Կրոլ
Կրոլ (անգլ.՝ crawl, բառացի՝ սողալ), մարզական լողաձև, որի դեպքում հիմնական առաջ մղիչ ուժը ձեռքերով հրումներն են։ Ժողովրդական թևալողի կատարելագործված տարատեսակն է։ Լինում է՝ Կրոլ կրծքի վրա և Կրոլ մեջքի վրա։ Կրծքի վրա Կրոլը լողի ամենաարագ ձևն է։ Լողալիս մարմնի դրությունը ջրում առավել հորիզոնական է, ձեռքերը կատարում են իրար հաջորդող, փոփոխական և համանման շարժումներ, ոտքերը շարժվում են վերից վար և վարից վեր, փոքր-ինչ ծալվելով ծնկային և կոնք-ազդրային հոդերում։ Շնչառման համար լողորդը դեմքը թեքում է կողմ, այնուհետև շրջում դեպի ջուրը, կատարում արտաշնչում։ Ձեռքերի մեկական շարժումներին համապատասխանում է ոտքերի 6 հարված։ Մեջքի վրա Կրոլ լողալու տեխնիկան հիմնականում նույնն է։ Շնչառությունն ազատ է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 696)։ |