նկատմամբ բաղադրիչների շարժման ուղեծրերի կիսառանցքային հարաբերությունը, որը կախված է զանգվածների հարաբերությունից, ապա կարելի է որոշել նաև բաղադրիչների զանգվածներն առանձին-առանձին։ Կրկնակի աստղերի ուսումնասիրությունը չափազանց կարևոր է աստղերի առաջացմանն ու զարգացմանը վերաբերող կոսմոգոնիական հարցերն ըմբռնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 695)։ |